«Մենք չենք էլ թաքցնում, որ պատրաստում ենք երկիրը և երիտասարդ սերունդը համակարգային փոփոխությունների՝ սոցիալ-տնտեսական, մշակութային, գաղափարական, որը կարճ անվանվում է հեղափոխություն»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Նախախորհրդարանի կազմակերպած դասընթացներից հիմնականում հեղափոխության «հոտ» է գալիս, այսպես պատասխանեց կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման և Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:
Նա այսօր Նախախորհրդարանում երիտասարդներին ներկայացրեց «Հեղափոխական լրագրություն» դասընթացը: Մեզ հետ զրույցում պարոն Խզմալյանը նշեց. «Քանի որ մեր երկրում վաղուց գարշահոտություն է, ապա այն հեղափոխության հոտը, որ նշում եք, թարմ քամու, ծովի, երիտասարդ խոտի, մաքրության հոտ է»: Այնուհետև Տիգրան Խզմալյանը նկատեց. «Մեր երկիրը նման է մի տան, որտեղ տարիներով սպիտակեղեն չի փոխվել և, կներեք, անգամ զուգարանի ջուրը չեն քաշում և կեղտոտ ամաններով են ուտելիքն ուտում: Մենք պետք է այդ գարշահոտությունը փորձենք վերացնել, լվանանք մեր սպիտակեղենը, մաքրենք մեր տունը»: Տիգրան Խզմալյանը չթաքցրեց, որ իրենք փնտրում են մարդկանց, «որոնք իրենց վրա կվերցնեն այս իրավիճակում երկրի կառավարումը, ղեկավարումը և նաև լուսաբանումը»:
Մեր այն դիտարկմանը, թե, օրինակ, «Փողոցային պայքարի և դիմակայության հիմունքներ» խորագրով դասընթացով երիտասարդներին չե՞ն մղում ապակառուցողական դաշտ, մանավանդ նման կարծիքներ երբեմն հնչում են իշխանական դաշտից, պարոն Խզմալյանը պատասխանեց. «Նման դասընթացը օգտակար է, քանի որ դրա բացակայության դեպքում մենք ստիպված ենք լինում մեր գործընկերներին և երիտասարդներին հենց տեղում արագ բացատրել ինչպես է պետք վարվել ցույցի ժամանակ, երբ ենթարկվում ենք հարձակումների և ոչ միայն ոստիկանների կողմից»:
Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Խզմալյանն անդրադարձ կատարեց նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Նա մասնավորապես նշեց. «Մեր Սահմանադրության և օրենսդրության մեջ չկա ոչ մի տարր, որը կխանգարեր կատարել արդեն ամրագրված սկզբունքները, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և գողերն ու մարդասպանները պետք է պատժվեն: Մեր Սահմանադրությունը մեկնաբանվում է այնպես, որ մականունավոր հայտնի քրեական գործիչներն իշխանության գլուխ են, իսկ ազատամարտիկները գտնվում են անազատության մեջ: Սահմանադրությունը և օրենսդրությունը չէ, որ խանգարում են մեր երկրում կարգուկանոն հաստատել: Սահմանադրական բարեփոխումները կեղծ ու ընդունված մի գործընթաց է, որը կոչված է շեղել մարդկանց ուշադրությունը և կեղծ թիրախներով շփոթեցնել ժողովրդին պահպանել իրավիճակը, վերարտադրվել»:
Տիգրան Խզմալյանը վստահեցրեց, թե իրենք անունների դեմ չեն պայքարում, այլ համակարգի ու ամփոփեց. «Մենք փտում ենք՝ որպես պետականություն: Մենք տեսել ենք խոստումնալից երիտասարդներ, որ եկել են կառավարություն, բայց հրեշների են վերածվել, որոնք խաղում են նույն կանոններով: Մեր երկիրը զավթված է, և մենք դրա մեղավորությունը տեսնում ենք ոչ թե մարդկանց, այլ համակարգի մեջ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ