Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանի կոչը համանախագահներին՝ «Մի մոռացեք խայտառակ սաֆարովյան գործելաոճը»

Մայիս 20,2014 18:08

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը

Ես ոչ մեկի մասին վատ չեմ խոսի, բայց կպատմեմ այն լավի մասին, որ գիտեմ յուրաքանչյուրի վերաբերյալ, ասել է  Բենջամին Ֆրանկլին:

Ես  եւս ոչ մեկի մասին վատ չեմ խոսի, այլ կփորձեմ պատմել այն լավի մասին, որը  կա յուրաքանչյուրի մեջ: Իհարկե, կարելի է այս համատեքստում խոսել շատերի եւ շատ երեւույթների մասին, բայց իմ խորին համոզմունքն է, որ  անգամ, եթե ոմանց թվում է մենք  խնդիրներ ունենք, ներքին եւ հոգեբանական, ապա, ճիշտ չեն, ինքս համոզված եմ, ցանկացած խնդիր ոչինչ է  թիվ մեկ կարեւոր եւ  անհերքելի  հարցի առաջ եւ այդ հարցը անկախ Արցախի անվտանգության եւ  միջազգայնորեն ճանաչելի դառնալու հարցն է:

Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները Հայաստանի կողմից այցելեցին պատմական հայկական տարածքներ, որոնք  մեզ պարտադրված պատերազմի արդյունքում են ազատագրվել: Բերձորում համանախագահողներին ջերմ ընդունելություն էր  սպասում, իսկ  այսպիսի ջերմությամբ հրադադարի ստորագրումից ի վեր առաջին անգամ էին համանախագահողները ընդունվում:

Կարծիքս է, որ վաղուց հաջողած կլինեինք, եթե ամեն անգամ  համանախագահողներին այսպես ջերմորեն ընդունեինք եւ լսելի դարձնեինք արցախցու ձայնը, ազատագրված տարածքներում ապրողների  ձայնը:

ԱՄՆ համանախագահողի հայտնի հայտարարություններից հետո արագ արձագանքեց Արցախի հանրապետությունը, մեջբերեմ ԼՂՀ նախագահի խոսնակի հարցազրույցից.Իսկ վերադարձ դեպի 1988 թվականը մեզ համար ոչ թե փոխզիջում է, այլ կապիտուլյացիա: Եթե 1993, 94, 95 թթ. մարդիկ մտածում էին, որ հնարավոր է այդ սցենարով գնալ, հիմա ակնհայտ է, որ անհնար է: Օրինակ, մենք ասում ենք` եկեք խոսենք որոշ տարածքների կարևորության մասին: Շահումյանի կամ Քարվաճառի` նախկին Քելբաջարի շրջանում սկիզբ են առնում մեր ջրային պաշարների 80 տոկոսը` Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը: Այս տարածքը մեզ համար կենսական նշանակություն ունի, և որևէ մեկը չի կարող մեզ վստահեցնել, թե գիտեք, հարևան ֆաշիստական պետությունը, որն ասում է, որ պիտի բնաջնջի հայերին, հայերը եկվորներ են և այլն, և այլն, չի թունավորի այդ գետերը:

Կարծում եմ վաղուց ժամանակն է, որ Արցախի խնդրի կարգավորումները ընթանան արցախցու անմիջական մասնակցությամբ: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը այս մասին եւս խոսեց. «Մեր ճակատագիրն է որոշվում, ինչպե՞ս կարելի է առանց մեզ հասնել ինչ-որ լուծման: Բայց այդ մասնակցությունը պիտի լինի բոլոր փուլերում` սկսած սկզբնական փուլից: Մենք չենք կարող միանալ` պատրաստի ինչ-որ փաստաթուղթ ընդունելու կամ չընդունելու: Սա մի քիչ ճիշտ չէ, և Հայաստանն է ասում, որ ԼՂ-ն պիտի մասնակցի, համանախագահները, նույն Ուորլիքն է ժամանակին ասել, որ այդպես է տեսնում խնդրի լուծումը, դրա համար էլ հակամարտությունն անվանել է Ադրբեջանի և Ղարաբաղի միջև: Ինչո՞ւ Ադրբեջանը չի ուզում վերականգնել բանակցային լիարժեք ձևաչափը: Սա արդեն իսկ նշանակում է, որ այդ պետությունը հուսալի գործընկեր չէ, նա ինչ-որ հետին մտքեր ունի:

Իմ, որպես ԱԺ պատգամավորի կոչն ուղղված է համանախագահներին՝ նայեք  պատմական ճշմարտության երեսին, մի մոռացեք խայտառակ սաֆարովյան  գործելաոճը եւ միշտ հիշեք, որ եթե խոսում եք գրավյալ տարածքների մասին, այո, խոսեք Շահումյանի եւ Գետաշենի եւ այս ու այլ վայրերից տեղահանված հայերի մասին…եւ այդպես արդար կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ադրբեջանը չի ուզում ԼՂ-ի վերադարձը բանակցությունների սեղան,որովհետև այս դեպքում նա չի կարող միջազգային հարթակներում մեղադրել ՀՀ-ին Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման մեջ:Այս դեպքում իբր թե խախտվում է տարածքային ամբողջականության սկզբունքը:Մյուս կողմից.Ադրբեջանը չի ուզում ընդունի,որ պատերազմում պարտվել է ԼՂ-ին:Ներկա դրությամբ Ադրբեջանը ամեն ինչ ձեռնարկում է ՀՀ-ին հակամարտության կողմ ներկայացնելու համար,մենք էլ նպաստում ենք դրան՝բանակցություններին մեր գործուն մասնակցությամբ:Եթե բանակցությունների մասնակցի ԼՂ-ն,ապա հակամարտությունը այլ երանգ կստանա՝ԼՂ-ի հայ ազգաբնակչությունը չի կարող ապրել մի պետության կազմում,որտեղ տասնամյակներ շարունակ անտեսվել են հայ բնակչության տարրական իրավունքները:Այս պարագայում գործում է ազգերի ինքնորոշմամ սկզբունքը:Տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է տարբեր պետությունների հարաբերությունների,իսկ ինքնորոշման սկզբունքը՝պետության և նրա առանձին տարածքային կամ ազգային հատվածների միջև:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031