Երեւան քաղաքի բնակիչ, 1994 թվականին ծնված Սարգիս Խաչատրյանը հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2014 թ. հունվարի 13-14-ն ընդգրկված լինելով զորամասի օրվա վերակարգում, որպես ուսումնական վաշտի հերթապահ, ծառայողական դիրքով եւ կոչումով հանդիսանալով պետ, 2014թ. հունվարի 13-ի ժամը 21-ի սահմաններում զորամասի լսարանում զինվորական ծառայության պարտականությունների հետ չկապված`շարքային Գագիկ Մադոյանի հետ կատակելուն իր ստորադրյալ, նույն վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վարդանյանի կողմից միջամտելու պատճառով վրդովվել եւ բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` գրպանում եղած, որպես զենք օգտագործվող կենցաղային դանակով հարվածել է Վարդան Վարդանյանի որովայնի շրջանին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս:
Ըստ «Դատալեքս» կայքի՝ Սարգիս Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով («Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին(ենթակային)ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի(ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ, զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,առողջությանը թեթեւ կամ միջին ծանրության վնաս պատճառելով»): Ս. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը: Սույն քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ