ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին
Այսօր ներկայացվել է կառավարության ծրագիրը։ Փաստաթղթում նշված են այն առաջնահերթությունները, այն կետերն ու ուղղությունները, որոնց վրա հենվելու է գործադիր իշխանությունը 2014-2017 թվականներին։ Ոմանք փորձում են նմանություններ կամ տարբերություններ տեսնել նախորդ կառավարության համանման փաստաթղթի հետ։ Բնականաբար, ներկայացված ծրագիրն իր նախորդի՝ 2013թ. ծրագրի օրգանական շարունակությունն է, սակայն շեշտադրումների որոշակի փոփոխությամբ։ Եվ դա բնական է, քանի որ և՜ նախորդ, և՜ ներկա կառավարությունները ձևավորվել են Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից։ Կառավարության ծրագիրն էլ հենված է հանրապետության նախագահի և Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթների վրա և իրականացնում է ՀՀԿ քաղաքական կուրսը։
Անցած տարիների ընթացքում շատ ինստիտուցիոնալ, համակարգային հարցեր լուծվել են, շատ կառույցների աշխատանք նոր որակական աստիճանի է բարձրացվել։ Բազմաթիվ ոլորտներում էական առաջընթաց ապահովող գործընթացներ են արձանագրվել։
Այսօր, սակայն, խնդիրները նորովի լուծելու պահանջ է առաջացել։ Ներկայացված ծրագիրը նոր մոտեցում է՝ նոր հայացքով, նոր մեխանիզմներով։ Կառավարության ծրագիրը ելնում է ներկա իրողություններից։ Այն ոչ թե ցանկությունների, այլ ռեալ հնարավորությունների փաստաթուղթ է։
Գրեթե բոլոր ոլորտներում առաջարկվում են այսօրվա պահանջներին համապատասխան լուծումներ, թե ինչքան արագ կլուծվեն, կախված է նաև մեր բոլորի աշխատանքից։
Շատ հստակ են ներկայացված ուղղությունները՝ գյուղատնտեսության աջակցում ու զարգացում, արտահանման խրախուսում, վարկավորման ավելի մատչելի պայմաններ և այլն։ Կառավարությունն ամեն դեպքում վճռական է տրամադրված։ Սակայն ինչպես տեսնում ենք, անգամ այս փաստաթուղթը ոմանց համար ինքնանպատակ քննադատության առարկա է դարձել, և այս ընթացքում էլ նրանց քաղաքականությունը չի փոխվել. ոչինչ, բացի քննադատությունից։ Քաղաքականությունը տրամաբանության ու աշխատանքի ոլորտ է, ոչ թե կապրիզների, քմահաճույքների։ Ինչ փաստաթուղթ էլ ներկայացվեր, միևնույն է, պիտակավորվելու էր։ Նույնիսկ եթե կառավարությունն այստեղ բերեր հենց այդ ուժերի նախընտրական ծրագրերը, էլի հնչելու էին քննադատություններ։ Հասկանում ենք քաղաքական նիհիլիզմի պատճառները, բայց, այնուամենայնիվ, իրատեսությունը լավ բան է։
Կարդացեք նաև
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ունի ծրագիրը կյանքի կոչելու կամք, կրում է այն իրականացնելու ամբողջ պատասխանատվությունը։ Հանրապետական կուսակցությունն ընթացել է ժամանակին համահունչ, փոխվել է երկրի հետ միասին, արձագանքել է մարդկանց պահանջներին, բարեփոխել կյանքը, որպեսզի այն դառնա ավելի հարմարավետ, անվտանգ ու բարեկեցիկ։ Այսօր, երբ մեր հասարակությունն ավելի պահանջկոտ է ու զարգացած, իշխանությանը ներկայացնում է ավելի մեծ պահանջներ, մենք պարտավոր ենք լսել սոցիալական բոլոր խմբերի ձայնն ու արձագանքել։
Այս փաստաթուղթն այդ պահանջների արտացոլումն է ու լուծումների բանաձևումը։