Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու էր Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ էլ քննարկվելու էր դատավոր Էդուարդ Մանուկյանի ինքնաբացարկի հարցը: Սակայն այս անգամ էլ դատական նիստին չէր ներկայացել դատախազ Հովհաննես Ենոքյանը, որի պատճառով այն դարձյալ հետաձգվեց:
Նշենք, որ մեկ փաստաբանի, մեկ դատախազի պատճառով նիստերը անհարկի հետաձգվում են, որը և ի սրտե զայրացնում է ամբաստանյալներին , հատկապես վճարումների ծառայության ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանին ու նրա հարազատներին: Սակայն այս անգամ` դատավորի շուրթերից լսելով, որ դատախազը անկողնային հիվանդ է և այդ պատճառով չի ներկայացել դատին, վերջինս ասաց. «Իմ Աստվածս մեծ է, մեռնեմ նրա զորությանը »:
Հիշեցնենք, որ կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումար հափշտակելու մեջ Ռուբեն Մնացականյանից բացի դատվում են նաև Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, որը, սակայն, փախուստի մեջ է:
Կարդացեք նաև
Ամբաստանյալ Արթուր Աբրահամյանի փաստաբան Թամարա Յայլոյանը նախորդ դատական նիստին ինքնաբացարկ էր հայտնել դատավոր Էդուարդ Մանուկյանին, սակայն այն կարծես թե չի հաջողվում քննարկել մեկ Թամարա Յայլոլանի, մեկ էլ դատախազի բացակայությունների պատճառով: Թամարա Յայլոյանը լրագրողների հետ զրույցում մեկ անգամ հիմնավորեց, թե ինչու է ինքնաբացարկ հայտնել դատավոր Էդուարդ Մանուկյանին:
Մանրամասները տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ