Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մարտիրոսյան. «Հոնքը ուղղելու տեղ՝ աչքը չհանենք»

Մայիս 20,2014 18:00

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր ՀՅԴ խմբակցության ներկայացրած օրենսդրական փաթեթի նախագիծը, որով առաջարկվում էր անցնել ամբողջապես համամասնական խորհրդարանական ընտրակարգին: Այս նախագծի դեմ խոսողներից էր նաեւ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած, որեւէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը նկատեց, թե համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով հաճախ անցնում են մարդիկ, որոնց որեւէ մեկը երբեք չէր ընտրի, եթե նրանք իրենց թեկնածությունը դնեին մեծամասնական ընտրակարգով: Իսկ կուսակցական ցուցակներն էլ հաճախ կազմվում են այնպես, որ ցուցակի առաջին տեղերում դնում են մարդկանց, ովքեր կարող են ձայն բերել այդ կուսակցությանը, բայց հետո նրանք ինքնաբացարկ են հայտնում եւ խորհրդարանում հայտնվում են մարդիկ, ովքեր ընդհանրապես անցողիկ տեղերում չէին:

Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ խնդիրը ամենեւին այն չէ, թե ինչ ընտրակարգ է գործում՝ համամասնական, թե մեծամասնական, խնդիրն այլ տեղում է՝ «փող բաժանելը, կեղծելը, ֆեոդալացումը, որի մասին նշվեց, ուրիշ խնդիրներ են, որոնք կապ չունեն ընտրակարգի հետ»:

Թվարկելով համամասնական ընտրակարգի արատները, նա նշեց նաեւ այն, որ ընտրողը չի իմանում, թե ո՞վ է իր պատգամավորը, ո՞ւմ է ինքը ձայն տվել: Օրինակ բերելով Հայաստանի երրորդ քաղաքը՝ Վանաձորը, պատգամավորը նկատեց, որ միայն նախընտրական շրջանում են կուսակցությունների գրասենյակները գործում այս քաղաքում, այն դեպքում, երբ իր՝ մեծամասնական պատգամավորի գրասենյակը գործում է 2012 թվականից եւ ապահովում հետադարձ կապը ընտրողների հետ:

Իր հերթին Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսեց մեծամասնական ընտրակարգի արատների մասին՝ «փողոտ տղերքը հրաման են ստանում, որ իրենք ընտրվեն եւ ցուցակին էլ ձայն բերեն»: Ըստ Ա. Մանուկյանի վիճակագրության՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձածներից միայն 4-5 –ն են ակտիվ պատգամավորական գործունեությամբ զբաղվում, նրանց ավելի շատ հետաքրքրում է իրենց բիզնես-շահերի պաշտպանությունը՝ «եթե արդարադատությունը գործի՝ նրանց կեսը հոդվածի տակ են ընկնելու, որ գործարարությունը համատեղում են պատգամավորական գործունեության հետ»:

ՀՀԿ խմբակցությունից Լեւոն Մարտիրոսյանը կոչ արեց հոնքը սարքելու տեղ աչքը չհանել, նկատելով, որ տարիներ շարունակ համամասնական տեղերը խորհրդարանում ավելացել են, սակայն այն խնդիրները, որոնց լուծվելուն է կոչված այս օրենսդրական փաթեթի նախագիծը, այդպես էլ չեն լուծվել, որովհետեւ պատճառը ամենեւին էլ ընտրակարգը չէ: «Չի կարելի վերացնել անկախ, ոչ կուսակցական պատգամավորի գոնե տեսականորեն ընտրվելու հնարավորությունը, եւ ստիպել, որ պատգամավոր դառնալու համար մարդն անպայման կուսակցական դառնա»,- նշեց պատգամավորը:

Ի պատասխան հնչած ենթադրության, թե մեծամասնականով ընտրված պատգամավորները իրենց բիզնես շահերն են լուծում՝ խորհրդարան գալով, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը պնդեց, որ բիզնես ունեցող պատգամավորները որեւէ հարցում չեն կարողացել իրենց շահերը պաշտպանել, փոխարենը կուսակցական ցուցակով խորհրդարանում հայտնված պատգամավորներն են քաղաքականությունը բիզնես դարձրել. «Հիշեք, թե այդ կուսակցությունները ինչպե՞ս են կազմում ցուցակները, ավելի կոռումպացված համակարգ տեսե՞լ եք… Պատկերացնո՞ւմ եք՝ Սախարովը ստիպված լիներ ՀՅԴ-ի մեջ ընդգրկվեր, որ դառնար պատգամավոր: Դեմոկրատիայից, ազատություններից եք խոսում, բայց ստիպում ես, որ՝ եթե պատգամավոր ես ուզում դառնալ, պետք է կուսակցության դրոշը կպցնես ճակատիդ»:

Իսկ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը հիշեցրեց, որ որոշ քաղաքական ուժեր «կես ճամփին են թողնում իրենց առաքելությունը» եւ «մեկ խմբակցության մեջ հինգ հոգով վեց երգ են երգում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031