Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղերում WiFi են ապահովելու. Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը

Մայիս 20,2014 19:48

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագիրը եւ 2014-2017 թվականների անելիքները: Ըստ այս ծրագրի, Հովիկ Աբրահամյանը խոստանում է գյուղատնտեսության ոլորտում մի շարք ծրագրեր իրականացնել: Մասնավորապես, եթե այս ծրագիրն ընդունվի, Հայաստանի սահմանամերձ գյուղերում անլար (WiFi) ինտերնետ հասանելիություն են ապահովելու: Նախատեսվում է, որ 2015-ին լրացուցիչ շուրջ 340 սահմանամերձ եւ բարձր լեռնային գյուղական համայնքներում արդեն կապահովվի ինտերնետ հասանելիություն:

Ինչպես Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը եւս մտադիր չէ հրաժարվել հակակարկտային համակարգերի ծառայություններից, չնայած, որ դրանք Արմավիրի մարզում անցյալ տարի իրենց չարդարացրեցին: Կառավարության ծրագրով՝ շարունակաբար ներդրվելու են հակակարկտային ժամանակակից համակարգեր, եւ ընդլայնվելու է դրանց աշխարհագրությունը: Ծրագրում նաեւ նշված է, որ գյուղատնտեսության ոլորտում ապահո¬վագրական համակարգ պետք է ներդնեն: Հովիկ Աբրահամյանը խոստանում է խթանել զբոսաշրջությունը եւ Հայաստան կատարած զբոսաշրջային այցելությունների թիվը տարեկան առնվազն 5 տոկոսով բարձրացնել: Առաջիկա մի քանի տարիներին բազմաբնակարան շենքերը Հայաստանում անձնագրավորվելու են, ըստ ծրագրի, իսկ ապօրինի շինարարության դեմ պայքարը խստացվելու է:

Տրանսպորտի ոլորտում նախատեսվում է դեպի ՌԴ ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնել, նորացնել ու արդիականացնել հասարակական տրանսպորտը, այն մատչելի դարձնել հաշմանդամների եւ սակավաշարժուն խմբերի համար:

Ինչպես Տիգրան Սարգսյանի կառավարությունը, այս կառավարությունը եւս նշել է, թե հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար իրավունքներ եւ հնարավորություններ, մատչելի պայմաններ է ապահովելու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում:

Ուշագրավ է, որ առհասարակ կառավարության ծրագրի շատ հատվածներ տառացիորեն կրկնում են Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը: Նա նույնպես խոստացել էր, որ պետք է վերականգնեն հաշմանդամներին, պայքարեն կոռուպցիայի դեմ, կենսաթոշակառուների աղքատությունը նվազեցնեն եւ այլն:

Սակայն, ի տարբերություն նախորդ ծրագրի, Հովիկ Աբրահամյանը պետք է արցախյան պատերազմի ազատամարտիկների խնդիրները լուծի, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին աջակցության նոր ծրագրեր իրականացնի: Իսկ Տիգրան Սարգսյանը խոստացել էր զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային ապահովման հարցերը լուծել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031