Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոռացված լինելու իրավունքը» շրջադարձային կդառնա համացանցի եւ համացանցից օգտվողների համար

Մայիս 21,2014 14:54

Համացանցի եւ հատկապես «Գուգլ» որոնողական համակարգի գոյությունից ի վեր մարդիկ սովոր են, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվում: «Գուգլը» պահում-պահպանում է երբեւէ համացանցում հայտնված ցանկացած տվյալ, եւ եթե անգամ լրատվական կայքերը ջնջում են որեւէ հոդված իրենց էջից, «Գուգլը», միեւնույն է, պահպանում է այն:
Սակայն 2014թ. մայիսի 13-ին Եվրամիության երկրների դատական բարձրագույն ատյանը՝ Լյուքսեմբուրգում տեղակայված Եվրամիության դատարանը (ԵԴ-ն՝ Court of Justice of the European Union), որի որոշումները տարածվում են ԵՄ անդամ բոլոր երկրների վրա (չշփոթել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի հետ, որը Եվրոպայի խորհրդի բարձրագույն դատարանն է), ընդունեց C-131/12 որոշումը, որը բազմաթիվ փորձագետների գնահատմամբ՝ շրջադարձային է համացանցի եւ տվյալների պաշտպանության ոլորտում, քանի որ, ինչպես վերը նշեցինք, այդ դատարանի որոշումները պարտադիր եւ նախադեպային են Եվրամիության բոլոր երկրների համար:

Ինչի՞ մասին է խոսքը: 2010թ. Իսպանիայի քաղաքացի Մարիո Կոստեխա Գոնսալեզը դիմեց Իսպանիայի Տվյալների պաշտպանության գործակալություն (Spanish Data Protection Agency, the AEPD)` ընդդեմ La Vanguardia պարբերականի, որը Իսպանիայում բավականին մեծ տպաքանակ ունի, եւ ընդդեմ «Գուգլի» իսպանական գրասենյակի՝ Google-Spain-ի՝ պահանջով, որ պարբերականն իր կայքից հեռացնի 1998թ. իր էջերում տեղ գտած մի լրատվություն, որում Գոնսալեզի անձնական տվյալներն էին հրապարակված, կամ գոնե տեխնիկապես անհնար դարձնի այդ տվյալների ի հայտ գալը որոնողական համակարգերում: Խոսքը անշարժ գույքի աճուրդի հայտարարության մասին է՝ կապված Գոնսալեզի՝ հարկային պարտքերի հետ: Խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ «Գուգլի» որոնողական համակարգով փնտրվում է պարոն Գոնսալեզի անունը, ի հայտ է գալիս այդ հրապարակումը, որում առկա տվյալներն այլեւս արդիական չեն՝ Գոնսալեզը վաղուց մարել է իր հարկային պարտավորությունները: AEPD-ը մերժել էր Մարիո Գոնսալեզի հայցը՝ նշելով, որ հրապարակումն օրինական է եղել (տվյալների պաշտպանության գործակալությունները տարբեր երկրներում տվյալների հատկապես անօրինական հրապարակման եւ օգտագործման դեմ են պայքարում), բայց նաեւ դիմել էր Google Spain-ին՝ խնդրանքով, որ տվյալների բազայից հեռացնեն Գոնսալեզի անձնական տվյալները եւ անհնար դարձնեն դրանց հետագա հասանելիությունը:

Բնականաբար, «Գուգլի» իսպանական գրասենյակը չէր համաձայնվել այս որոշման հետ եւ գնացել էր իսպանական դատարան, ապա հասել ԵԴ:

Եվ ահա ԵԴ-ն որոշում է ընդունել, որը համատարած անվանում են «մոռացված լինելու իրավունքի» մասին որոշում: Ըստ այդմ, մասնավոր, ոչ հանրային անձանց Եվրոպայում տրվում է որոնողական համակարգերի օպերատորներին դիմելու եւ իրենց վերաբերյալ անձնական տվյալները այդ համակարգերից հեռացնելու իրավունք, եթե, իհարկե, չկան օբյեկտիվ պատճառներ՝ մերժելու այդ խնդրանքը: «Օբյեկտիվ պատճառների» մեջ նշվում է դիմող անձի՝ հանրային դեմք լինելը կամ այդ տվյալների՝ հանրային կարեւորություն ներկայացնելը:

Ինչ խոսք, ինչպես «Գուգլը», այնպես էլ բազմաթիվ շահագրգիռ անձինք եւ կազմակերպություններ հիասթափված են ԵՄ դատական բարձրագույն ատյանի այս որոշումից՝ համարելով, որ այն կարող է դառնալ բազմաթիվ խնդիրների պատճառ՝ դատարանները կլցվեն իրենց վերաբերյալ տվյալները որոնողական համակարգերից հանելու հայցերով, որոնողական համակարգերից հեռացնելու պահանջներ կդրվեն խիստ կարեւոր տվյալների համար եւ այլն, եւ այլն:

Մայիսի 14-16-ը Պրահայում կայացած «Տեղեկատվական անվտանգությունը, տվյալների պաշտպանությունը եւ ազատությունը համացանցում» թեմայով սեմինարի ժամանակ, որը Արեւելյան գործընկերության երկրների փորձագետների եւ լրագրողների համար կազմակերպել էր Եվրահանձնաժողովը՝ Շվեդիայի եւ Չեխիայի արտաքին գործոց նախարարությունների հետ համատեղ, բազմիցս խոսվեց ԵԴ այս որոշման մասին: Քննարկումների ժամանակ մեր եվրոպացի գործընկերները նույնպես զերծ չէին մնում իրենց տարակուսանքը եւ առնվազն մտահոգությունը հայտնելուց ԵԴ այդ որոշման կապակցությամբ: «Անշուշտ, բաներ կան, որ պետք է մոռացվեն: Սակայն ինչպե՞ս եւ ո՞վ պետք է որոշի՝ ինչն իրավունք ունի մոռացվելու, իսկ ինչը՝ ոչ: Դա շատ լուրջ խնդիր է, որը լուծելու համար մեծ ջանքեր եւ ժամանակ է պետք: Յուրաքանչյուր գործ, յուրաքանչյուր հայց առանձին պետք է նայվի, եւ համապատասխան լուծում գտնվի»,- «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Եվրադատարանի որոշումը՝ ասաց Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Յոհան Հալլենբորգը:

Մեր հարցին՝ բայց չէ՞ որ ԵԴ որոշումները պարտադիր են ԵՄ անդամ երկրների համար, նա պատասխանեց՝ ԵԴ որոշման մեջ գրված է, որ յուրաքանչյուր գործ պետք է առանձին քննվի, եւ եթե դատարանը որոշի, որ կան օբյեկտիվ պատճառներ, որոնք անհնարին են դարձնում այդ տվյալների ոչնչացումը, ապա դրանք չեն ոչնչացվի: Այս որոշմամբ ԵԴ-ն ընդամենը մարդկանց տվել է «մոռացված լինելու» իրավունք եւ այդ իրավունքով որոնողական համակարգերին դիմելու եւ հենց որոնողական համակարգերից տվյալները հեռացնելու պահանջով դիմելու հնարավորություն:

Ի դեպ, նկատենք, որ այս որոշումից «Գուգլի» դժգոհության հիմնական պատճառն այն էր, որ «Գուգլը» որոնողական համակարգ է, որը զուտ տեխնիկական աշխատանք է տանում եւ որեւէ պատասխանատվություն չի կրում այն բովանդակության համար, որը կրում է որոնված եւ գտնված տվյալը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031