Լրահոս
Օրվա լրահոսը

Դոկտորանտուրայում անելիքները շատ են

Մայիս 21,2014 13:40

Վերջերս կարծես ատենախոսությունների պաշտպանական գործընթացին եւ որակին սկսվեց առավել լուրջ ուշադրություն դարձվել: Կտրուկ աճեց ՀՀ ԲՈՀ-ի կողմից կրկնական պաշտպանության ուղարկված ատենախոսությունների քանակը, կատարվեցին մասնագիտական ծածկագրերի վերանայումներ: Սակայն, չեմ կարծում, որ այդ կոսմետիկ հնարքներով կբարձրացնենք ատենախոսությունների որակը, քանի որ չափազանց հեռու ենք կանգնած հետբուհական կրթական իրատեսական համակարգից եւ դեռեւս լուրջ բարեփոխումների չեն գնում:

Ատենախոսությունների որակի ապահովման հիմնախնդրի լուծմանը խոչընդոտում է դեռեւս Խորհրդային Միությունից ժառանգած ասպիրանտական կրթությունը, որի հիմնական խնդիրն անցյալում հետազոտական թեզերի պաշտպանությունն էր: Սակայն, ներկայիս միջազգային պրակտիկայում դոկտորանտուրան որակյալ ատենախոսություններից առավել արժեւորում է որակյալ մասնագետների պատրաստումը, որոնք գիտություն չեն զարգացնում «հանուն գիտության» եւ գիտական նորույթները չեն թողնում «թղթի» վրա: Դոկտորանտուրայի շրջանավարտը պետք է սովորի այնպիսի ուսումնական ծրագրով, որը հետազոտական մասից բացի, պարունակի ուսումնական կրթաբլոկ` ամրագրված ակադեմիական կրեդիտներով: Ներկայումս հանրապետությունում այդ գործընթացը կյանքի է կոչվել, սակայն իմ կարծիքով` զուտ ձեւական, եւ ոչ թե բովանդակային առումով:

Բոլոնյան գործընթացի շրջանակում ընդունված Զալցբուրգյան սկզբունքները հստակ նախանշում են, որ հետբուհական կրթության շրջանավարտը պետք է ունենա աշխատաշուկայի պահանջարկին հարիր հմտություններ, կարողանա կամրջել գիտությունը տնտեսության հետ, գործարար աշխարհում վաճառահանել գիտական մշակումները, ապահովել իր կարիերան ոչ թե դոկտորի կամ թեկնածուի դիպլոմով, այլ հետագա գիտագործնական շարունակական գործունեության արդյունքներով:
Ցավոք, մեր իրականությունում պատկերն այլ է: Ատենախոսությունների գործնական թիրախավորումները հիմնականում ձեւական են, եւ արդյունքում գիտական նորույթները չեն ծառայում տնտեսությանը եւ մնում են թղթի վրա: Այդ հարցում, առաջին հերթին հենց ատենախոսն է պասիվ դիրքորոշում ունենում, քանի որ իր հետազոտության բուն նպատակն է համարում գիտական աստիճանաշնորհման դիպլոմի ձեռքբերումը, եւ ոչ ավելին: Եվ ստացվում է այնպես, որ թեզի պաշտպանությունից հետո, որպես կանոն, կամ լիովին ընդհատվում է ասպիրանտի գիտական գործունեությունը, կամ էլ գիտության բնագավառում նախկին հետազոտողները պասիվ կեցվածք են ընդունում` համարելով իրենց գործն ավարտված թեզի պաշտպանությամբ եւ հետամուտ չլինելով գիտական մշակումների ներդրմամբ:

Ստեղծված իրավիճակին նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ հետբուհական կրթության տարիներին ասպիրանտների հետազոտությունները հիմնականում գիտական պրոյեկտներից դուրս են մնում, որպես կանոն, բացակայում է թիմային հետազոտական աշխատանքը, անգործունակ է դառնում հետազոտողի շարժունության համակարգը, բուհերը չեն համարվում լուրջ հետազոտական կենտրոններ եւ պատվերներ չեն ստանում գործարար աշխարհից: Մեր իրականությանը հակառակ, Արեւմուտքում դոկտորանտուրան առաջին հերթին ենթադրում է գործարար աշխարհից թեմատիկ պատվերների իրականացում, երբ հետազոտողը գիտական թեմա է ընտրում ոչ թե հանուն աստիճանաշնորհման, այլ՝ գիտության առաջընթացի: Արդյունքում գրվում է որակյալ ատենախոսություն, որի արդիականությունը եւ գիտագործնական նշանակությունն արդեն իսկ համոզիչ են դառնում թեմատիկ աշխատանքների պատվիրատուի տեսանկյունից, որոնք վճարում ու ձեռք են բերում գիտական մշակումները եւ ներդնում տնտեսության ոլորտ:

Ուրեմն ժամանակն է, որ մեր դոկտորանտուրան հրաժարվի ասպիրանտական կրթության ավանդույթներից եւ թեւակոխի Բոլոնյան գործընթացի բարեփոխումների փուլ, որը ենթադրում է միջբուհական միացյալ դոկտորական ծրագրերի իրականացում, գործարար աշխարհի հետ սերտ համագործակցություն, հետազոտողների շարժունություն գիտական նվաճումների վաճառահանում, ակադեմիական ազատությունների ընդլայնում, աստիճանաշնորհում ստացած անձանց գիտական գործունեության չընդհատվող հետագծի առկայություն: Եվ հետեւաբար, տեղին է հաշվի առնել այն կարգախոսը, ըստ որի՝ «դոկտորանտուրայում որակյալ հետազոտական թեզերից առավել կարեւոր է որակյալ հետազոտողների պատրաստումը»:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր,
պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031