Սույն թվականի մայիսի 18-ին slaq.am էլեկտրոնային կայքում զետեղված «Դատապարտյալի կյանքին վտանգ է սպառնում» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը օրերս ենթարկվել է վիրահատության, իսկ այժմ պետք է վիրահատեն նրա ենթաստամոքսային գեղձը, սակայն, իբր նրա նկատմամբ թշնամության պատճառով վերջինս չի վիրահատվում:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ս.թ. փետրվարի 24-ին դատապարտյալ Ա. Հակոբյանը դիմում է ներկայացրել, որում տվել է իր համաձայնությունը «Արթիկ» բժշկական կենտրոնում վիրահատվելու համար: Նույն օրը նրան կատարել են լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա: Մայիսի 7-ին դատապարտյալը ևս մեկ անգամ տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն, հաջորդ օրը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, իսկ մայիսի 9-ին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով: «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից դատապարտյալին նշանակվել է դեղորայքային բուժում: Ներկայումս դատապարտյալ Ա. Հակոբյանը ստանում է դեղորայքային բուժումը, և անհրաժեշտության դեպքում նրան ցույց կտրվի համապատասխան բժշկական օգնություն:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին