Լրահոս
Օրվա լրահոսը

Միկոյանի արձանի տեղադրումը, նրա կերպարի փառաբանումը կարող է ընկալվել որպես ստալինյան ամբողջատիրական հասարակարգի դրական արժևորում

Մայիս 20,2014 19:42

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին

Ա. Միկոյանի արձանը տեղադրելու Երևանի ավագանու որոշման կապակցությամբ

Բաց նամակ

Ցանկանում ենք ՀՀ կառավարության ուշադրությունը հրավիրել 2014 թ. ապրիլի 30-ին Երևանի ավագանու՝Ա. Միկոյանի արձանի տեղադրման հետ կապված աղմկահարույց որոշման ընթացակարգային որոշ բացթողումների վրա, որոնք հնարավոր են դարձրել սխալ որոշման կայացումը: Հիշեցնենք, որ այն առաջացրել է ՀՀ քաղաքացիների անհամաձայնությունն ու վրդովմունքը (տե՛ս Հովիկ Աբրահամյանին մայիսի 7-ին ուղղված Բաց նամակի տակ 400-ից ավել ստորագրություններ, ստորագրահավաքը շարունակվում է):

Փառաբանելով ստալինյան վարչակարգում կարևոր դերակատարում ստանձնած գործչին՝ իսկ այդ նպատակին է ծառայելու տվյալ արձանի տեղադրումը, Հայաստանի Հանրապետությունը կարող է խայտառակվել տարբեր միջազգային ատյաններում։ Դրա առաջին ցուցիչներից է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու իրավացի խիստ քննադատությունը, քանի որ Ա. Միկոյանի ստորագրությունն է դրված նաև Կատինում հազարավոր լեհ սպաների, զինվորների և մտավորականների գնդակահարության որոշման տակ (տե՛ս հավելված 2)՝ մի իրադարձության, որը Լեհաստանում ընկալվում է որպես ցեղասպանություն: Հիշեցնենք, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը դեռևս 2009 թ., իր 18-րդ ամենամյա նստաշրջանի ընթացքում ստալինյան ամբողջատիրական վարչակարգը հավասարազոր է ճանաչել ֆաշիզմին և կոչ է արել ստալինիզմը դատապարտել նույնքան, որքան դատապարտելի է ֆաշիզմը:

Մեր կարծիքով, Երևանի ավագանու այս իսկապես խայտառակ որոշումը չեզոքացնելու առնվազն երկու ճանապարհ կա: Առաջինն այն է, որ Երևանի քաղաքապետարանը գիտակցի իր սխալը և նոր նիստ հրավիրի՝ այս որոշումը չեղյալ ճանաչելու համար: Երկրորդ հնարավորությունը՝ ՀՀ կառավարության և, մասնավորապես, Տարածքային կառավարման նախարարության կողմից այն չհաստատելն է, քանի որ, բացի անընդունելի բովանդակությունից, տվյալ որոշումը կայացվել է ընթացակարգային հետևյալ խախտումներով.

  1. Երևանի ավագանու անդամներին տրամադրված տեղեկատվական փաթեթը ներկայացրել է Ա. Միկոյանին միակողմանի՝ անտեսելով նրա գործունեության անընդունելի էջերը (հազարավոր մարդկանց մահվան դատապարտելու նախաձեռնությունները Հայաստանում, Իրկուտսկում, Կատինում, նրա մեղավորության ու պատասխանատվության աստիճանը ստալինյան վարչակարգի ձևավորման գործընթացում, Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ներառելու հարցում իր դերակատարումը, Հայոց ցեղասպանությանն ու Արևմտյան Հայաստանին առնչվող անընդունելի գնահատականները և, տե՛ս հավելված 2, 3): Կարելի է ասել, որ քաղաքապետարանը ոչ լիարժեք տեղեկատվություն է տրամադրել ավագանու անդամներին, ինչը նրանց հնարավորություն չի տվել ճիշտ կողմնորոշվելու քվեարկության ժամանակ:
  2. Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի զգուշացումը, որ նա դեմ է քվեարկելու, քանի որ տիրապետում է Ա. Միկոյանին վարկաբեկող փաստաթղթերի, որոնք փաստում են հազարավոր մարդկանց կյանքից զրկելու որոշումներում վերջինիս մեղսակցությունը, ցավոք, ավագանու միայն երեք անդամների համար դարձավ կողմնորոշիչ, և նրանք նույնպես դեմ քվեարկեցին։ Սակայն ավագանու մեծամասնության համար, պարզվեց, որ մարդասպանությունը բավարար պատճառ չէ չփառաբանելու հանցագործներին:
  3. Ա. Միկոյանի արձանի հետ կապված քաղաքապետարանի տեղեկատվական փաթեթը ոչ միայն միակողմանի է ներկայացնում այս վիճահարույց կերպարի գործունեությունը, այլև կազմված է անփույթ. այնտեղ սխալմամբ ներառված է Կ. Դեմիրճյանի գործունեությանն առնչվող մի պարբերություն, որը կապ չունի Ա. Միկոյանի հետ (տե՛ս կցված հավելված 4): Ընդունելով, որ սա ընդամենը շփոթմունք է, այնուամենայնիվ, փաթեթի այսպիսի տեսքով հրապարակումը, թերևս, խոսում է այն մասին, որ ավագանու ոչ մի անդամ առաջարկվածփաթեթին նույնիսկ չի էլ ծանոթացել՝ ներառյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում անունը նույն՝ սխալ պարունակող էջում է նշված: Այլապես, փաթեթըկազմողների ուշադրությունը կհրավիրվեր այս բացթողմանն ու այն, գոնե մինչև կայքում տեղադրելը, կուղղվեր: Այս դեպքում կասկածի տակ է դրվում քաղաքապետի, ավագանու և, մասնավորապես, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքի ամբողջ ընթացքն ու գործելաոճը:
  4. Ավագանու Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, խախտելով ՀՀ Երևանի քաղաքապետարանի մասին օրենքը, առանց բավարար հիմնավորման մայիսի 8-ին հրավիրված նիստը անցկացրել է փակ, նիստից հետո լրատվամիջոցներին պաշտոնական պարզաբանում չի տվել, մամլո ասուլիս չի անցկացրել՝ հանրությանը տեղյակ պահելու նիստում քննարկվող հարցերի բովանդակության, քվեարկության դրված հարցերի ճշգրիտ ձևակերպման և այդ քվեարկության արդյունքների մասին: Նիստի առանձին մասնակիցներից լրագրողների նախաձեռնությամբ վերցված կարճ հարցազրույցներն իրարամերժ տեղեկություն են պարունակում և չեն կարող համարվել բավարար կամ պաշտոնական տեղեկատվություն:
  5. Վերոնշյալ նիստում չի քննարկվել քաղաքացիների բաց նամակը՝ ուղղված ավագանու բոլոր անդամներին, այդ թվում՝ տվյալ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին՝ կապված Ա. Միկոյանի արձանը դնելու քաղաքապետարանի որոշմանը: Նամակը քաղաքապետարանին է հանձնվել նիստի նախորդ օրը՝ մայիսի 7-ին (տե՛ս նամակին կցված ծանուցագրի պատճենը, հավելված 5):

Ուստիև, ՀՀ կառավարությունից պահանջում ենք հարցը վերադարձնել Երևանի ավագանու վերանայմանը՝ պահանջելով առնվազն կազմել մասնագիտական խորհուրդ, ներառելով արհեստավարժ պատմաբանների, ովքեր իրենց հեղինակավոր խոսքը կասեն այս խայտառակ որոշման կապակցությամբ և կուղղորդեն ավագանուն՝ զերծ պահելով սխալ որոշում կայացնելու հերթական վտանգից: Հատկապես արժե հաշվի առնել այն հանգամանքը, որ տիտղոսակիր բազմաթիվ պատմաբաններ իրենց վերաբերմունքն արդեն հրապարակավ արտահայտել են վերոհիշյալ բաց նամակը ստորագրելով, ինչպես նաև  սփյուռքահայ անվանի պատմաբաններ (ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի պատմության դասախոս դոկտոր Արա Սանջյանը, և պատմությանն առնչվող մասնագիտական կառույցների մի շարք ղեկավարներ (այդ թվում՝ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ԵՊՀ-ի Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը) առիթ են ունեցել իրենց բացասական դիրքորոշումը հայտնել տարբեր լրատվամիջոցներով:

Այսպիսով, հաշվի առնելով, որ քննարկվող հարցի կապակցությամբ ավագանուն հասանելի են դարձել նոր տվյալներ, որոնք հիմնովին փոխում են ընդունած որոշման բովանդակությունը, այսինքն՝ Միկոյանի արձանի տեղադրումն ու այդպիսով նրա կերպարի փառաբանումը, հայաստանյան հասարակության և միջազգային հանրության կողմից իրավացիորեն կարող է ընկալվել որպես ստալինյան ամբողջատիրական հասարակարգի դրական արժևորում, համամարդկային արժեքների ոտնահարում և բռնության լեգիտիմացում, պահանջում ենք գտնել իրավական միջոցներ չեղյալ ճանաչելու Անաստաս Միկոյանի արձանըտեղադրելու Երևանի ավագանու 2014 թ. ապրիլի 30-ի որոշումը, ինչպես նաև 2008 թ. Ա. Միկոյանի անվամբ փողոց անվանակոչելու քաղաքապետարանի որոշումը:

 

Գայանե Շագոյան, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ի ավագ գիտաշխատող, ազգագրագետ

Լևոն Աբրահամյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Մշակույթի վաստակավոր գործիչ

Յուլիա Անտոնյան, ԵՊՀ-ի Մշակութաբանության ամբիոնի դոցենտ

Հարություն Մարության, պատմ. գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ առաջատար գիտաշխատող

Համլետ Պետրոսյան, պատմ. գիտ. դոկտոր,ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ

Սուրեն Հոբոսյան, պատմ. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Ազգագրության բաշնի վարիչ

Համլետ Մելքումյան, պատմ. գիտ. թեկնածու, մշակութաբան

Տիգրան Սարգսյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող

Լուսինե Խառատյան, ազգագրագետ

Գոհար Ստեփանյան, պատմ. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031