Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց նախարարի եւ նախկին մարզպետի դեմ հայցը

Մայիս 20,2014 19:02

Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ Տավուշի մարզպետի: Հայցով որպես երրորդ անձ ներգրավված է Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը: Հրաչյա Ներսիսյանը դատարան է դիմել մրցութային հանձնաժողովի 2013թ. սեպտեմբերի 27-ի երկու որոշումները, մրցույթում հաղթող ճանաչելու մասին Վազգեն Մարգարյանի մասով որոշումը, նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի 2013թ. հոկտեմբերի 1-ի թիվ 113-Ա որոշումը եւ որպես անվավերության հետեւանք՝ Վազգեն Մարգարյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ իրեն Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակելու պարտավորեցնելու եւ իր հետ աշխատանքային պայմանագիր կնքելու պահանջով:

Հայցվոր Հ. Ներսիսյանը իր հայցադիմումի մեջ նշել է, որ 2013թ. օգոստոսի 14-ին «Հայաստանի հանրապետություն» թերթում հայտարարություն է զետեղվել մարզային ենթակայության, պետական սեփականություն հանդիսացող «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ անցկացնելու վերաբերյալ: Հայցվորը նշել է, որ մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններից է եղել առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը, որից առնվազն 2 տարին՝ վարչական աշխատանքի ստաժը կամ այդ ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժը:

Հ. Ներսիսյանը հայցի մեջ նշել է, որ Վազգեն Մարգարյանը չունի վարչական աշխատանքի կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական համակարգի կառավարման առնվազն 3 տարվա ստաժ: 2013թ. սեպտեմբերի 27-ին կայացած մրցույթի արդյունքում 2 մասնակիցներն էլ՝ Վազգեն Մարգարյանը եւ Հրաչյա Ներսիսյանը հաղթող էին ճանաչվել, հոկտեմբերի 1-ին Արմեն Ղուլարյանի որոշմամբ Վազգեն Մարգարյանը նշանակվել է Իջեւանի ԲԿ-ի տնօրեն: Հայցադիմումի մեջ Հ. Ներսիսյանը գրել է. «Մարզպետի թիվ 113 որոշումը կայացվել է առանց որեւէ իրավական եւ փաստական հիմնավորման, կամայականության սկզբունքներից ելնելով»:

Հավելենք, որ 2013թ. սեպտեմբերի 27-ին կայացած մրցույթում Վազգեն Մարգարյանն ավելի բարձր միավորներ էր ստացել, քան վերջին 15 տարում Իջեւանի հիվանդանոցը, ապա եւ բժշկական կենտրոնը ղեկավարած Հրաչյա Ներսիսյանը : Մարզպետ Ա. Ղուլարյանի որոշմամբ 2013թ. հոկտեմբերի 1-ին Հ. Ներսիսյանն ազատվել է պաշտոնից, նրա մեկ այլ որոշմամբ Վ. Մարգարյանի հետ 3 տարի ժամկետով կնքվել է աշխատանքային պայմանագիր:
Հավելենք, որ Հ. Ներսիսյանը Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայրն է: Հրաչյա Ներսիսյանը նաեւ նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի բարեկամն է, Հրաչյայի եղբայրը եւ Արմեն Ղուլարյանի եղբայրը քենակալներ են: 2014թ. ապրիլի 29-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը վճռել է Հրաչյա Ներսիսյանի հայցը մերժել: Դատարանը համարել է, որ ներկայացված գրավոր ապացույցներով`«Իջեւանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ հրամանագրքով եւ Վ. Մարգարյանի աշխատանքային գրքույկով հաստատվել է, որ Վ. Մարգարյանը մրցույթին մասնակցելու համար ունեցել է ինչպես պահանջվող մասնագիտական, այնպես էլ կառավարման ոլորտի աշխատանքային ստաժը, այսինքն` բավարարել է մրցույթին մասնակցին առաջադրվող պահանջներին, հետեւաբար նրա` մրցույթին մասնակցելու թույլտվությունը եղել է իրավաչափ ու մրցութային հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չկան: Դատարանը նաեւ արձանագրել է, որ թեեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարը հայցվորի կողմից մասնակից է դարձվել որպես պատասխանող, սակայն նրա դեմ որեւէ պահանջ չի ուղղվել, գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչն ընդունել է, որ ՀՀ տարածային կառավարման նախարարության դեմ պահանջ չունի: Սույն վճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. nver says:

    պարոն Ներսիսյան միթե չգիտես, որ նախկին մարզպետի համար հիմք է, ոչ թե օրենքն այլ անձնական շահն իսկ եթե հույս ունեիք, որ մեր երկրում կա արդարություն , ապա ասեմ որ այն վաղուց մեռել է ու թաղվել ղուլարյանների ձեռքով թող անիծյալ լինեն նրանք

  2. David says:

    Համաձայն եմ, թող անիծյալ լինեն, բայց արդեն անիծվել են մի ազգի կողմից և ղուլը և սերոժ ղարաբաղցին::Գալիս է Արդարությունը Հայաստան…Թեժ է լինելու..Սերժաղուլի բերդի բանալիները ծանր են լինելու, օ, ծանր…Կեցցե այն խաղաղությունը, որ մաքուր հողի վրա կննջի, մաքրող պատերազմից հետո:

  3. Ijevani bnakich says:

    Ոսկան ճիշտա գիտենք որ դու ընենց <> ինֆորմացիայի ես տիրապետում, բայց մի փոքր ուղղում անեմ Հրաչյայի եղբոր քենակալը չի հենց Հրաչյայի քենակալի եղբայրնա նախկինը : Ըմբռնեցիր

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031