Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործարար միջավայրի բարելավումը առաջնահերթ խնդիր է կառավարության նոր ծրագրում». Էկոնոմիկայի նախարար

Մայիս 20,2014 15:50

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ազգային ժողովին ներկայացված ՀՀ կառավարության նոր ծրագրին, հայտնեց, որ ծրագրերի բավականին լուրջ բազա է ներկայացվելու: Նախարարը տեղեկացրեց, որ լինելու են ներդրումային ծրագրեր. «Օրինակ՝ Ամուլսարի ծրագիրը, որով նախատեսվում է 300-350 միլիոն դոլարի ներդրում ունենալ եւ տարեկան 200-250 մլն դոլարի արտահանում ապահովել»:

Նախարարը տեղեկացրեց, որ ներդրումային ծրագրեր են լինելու նաեւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության ոլորտում:
«Զբոսաշրջության ոլորտում նույնպես լինելու են ներդրումներ, մասնավորապես՝ բաց երկնքի քաղաքականությունը, որի շնորհիվ մոտավորապես 20-25 տոկոս ուղեւորափոխադրումների աճ կլինի: Բավականին լուրջ կարող է լինել զբոսաշրջության աճը նոր երթուղիների, տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման ընդհանուր համատեքստում»:

Պրն Ճշմարիտյանի խոսքերով՝ գործարար միջավայրի բարելավումը, փոքր եւ միջին ձեռնարկատիրական ընկերությունների զարգացումը ամենակարեւոր խնդիրներից մեկն է նոր ծրագրում. «Նախ փոքրիկ բարելավում է պետք անել նրանց դասակարգման մեջ. փոքր եւ միջին ձեռնարկատիրության տեսակները բազմաթիվ են, բայց նրանց կարելի է դասակարգել: Առաջինը՝ այն փոքր ձեռնարկությունները, որոնք աշխատում են խոշորների հետ ծառայություններ մատուցելով: Օրինակ՝ նույն Ամուլսարի ծրագիրը նաեւ նախատեսում է լուրջ ծառայություններ փոքր ձեռնարկությունների կողմից՝ տարբեր տեսակի ապրանքատեսակների մատակարարումների մասով: Եվ երկրորդ՝ այն ձեռնարկությունները, որոնք ինքնուրույն են կայանում, որոնք ծառայությունների ոլորտում են աշխատում, ինչը մեր համախառն ներքին արդյունքի մոտ 40 տոկոսն է կազմում»։
Նախարարն առանձնացրեց նաեւ, որ գյուղատնտեսության զարգացումը ներկայացված ծրագրում առաջնահերթ տեղ է գրավելու. «Գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացումը կնպաստի եկամուտների վերաբաշխմանը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031