Այսօր Շառլ Անզնավուրի անվան հրապարակում մի խումբ սիրիահայեր իրենց ձեռքի աշխատանքները՝ ուտելիքից մինչեւ ձեռագործ ներկայացրեցին Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում: Այցելուները ոչ միայն կարող էին գնել նրանց առաջարկած ձեռքի աշխատանքներն, այլ նաեւ հնարավորություն ունեին ծանոթանալ տարբեր ոլորտների սիրիահայ մասնագետների հետ:
Լրագրողների հետ ճեպազրույցում Հայկական կարմիր խաչ ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը նշեց, որ 2012 թվականից սկսած տարբեր միջազգային կառույցների միջոցով կարողացան կարգավորել Հայաստան եկած սիրիահայերի կենսական խնդիրները, սակայն նրանք գերադասել են իրենցից որպես օգնություն ստանալ գործիքներ.
Կարդացեք նաև
«Մեր հանդիպումների ժամանակ հաճախ մեր հայրենակիցները իրենց արժանապատիվ կեցվածքը պահելով ասում են՝ մեզ մի օգնեք ապրանքով եւ սննդով, տվե՛ք համապատասխան գործիքները, մենք ինքներս կկարողանանք ձեռք բերել մեր հանապազօրյա հացը»:
Պարոն Մնացականյանի խոսքերով՝ այդ է պատճառ է, որ իրենք օգնության ծրագիրն ընդլայնեցին եւ սիրահայերին տվեցին համապատասխան գործիքները, որպեսզի իրենք փոքր եւ միջին բիզնեսում իրենց առաջին քայլերը կատարեն եւ կարծում է, որ նրանց մոտ դա ստացվում է. «Նրանք, ովքեր այսօր իրենց հմտությունները կարողանում են հասցնել մեր հասարակությանը, վաղը կկարողանան անգամ փորձել իրենց տեղն ունենալ մեծ շուկայում»:
Ցուցահանդես-տոնավաճառին մասնակիցներից Յոլան Ռշտունին ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում ներկայացնում էր իր պատրաստած խմորեղենը: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Ռշտունին նշեց, որ Հայաստան է եկել 2012 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքից, Սիրիայում չի աշխատել՝ եղել է տնային տնտեսուհի եւ ոչ մի բանի կարիք չի ունեցել, սակայն Հայաստանի պայմանները ստիպեցին նրան աշխատել.
«Ես տանը նաեւ ճաշեր եմ պատրաստում ու վաճառում, հեռախոսով զանգում պատվիրում են: Հայաստանում շատ բաներ փորձեցի ես չստացվեց, վերջին անգամ ասացի փորձեմ թխվածքներ, ճաշեր պատրաստել, որը մի քիչ ստացվեց»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ