Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը 100%-անոց համամասնական ընտրակարգ է ուզում

Մայիս 20,2014 17:03

Ազգային ժողովի Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցությունը ՝ Արծվիկ Մինասյան, Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Արմեն Բաբայան, Ազգային ժողով էր ներկայացրել օրենսդրական նախագծի փաթեթ՝ 100% համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ:

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում արտահերթ կարգով քննարկվեց այս փաթեթը, որը ներկայացրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ի թիվս այլեւայլ հիմնավորումների՝ պարոն Ռուստամյանը նաեւ նշեց, որ եթե այսօրվա դրությամբ Ազգային ժողովում լինեին միայն համամասնական՝ կուսակցական ցուցակներով ընտրված պատգամավորներ, ապա կառավարությունն այլ կազմ կունենար, այլ վարչապետ կլիներ: Ըստ պարոն Ռուստամյանի՝ այն 41 պատգամավորները, որոնք մեծամասնական կարգով են ընտրվել պատգամավոր, մշտապես կատարում են իշխանությունների հրահանգը:

Նա հիշեցրեց, որ այս հարցը մեր երկրի 23 տարիների պատմության ընթացքում անընդհատ քննարկվել է եւ անընդհատ հետաձգվել է 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելը, ասելով, որ կամաց-կամաց կգանք դրան, ու շատ դանդաղ քայլերով համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով ընտրված պատգամավորների համամասնությունը փոխվել է Ազգային ժողովում՝ հօգուտ համամասնականի: Սակայն այս տեմպերը չեն բավարարում ՀՅԴ-ին՝ «այնքան կամաց-կամաց ենք գնում, որ տեղ չհասնենք»,- դժգոհեց Ա. Ռուստամյանը:

Հարցը քննարկվել եւ մերժվել է պետա-իրավական հանձնաժողովում, որի անունից ելույթ ունեցավ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, ասելով, որ ներկայումս ընթանում են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացրած հայեցակարգի նախնական տարբերակի քննարկումները, եւ բոլոր հարցերի պատասխանները կարելի է գտնել նոր, բարեփոխված Սահմանադրության մեջ: Նմանատիպ էր նաեւ կառավարության դիրքորոշումը, որը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը, ասելով, որ նպատակահարմար չեն համարում ընտրակարգի փոփոխությունը, քանի որ սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգով քննարկման է դրված անգամ երկրի կառավարման մոդելի փոփոխության հարցը, եւ այս պարագայում Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ժամանակավրեպ կարող է լինել:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031