Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայիս վարչապետը գերազանցել է Տիգրան Սարգսյանին աճպարարության հմտություններով»

Մայիս 21,2014 14:41

Արարատ Մկրտչյանը Հովիկ Աբրահամյանի գործունեության մեջ մեծ
եւ անսահման պոպուլիզմ է տեսնում

«Ինձ շատ զարմացրեց այս կառավարության եւ նրա ծրագրի նկատմամբ նախագահի անտարբերությունը»,- «Առավոտի» հետ զրույցում նման դիտարկում արտահայտեց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը: Իր զարմանքի պատճառը մեր զրուցակիցն այսպես հիմնավորեց. «Երբ 2013 թվականին նախագահական ընտրություններն ավարտվեցին, եւ մայիսին ձեւավորվեց նոր կառավարությունը, կառավարության ծրագրի ընդունումից առաջ ՀՀ նախագահը հանդիպեց նոր կառավարության անդամների հետ եւ հանդես եկավ շեշտադրումներով, թե ինչ խնդիրների վրա պետք է կառավարությունն ուշադրություն դարձնի, ինչ ծրագրային մոտեցումներ ամրագրի: Սերժ Սարգսյանը, մասնավորաբար, հետեւյալ ձեւակերպումը հնչեցրեց՝ «…այսուհետ մեք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության եւ սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ, հարցնելու ենք ոչ թե ի՞նչ է արվել, այլ արվածն ի՞նչ արդյունք է տվել: Եվ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի»: Սակայն նույնը մենք չտեսանք այս կառավարության հետ կապված. կառավարությունը հրատապ նիստ արեց, արագ-արագ ծրագիրը հաստատեց եւ ուղարկեց խորհրդարան: Ի՞նչ ուղերձներ ուներ ՀՀ նախագահը այս կառավարությանն ու նրա ծրագրին ուղղված՝ հանրությունը չտեսավ»:
Արդեն կառավարության ծրագրին անդրադառնալով, որն այսօր կքննարկվի խորհրդարանում, Արարատ Մկրտչյանը նկատեց, որ այն գրեթե ամբողջությամբ կրկնում է Տիգրան Սարգսյանի կառավարության փաստաթուղթը. «Ծրագիր չասեմ, որովհետեւ նա էլ ծրագիր չէր՝ իր բովանդակությամբ եւ դասական ձեւակերպմամբ: Ծրագիրը պետք է լինի շաղկապված միջոցառումների համալիր, որի իրականացման միջոցով կարելի է հասնել նպատակների իրականացման, խնդիրների լուծման: Նման բան մենք չենք տեսնում: Այս փաստաթուղթն ամբողջությամբ ոլորտային բարի ցանկությունների մակարդակով, պոպուլիզմով շաղախված մի փաստաթուղթ է: Եթե փորձենք ըստ ոլորտների դիտարկել, որեւէ տրամաբանական կապ չկա: Առանձին ոլորտային բարի ու մեծ ցանկություններ են, որոնց իրականացման, նպատակներին հասնելու ճանապարհի մասին գրեթե խոսք չկա: Նշված չէ, թե ինչ ֆինանսական միջոցներ են այս կամ այն ենթածրագրի համար հատկացվելու, աճ կամ նվազում նախատեսվելո՞ւ է եւ այլն: Մինչդեռ խոստումներն անսահման են: Ողջ ծրագրում ոչ մի չափելի, գնահատելի, կշռելի ցուցանիշ գոյություն չունի, հետեւաբար այդ ծրագիրն անհնար է իրականացնել, գնահատել՝ չունենալով համապատասխան գնահատման ցուցիչներ»: Նկատենք, որ նախորդ ծրագրի հետ համեմատած՝ այստեղ երեք թիվ կա ընդամենը՝ 5% տնտեսական աճ, 2017 թվականին 65 հազար դրամ նվազագույն աշխատավարձ եւ աղքատության կրճատում 10%-ով: Անգամ եղած սուղ թվային ցուցիչները մեր զրուցակիցն իրատեսական չի համարում, քանի որ դրանց աղբյուրները չկան:

Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարության ծրագիրը պետք է իրատեսական լինի: Արարատ Մկրտչյանը համարում է, որ նոր ներկայացված ծրագիրը «միանգամայն իրատեսական է», քանի որ չափելի ցուցիչներ չկան. «Վարչապետն այս ճանապարհով, հավանաբար, փորձում է իր խոստումը կատարել՝ դուք ամբողջությամբ «մաքրում» եք ծրագիրը չափորոշիչներից, եւ եթե դրանք չկան, բնականաբար, այն կկատարվի: Սա վարչապետի եւ նրա թիմի կողմից աճպարարության բավականին վառ օրինակ է»: Դիտարկմանը՝ Տիգրան Սարգսյանն ու իր թի՞մն էին ավելի լավ աճպարարներ, թե՞ Հովիկ Աբրահամյանը՝ իր թիմով, Արարատ Մկրտչյանն արձագանքեց. «Ներկայիս վարչապետը աճպարարության հմտություններով գերազանցել է Տիգրան Սարգսյանին»: Ապա համեմատական զուգահեռներ տանելով՝ ասաց, որ նախորդի համեմատ՝ այս փաստաթղթում «պոպուլիզմի դոզան» ավելի բարձր է. «Հետեւողականորեն իրականացնելու ենք», «ապահովվելու է», «հատուկ կարեւորվելու է», «շարունակվելու է» եւ այլ ականջահաճո ձեւակերպումների պակաս չկա, բայց դրանք ծրագրային չեն, եւ սա ինձ մոտ տպավորություն է ստեղծում, որ այդ փաստաթուղթը որեւէ կուսակցության նախընտրական ծրագիր է: Նաեւ նման բաներն են մտահոգություններ առաջացնում՝ ընդհանրապես այս փաստաթուղթն ազդեցություն ունենալո՞ւ է հանրության կենսակերպի, տնտեսության զարգացման վրա: Ես շատ մեծ հարցականով եմ վերաբերվում դրան»: Արարատ Մկրտչյանն «ականջ շոյող» եւ անհասկանալի է համարում նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կառավարության անդամների ներկայացման ժամանակ, որոնք երեքական նշանակվում էին երկարուձիգ 20 օր, ու ողջ հանրությունը զբաղված էր այդ ինտրիգով, արած արտահայտությունները. «Պիտի փորձի, կփորձի»: «Փորձել չի, յուրաքանչյուր նախարար կառավարություն պիտի գար իր ծրագրով, դրանք պետք է համախմբվեին, համակարգվեին եւ վերջնական տեսքով ներկայացվեին խորհրդարանին: Չե՞ն ունեցել այս մարդիկ ծրագիր, որ 90 տոկոսով կրկնել են նախորդ կառավարության ծրագիրը»,- իր վրդովմունքն արտահայտեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ այդ դեպքում կարելի էր նախորդ կառավարությանը չփոխել, միգուցե հաջողություն ունենար: Մեր զրուցակցին մնում է հեգնական առաջարկ անել՝ սահմանադրական փոփոխություններով փաստել, որ երկու կառավարություն պետք է ունենանք՝ ծրագիր գրող եւ ծրագիր իրականացնող. «Չգիտեմ՝ իրականացնելո՞ւ են, թե՞ ոչ, բայց փորձելու են…»:

Թեեւ տրված ընդհանրական գնահատականները վերաբերում են կառավարության ծրագրի բոլոր ոլորտներին, մեկ կոնկրետ՝ առողջապահության ոլորտի մասով նախկին նախարարը նկատում է, որ նախորդ ծրագրի համեմատ փոքր-ինչ փոփոխություն է կատարվել հանրային առողջապահության հետ կապված. «Բայց ցավալի է, որ նոր նախարարը նոր ծրագրով հանդես չի եկել: Չգիտեմ՝ դա վարչապետի՞, թե՞ նախագահի հանձնարարությունն է՝ նախորդ ծրագիրը չփոփոխել: Այսինքն՝ նոր նախարարը ծրագիր չունի: Գալիս ենք այդ հետեւության: Եթե կան նախարարներ, որոնք շարունակում են պաշտոնավարել՝ հասկանալի է, բայց նոր նախարարները պետք է նոր շունչ բերեին կառավարություն եւ իրենց մոտեցումները ծրագրում ամրագրեին: Առողջապահության ոլորտում էլ բազմաթիվ խոստումների շարան կա, որոնց լուծման տարբերակներն ամրագրված չեն: Այսինքն՝ առողջապահության նախարարը ռիսկային խոստումների ծրագիր է ներկայացրել»: Մինչդեռ, ըստ նախկին նախարարի, առողջապահության ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի՝ սկսած օրենսդրական դաշտից: Հրատապ ընդունման օրենքներից նախկին նախարարը նշում է քաղաքացիների եւ բուժաշխատողների իրավունքների պաշտպանության մասին օրենքը, հանրային առողջության եւ առողջապահության մասին եւ մի շարք այլ օրենքներ: «Անցած տարի երկու կառուցվածքային փոփոխություն արվեց եւ պետական հիգիենիկ հակահամաճարակային ծառայությունից ստեղծվեցին երկուսը՝ մեկը հիվանդությունների դիտարկման եւ վերահսկման ֆունկցիա ունի, մյուսը՝ վերահսկողական: Բայց այս ծրագրում չի երեւում, թե այդ կառուցվածքային փոփոխություններն ինչ զարգացում պետք է ունենան: Չենք տեսնում համակարգի կառավարելիության խնդիրների լուծումը, բայց կառավարման լուրջ խնդիրներ կան»,- ասաց Արարատ Մկրտչյանը: Վերջերս մի առիթով մեր զրուցակիցն ասել էր, որ առողջապահության նախարարը չպետք է դառնա երկրի գլխավոր բժիշկը, քանի որ առողջապահության նախարարությունը պետք է զբաղվի բացառապես ոլորտային քաղաքականության մշակմամբ: Բայց նախկին նախարարի մոտ տպավորություն են ստեղծել, որ առօրեական աշխատանքը նոր նախարարին «կլանել եւ տարել է հանրապետության գլխավոր բժշկի ձեւավորման ուղղությամբ»:

«Առավոտի» դիտարկմանը՝ միգուցե վարչապետ Հովիկ Աբրահամյանն առավել պրակտիկ է փորձում հարցերին մոտենալ, ու թեպետ դրանք ծրագրում չեն երեւում, բայց իրականում կարող են լուծումներ ստանալ՝ նկատի առնելով նրա վերջին նախաձեռնությունները՝ խոշոր, ապա մանր ու միջին գործարարների հետ հանդիպումները, հարկային բեռի թեթեւացմանը միտված քննարկումները եւ այլն, Արարատ Մկրտչյանն այսպես արձագանքեց. «Վարչապետը եւ իր թիմը պետք է տեսլական ունենան, որն էլ արտահայտվում է ծրագրով: Այս փաստաթղթում այդ տեսլականը գոյություն չունի, հստակ չէ: Եթե կա էլ՝ նախորդինն է ու անորոշ է: Եթե մենք հստակ պատկերացում չունենք, թե ուր ենք գնում՝ դեպի ազատ շուկայակա՞ն, թե՞ մաքսայինի տիպի տնտեսություն: Օրինակ՝ վերջիններս՝ Բելառուսը, ՌԴ-ն եւ Ղազախստանը, բռնապետական երկրներ են, եւ եթե այդ ուղղությամբ ենք գնում, քանի որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին խոստացել ենք, ուրեմն այս ծրագրի բարի ցանկությունների մեծ մասն անմիջապես կարելի է մաքրել: Այս փաստաթղթում պիտի մաքսայինի շունչ լիներ: Ես չեմ տեսնում: Սա ազատական կառավարության գործունեության ցանկություններ են: Ի դեպ, եթե ադապտացնելու ենք առողջապահական ոլորտը ՄՄ երկրներին, ավելի վատն է լինելու մեր առողջապահությունը: Որովհետեւ եթե Մաքսային միության երկրներում առողջապահության համակարգը լավն է, մեր փառապանծ պաշտոնյաները իրենց առողջության խնդիրները կկարգավորեին Մինսկում, Մոսկվայում, Ալմա-Աթայում: Բայց հիմա եվրոպական երկրներում են բուժզննություն անցնում: Իսկ խորհրդակցությունների միջոցով հարկային եւ հատվածային խնդիրներ լուծելը, որ պարտավորվում ենք պիոներաբար, խոստանում ենք հարկեր վճարել՝ դա քաղաքակիրթ երկրին բնորոշ ձեւ եւ միջոց չէ: Դրանք, կարծում եմ, արդյունք չեն տալու: Նման փորձեր շատ են եղել: Պարզապես պետք է բոլորս օրենքի դաշտում գործենք: Այդպես չի լինում, որ մի օր արթնանանք ու ասենք՝ տղերք, եկեք էլ չգողանանք: Եթե կա օրենք, այն պիտի գործի, չի լինում, որ վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը, ու օրենքները սկսեն գործել: Բա նախագահն ո՞ւր մնաց: Ի դեպ, լավ կլիներ, որ այդ խորհրդակցությունը նախագահը հրավիրեր՝ հասկանայինք, որ երկրի առաջին դեմքը մտահոգ է… Մեծ ու անսահման պոպուլիզմ եմ տեսնում վարչապետի գործունեության մեջ: Պոպուլիզն ու նման աշխատելաոճը կարճ կյանք են ունենում»: Մեր զրուցակցին ապշեցրել է, որ Հովիկ Աբրահամյանի մոտ գործարարների հավաքին հրավիրված են եղել նաեւ մի քանի բուժհիմնարկների ղեկավարներ. «Այս երկրում շարունակում են առողջապահության համակարգը դիտարկել որպես ֆիսկալ խնդիր լուծող՝ հարկ վճարող համակարգ: Այս աբսուրդից պետք է ազատվել: Բոլոր երկրներում առողջապահության համակարգը շահույթ չհետապնդող է՝ բացի ԱՄՆ-ից: Դե, ԱՄՆ-ի հետ էլ եկեք չհամեմատվենք»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031