Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչ-անիմատորն առաջարկում է թատրոնը բեռնաթափել ծախսատար դեկորներից

Մայիս 21,2014 13:55

Անիմացիոն արվեստը՝ համակարգչային տեխնիկայի զարգացմանը զուգընթաց, առնչվում է արվեստի գրեթե բոլոր ոլորտների հետ: Վերջին շրջանում այն լայն կիրառություն է ստացել հատկապես բեմարվեստում (թատրոն, օպերա, բալետ) եւ իհարկե՝ «իրեն ծնունդ տվող» մուլտիպլիկացիայում:

«Առավոտի» հյուրը՝ ամերիկաբնակ նկարիչ-անմիատոր Գեւորգ Մուրադը, հայտնի անուն է «դրսում»: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ 2002թ. Ջուլիարդի համալսարանում կրթություն ստանալուց եւ այնտեղ իր արվեստը ներկայացնելուց անմիջապես հետո, համագործակցության առաջարկ է ստացել հռչակավոր արվեստագետներից, այդ թվում՝ «Brooklyn Rider» լարային քառյակից, թավջութակահար Յո-յո Մայից, ալտահար Քիմ Քաշքաշյանից: Համերգ-անիմացիաներով հանդես է եկել ամերիկյան «Մետրոպոլիտեն», «Lincoln Center», «Fine Arts», «Brooklyn», «Bronx» թանգարաններում, Հարվարդի համալսարանում, Ճապոնիայի «Nara» թանգարանում եւ այլուր:

Մեր հյուրը հայտնեց, որ իր տիկնոջ՝ դերասան, երգչուհի Անաիս Թեքերյանի վոկալ տրիոյի հետ համագործակցության արդյունքում ամերիկյան տարբեր նահանգներում անցյալ տարի հանդես են եկել Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ընդարձակ ծրագրով (Կոմիտաս, Սայաթ-Նովա, հայկական ժողովրդական երգեր)՝ ակապելլա երգեցողությունը զուգակցելով անիմացիայի հետ:

Գեւորգ Մուրադը պատմեց նաեւ, որ իր կնոջ առաջարկով շուրջ 5 տարի առաջ էլ սկսել է անիմացիան օգտագործել բալետային եւ օպերային արվեստում: Նկատենք, որ 21-րդ դարի սկզբին հարավաֆրիկացի նկարիչ-անիմատոր Ուիլյամ Քենթրիջը «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում անիմացիայի համատեղումով իրականացրեց Շոստակովիչի «Քիթը» օպերան: «Իբրեւ ներկայացում առաջին փորձս թատերարվեստում էր (2008թ.). տիկնոջս սցենարով իրական դեպքերի վրա գրված «Հանգուցավորված կծիկ» դրաման: Այստեղ Անաիսը ներկայացնում է իր ընտանիքի մեծ մայրերի՝ եղեռնից փրկված հայուհու եւ լատիշի կյանքի դաժան պատմությունը՝ եղեռն, Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներից մինչեւ իր ծնունդը: Այս բեմադրության հաջողությունը ինձ պարզապես դրդեց անդրադառնալ բալետային եւ օպերային ներկայացումներին: Համագործակցում եմ աշխարհահռչակ խորեոգրաֆ Մարկ Մորեսի բալետային խմբի հետ, իսկ օպերային ժանրում՝ առայժմ ամերիկյան ճանաչված «Song Fution» վոկալ անսամբլի հետ բեմադրում ենք հատվածներ դասական եւ ժամանակակից օպերային գրականությունից»,- ասաց մեր զրուցակիցը: Գեւորգ Մուրադը հավելեց նաեւ, թե մի բան է անիմացիան օգտագործել փոքր կտավի ստեղծագործություններում, այլ բան՝ մեծ. «Նկարիչ-անիմատորը պետք է տվյալ երկը լավ յուրացրած լինի, որովհետեւ նկարվող պատկերները սցենարին համահունչ ոչ թե րոպեների, այլ վայրկյանների ճշգրտությամբ սինխրոն պետք է երեւան էկրանին, հաջորդելով մեներգիչների, մենապարողների, կարճ ասած՝ դերասանների խաղին»: Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե գերնպատակ է դրել թատրոններն ազատել բեմանկարչությունի՞ց, արվեստագետը պատասխանեց. «Ստեղծագործական գործունեությանս սկզբում ազդվել եմ օպերաների դասական բեմադրություններից, եւ նպատակս է նվազագույն միջոցներով ստանալ ու ցուցադրել լիարժեք աշխատանք: Կարծում եմ, որ հաճախ թատրոններում, հատկապես օպերային, չափազանց մեծ գումարներ են պահանջվում դեկորների համար: Այդ ամենից կարելի է հեշտությամբ ազատվել անիմացիոն ձեւավորման շնորհիվ: Իմ պարագայում, աշխատանքիս 70%-ը նկարչությունն է, 30 %-ը՝ անիմացիան»:

Հետաքրքրվեցինք, թե հայրենիք այս այցը աշխատանքայի՞ն է, եթե այո, ապա ո՞ւմ հետ է համագործակցում: Գեւորգ Մուրադը նշեց, թե Հայաստանում առայժմ առաջին եւ միակ համագործակցությունը իրականացրել է Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի հետ 2 տարի առաջ՝ Լատվիայում եւ անցյալ տարի՝ Խաչատրյանի տուն-թանգարանում: «Պայմանավորվածություն էի ձեռք բերել Արեւմուտքում հայաստանցի ճանաչված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, այցելել Երեւան եւ ձեռնամուխ լինել նրա «Երկրորդ լուսինը» բալետի բեմադրման աշխատանքներին: Պարզվեց, որ գումարի հետ կապված խնդիր կա: Ես պատրաստ եմ սիմվոլիկ հոնորարով աշխատել, ինչը անհամեմատ կզիջի դեկորների համար պահանջվող գումարին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031