«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն այս տարի կլինի Բազելի միջազգային երգչախմբային փառատոնի հատուկ հյուրը, որը տեղի կունենա մայիսի 27-ից հունիսի 1-ը՝ Շվեյցարիայի Բազել քաղաքում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի փոքրիկ երգիչներ ֆիլհարմոնիայի տնօրեն Տաթևիկ Հարությունյանը:
Նա չցանկացավ նախքան փառատոնը փակագծերը շատ բացել, միայն ասաց, որ երգչախումբը հանդես կգա տարբեր ժանրերի ստեղծագործություններով՝ հոգևոր, ջազային և այլն: Ու թեև փառատոնը հինգ օր է տևելու, բայց նրանք թե´ փառատոնից առաջ, թե´ հետո համերգներ կունենան տարբեր քաղաքներում:
«Այս փառատոնին մեր երգչախումբը մասնակցել է դեռևս 1995 թվականին,- ասում է Տ. Հարությունյանը,- հենց այդտեղից մեզ հիշելով և մեր գործունեությանը հետևելով՝ նրանք որոշել են այս տարի մեզ հրավիրել արդեն ոչ միայն պարզապես մասնակցելու համար, այլև որպես հատուկ հյուր, ինչը մեզ համար մեծ պատիվ է և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող: Նրանք են հոգացել ֆինանսական բոլոր ծախսերը, որպեսզի մենք անպատճառ ներկա գտնվենք փառատոնին և ներկայացնենք մեր բարձր արվեստը»:
Aravot.am-ը հետաքրքրվեց Տ. Հարությունյանից, թե, ըստ նրա, հատկապես ի՞նչն է այնպես տպավորվել փառատոնի կազմակերպիչների մեջ, որ այսքան տարի անց հիշելով «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին՝ դարձյալ հրավիրել են:
Կարդացեք նաև
«Չպետք է մոռանանք, որ դա 1995 թվականն էր: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ երգչախումբն ինչպիսի ելույթ պիտի ունեցած լինի, որ նրան հիշեն, մտապահեն ու նորից հրավիրեն,- պատասխանեց Տ. Հարությունյանը: Հավանաբար, տպավորվել են երեխաների՝ ստեղծագործությունները յուրովի մատուցելու ձևից, մաեստրո Տիգրան Հեքեքյանի՝ յուրաքանչյուր ստեղծագործություն ճիշտ ընկալելու և մատուցելու ձևից, բացի այդ, անհնար է լսել մեր հիանալի մանուկների ձայներն ու չփշաքաղվել, չսիրել, չհասկանալ: Երեխաների ձայներն ավելի ճիշտ են ստեղծագործությունը հասցնում տեղ՝ մարդկանց սրտերին»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ