Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով աշխատաժողով

Մայիս 20,2014 17:17

Մայիսի 20-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով աշխատաժողով: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ներկայացնելով աշխատաժողովի թեման, նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին արհեստական ընդհատումը դարձել է հաճախակի երեւույթ: Պարոն Բաբլոյանի խոսքով՝ պետք է քննարկել խնդիրը եւ փորձել լուծումներ տալ դրան նաեւ օրենսդրորեն: Նա նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնում է թեմային վերաբերող նախագիծ: Ըստ պարոն Բաբլոյանի` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները կհանգեցնեն չարաշահումների, կավելանան կոռուպցիոն ռիսկերը, այդ իսկ պատճառով իրենք խնդրել են, որ ՄԱԿ-ի համապատասխան կառույցը որոշակի տեղեկատվություն տրամադրի, որպեսզի ուսումնասիրեն իրավիճակը աշխարհում եւ միասին արդյունավետ ուղիներ գտնեն խնդրի կարգավորման համար:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնած հետազոտությունը հաստատում է, որ Հայաստանում վերջին տարիներին առկա է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երեւույթը: Հայաստանյան ընտանիքների մի մասը աղջիկ երեխաների դեպքում աբորտի միջոցով ընդհատում է հղիությունը, ինչի հետեւանքով Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը` 2012-ին կազմելով 114 տղա 100 աղջիկ: Մինչդեռ բնական է համարվում 102-ից 106 տղա` 100 աղջիկ հարաբերակցությունը: Գարիկ Հայրապետյանը տեղեկացրեց, որ «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով հետազոտություն իրականացվել է 2012թ. հունիսից մինչեւ 2013 թվականի հունվար ամիսը: Նա նաեւ ներկայացրեց այն երեք հիմնական պատճառները, որոնք Հայաստանում հանգեցնում են պտղի արհեստական ընդհատման. հայաստանյան հասարակությունը բնույթով հայրիշխանական է եւ տղա երեխաներին գերադասում է աղջիկներից, ապագա ծնողները նախապես իմանում են երեխայի սեռը եւ խուսափում են աղջիկ երեխայից, ինչպես նաեւ զույգերը ցանկանում են քիչ երեխաներ ունենալ: Նրա խոսքով` նորածինների սեռերի հարաբերակցությունը Հայաստանի տարբեր մարզերում տատանվում է` Սյունիքում, օրինակ, այն չափավոր մակարդակի վրա է, իսկ Գեղարքունիքում արական սեռի նորածինների գերակշռությունն այսօր բարձր է:

Քննարկմանը ներկա պատգամավորները հարցեր ուղղեցին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին, որոնք հիմնականում վերաբերում էին վիճակագրությանը, արհեստական ընդհատման դեպքերի տոկոսային հարաբերությանը, այն խնդրին, որ պետք է սեռական դաստիարակությունը երեխաները ստանան դպրոցից: Նրանք կարեւորեցին խնդրի վերաբերյալ ճիշտ քարոզչությունը, ինչպես նաեւ արդյունավետ միջոցները, որոնցով պետք է պայքարել այդ արատավոր երեւույթի դեմ:

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկման համար:

ՀՀ ԱԺ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031