Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը երեխաներին վիտամիններով հարուստ ճաշե՞ր է տալու

Մայիս 20,2014 18:16

Դեռեւս անցյալ տարի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս խոստացել էր «մտքի հեղափոխություն» անել: Նա այնպիսի խոստումներ էր տվել ծրագրում, որոնք հարուցել էին ընդդիմադիր պատգամավորների զարմանքը: Օրինակ, կառավարության ծրագրում խոստացել էր՝ «մարդը եւ բնությունը կներդաշնակեցնենք», ինչին հետեւել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հեգնանքը՝ «Եթե չեք անելու մի բան, ինչո՞ւ եք գրել ծրագրում, ես այդքան լավատես չեմ եւ չեմ կարծում, որ դուք 5 տարվա մեջ կկարողանաք մարդը եւ բնությունը ներդաշնակեցնել»:

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նոր ծրագիրը ներկայացնելիս ոչ մի հեղափոխություն չխոստացավ, բայց փոխարենը՝ կառավարության ծրագրում նշել է, թե «իրականացնելու է երեխաների սնուցման վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումներ»: Հետաքրքիր է, թե մասնավորապես ինչպես է նոր վարչապետը բարելավելու երեխաների սնուցումը՝ վիտամիններով հարուստ ճաշե՞ր է տալու, թե՞ օգտակար բաղադրատոմսեր է թողարկելու՝ հատուկ երեխաների համար:

Ընդհանուր առմամբ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած կառավարության ծրագիրը շատ չի տարբերվում նախորդ կառավարության ծրագրից: Այս վարչապետը եւս խոստանում է արժանապատիվ կենսապայմաններ, տարեցների կյանքի որակի բարելավում, անկախ դատական համակարգեր, աղքատության կրճատում 10 տոկոսային կետով, տնտեսական 5 տոկոս աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ մինչեւ 65 հազար դրամ: Ինչպես Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւս խոստացել է խթանել ծնելիությունը:

Հիշեցնենք, որ այս եւ նմանատիպ խոստումների առնչությամբ Տիգրան Սարգսյանը բուռն քննադատությունների էր արժանացել: «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը նույնիսկ նկատողություն էր արել նրան՝ «Կառավարության ֆունկցիան չի ծնելիություն խթանել, ճիշտ ախտորոշել՝ բա մինչեւ հիմա ճիշտ չէի՞ք ախտորոշում: Դուք պայմաններ ստեղծեք, մարդիկ կծնեն էլ, ճիշտ էլ կախտորոշվեն: Կյանքի բարելավումը պետք է ակնառու լինի, որ մարդ ցանկություն ունենա ոչ թե փախնի, այլ՝ երեխա ունենա: Սրանք սաղ կենացներ են, կենացների ժողովածու կարող ենք ասել»:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի «կենացներին», նա կառավարության ծրագրում նշել է, որ գյուղերում կյանքի հարմարավետ պայմաններ է ստեղծելու՝ յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսեւորման համար, համախմբելու է սփյուռքը, արդարացի վարձատրություն ապահովող աշխատատեղեր է ստեղծելու, բարենպաստ գործարար միջավայր է ստեղծելու, խոստանում է ենթակառուցվածքների զարգացում, համաչափ տարածքային տնտեսական զարգացում, տրանսպորտի կայուն եւ արդյունավետ զարգացում եւ նման հաճելի փոփոխություններ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031