Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Երաշխիքը իմ քաղաքական կամքն է»

Մայիս 20,2014 18:51

Ազգային ժողովում այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց երիտասարդությանն առնչվող ծրագրերի մասին: Նրա հարցը մի քանի կոնկրետ դիտարկումներ էր պարունակում, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նշելով, որ այդքան մանրամասն չի կարող պատասխանել, ընդհանրացրեց, որ երիտասարդության հարցերը լուծելու համար որպես երաշխիք անձամբ իր եւ նոր կառավարության «քաղաքական կամքն է»՝ ամեն ինչ անել, որպեսզի երիտասարդները չգնան երկրից. «Մենք չունենք ռեսուրս, չունենք նավթ, գազ, ծով, բայց ունենք ներուժ, եւ ամեն ինչ պիտի անենք, որ իրենք կարողանան իրենց դրսեւորել եւ իրենց ներուժը չուղղեն այլ երկրներ, մնան մեր երկրում»: Այդ քայլերի շարքում նա նշեց երիտասարդ ընտանիքների համար բնակարանաշինության ծրագիրը, որը թույլ  կտա անգամ 100 հազար դրամ ստացող երիտասարդ ընտանիքին՝ բնակարան ձեռք բերել:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ կառավարության ծրագրում որեւէ խոսք չկա հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ արձանագրությունները ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում են գտնվում, սակայն նաեւ իր անունից ասաց, որ ճիշտ էր համարում այդ արձանագրությունների ստորագրումը, նկատելով, որ ակնկալում էին, որ Թուրքիան նույնպես կստորագրեր, եւ արդյունքում Թուրքիայով Եվրոպա դուրս գալու հնարավորություն կունենայինք. «Պատմությունն ապացուցել է, որ Թուրքիայի հետ պետք է շատ զգույշ եւ զգոն լինենք: Հույս ունենք, որ Թուրքիայի Մեծ ժողովի կողմից կստորագրվեն, կվավերացվեն արձանագրությունները, իսկ եթե՝ ոչ, ապա նախագահը որոշում կընդունի»:

Պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցն էլ առնչվում էր համայնքների խոշորացմանը եւ Մաքսային միություն մտնելու հետ կապված՝ հարկատեսակների հնարավոր փոփոխությանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ ներկայումս Հայաստանում, կախված եկամտի չափից, գործում է եկամտահարկի երեք տարբեր չափ, սակայն Մաքսային միություն մտնելու հետ կապված խոսակցություններ կային այն մասին, որ լիներ եկամտահարկի մեկ չափ՝ 20%, ինչպես նաեւ 20% ավելացված արժեքի հարկ: Նա ասաց, որ դա, իհարկե, վատ կազդի մեր բյուջեի եկամուտների վրա, սակայն բյուջեն արդեն հաստատված է, եւ կառավարությունը պարտավոր է կատարել Ազգային ժողովի կողմից արդեն իսկ հաստատված բյուջեն: Ինչ վերաբերում է համայնքների խոշորացմանը, ապա Հովիկ Աբրահամյանը դա շատ ճիշտ քայլ է համարում, բայց կարծում է, որ «պետք է դանդաղ շտապել»: Ներկայումս գործում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր, որը հաջող իրականացվելու դեպքում, շատ արագ կգնան համայնքների խոշորացման: Նա հիշեցրեց, որ ներկայումս Հայաստանում 900-ից ավելի համայնք կա, ինչը չափից դուրս ծանր բեռ է մեր երկրի համար, եւ նպատակահարմար է դրանց թիվը գրեթե եռակի կրճատել՝ հասցնել 300-ի:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին վիրավորել էր վարչապետի՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասած այն միտքը, թե որոշ ընդդիմադիր պատգամավորներ ուրախ կլինեին, եթե նոր կառավարությունը ձախողեր ծրագիրը. «Չկա մի հայ մարդ, առավել եւս՝ պատգամավոր, որը չցանկանա հայ ժողովրդի բարեկեցությունը: Եթե դուք մտահոգ եք, ապա կրկնակի, եռակի մտահոգ է ընդդիմությունը»: Տիկին Սարգսյանը նկատեց, որ կառավարության ծրագիրը վստահություն ներշնչելու համար հարկավոր է, որ ներկա կառավարությունը գնահատական տա Տիգրան Սարգսյանի կառավարությանը: Նրան նաեւ հետաքրքրում էր, թե Վերահսկիչ պալատի աղմկահարույց բացահայտումներից հետո արդյո՞ք որեւէ պաշտոնյա պատասխանատվության ենթարկվել է, թե դրանք օդում են մնացել:

Լյուդմիլա Սարգսյանն իր հարցերի պատասխանները կստանա վաղը, քանի որ նրա հարցից հետո սկսվեց պատգամավորների հայտարարությունների ժամը, եւ վարչապետը չհասցրեց այսօր պատասխանել այդ հարցերին:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031