Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանը հրաժարվում է. «Ես բիզնես չունեմ»

Մայիս 20,2014 15:45

Այսօր խորհրդարանում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հերքեց, որ «Յուքոմ», «Միթսուբիշի», «Մեգասպորտ» ընկերություններն իրեն են պատկանում. «Ինչից հրաժարվեմ, ես բիզնես չունեմ, որ հրաժարվեմ»:

Հիշեցնենք, սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին խորհրդարանում բարձրաձայնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը`հղում անելով «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցին: «Դուք կարող եք կարդալ, որ համապատասխան ապացույցներով հիմնավորվել է, որ դրանք իմը չեն, դրանով զբաղվել է նաև Էթիկայի հանձնաժողովը: Ի՞նչի եք գերագնահատում իմ ուժերը»,- ասաց նա`հավելելով. «Հիմա եթե Լևոն Զուրաբյանի նման քաղաքական ճանապարհ անցած գործիչը չի կարողանում ճշտել ու հավատում է լրատվամիջոցներին, որ սուտ լուրեր են տարածում, Արամ Մանուկյանի ներկայացրած հիսուներկու հոգուն Գագիկ Խաչատրյանը ո՞նց կկարողանա ապացուցել, որ չկա նման բան»:

Բայց «Յուքոմ» ընկերությամբ Գագիկ Խաչատրյանը հպարտանում է, քանի որ այն «հարյուր տոկոսանոց մաքուր աշխատող» ձեռնարկություն է. «Ես հակված եմ, որ ցանկացած մարդ, ով ունի բիզնես ծրագրեր… մենք չենք հետաքրրքվում՝ ո՞ւմն է բիզնեսը, եթե հետաքրքրվենք, կիջնենք սուբյեկտիվ դաշտ ու չենք կարողանա այդ դեպքում ազատ աշխատել: Դրա համար էլ մեր ՀՆԱ-ի հարկերը բարձրացել են»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ մյուս նախարարների բիզնեսների մասին էլ է գրվում մամուլում, բայց ընդդիմադիր պատգամավորները միայն Գագիկ Խաչատրյանին անդրադարձան` միտում չի՞ տեսնում, Գագիկ Խաչատրյանն ասաց. «Դա նոր չի: Ես բարձր կամային հատկություններ ունեմ ու իմ վրա դա չի ազդում: Եթե ուզում եք, որ ես որպես սուպերնախարար հետևեմ գործին, դուք հետևեք իմ գործին, իսկ եթե ուզում են որպես պաշտոնյա ինձ դարձնել խոցելի, ապա չի հաջողվի, Հայաստանում ինձ լավ ճանաչում են, ես դրանով հպարտանում եմ»:

Հարցին`ինչո՞ւ ֆինանսների նախարարությունը միացավ ՊԵԿ-ին, նախարարը պատասխանեց. «Աշխարհում օպտիմալացման նման ծրագրեր միշտ էլ արվում են, և այդ սուպերնախարար բառից ես այդքան շատ չեմ ոգևորվում, և չեմ էլ անհանգստանում: Սուպերնախարար նշանակում է սուպեր պատասխանատվություն: Կառավարությունն օպտիմալացման ծրագրեր է իրականացնում և հարկային ու մաքսային մարմինները ֆինանսների նախարարությունում հո՞ միայն Հայաստանում չեն միացրել: Առաջ էլ էր օպտիմալ, բայց երբ որ կառույցներն աշխատանքի ընթացքում կայանում են, արդեն անհրաժեշտություն է առաջանում, որ ավելի էֆեկտիվ կերպով աշխատանքը կազմակերպվի»:

Մեկ այլ հարցի` կարողանալո՞ւ են հավասար պայմաններ ստեղծել գործարարների համար, ինչպես իր խոսքում նշեց վարչապետը, նախարարը պատասխանեց. «Փորձելու ենք և հետևողական ենք լինելու, որ մեր գործարար միջավայրը բարելավվի: Երբ լրատվամիջոցները ոչ նպատակահարմար հոդվածներն են տպագրում, դա բարդացնում է մեր կյանքը: Դրա համար խորհուրդ եմ տալիս հիմա այդ հնչեցրած բիզնեսները, Հայաստանը փոքր երկիր է, և ամեն մեկն ամեն մեկի մասին գիտի, խորհուրդ եմ տալիս, որ դուք չխոչընդոտեք, ու կհամոզվեք, որ ինչ լավ գործեր ունենք արած: Մենք ստեղծել ենք կառավարման մի համակարգ, որ անձերից ընդհանրապես կախվածություն չունի: Աշխարհի շատ երկրներ ուսումնասիրում են մեր փորձն ու ցանկանում են՝ կիսվենք դրանով: Մի անձնավորեք դուք, գործերին նայեք ու կհամոզվեք, թե իրականությունը որն է»:
Նախարարն ասաց, որ այժմ կառավարությունն աշխատում է, որպեսզի ՓՄՁ-ները իրենց հավատան ու վստահություն լինի: Այժմ կառավարությունն աշխատում է «արտոնությունների շղթա» ստեղծելու ուղղությամբ, որ հարկային դաշտն ընդլայնվի: Հովիկ Աբրահամյանի`ստվերը վերացնելու հայտարարության առիթով էլ ասաց. «Դա մեր կառավարությունում քննարկված թեմա է, հասել ենք այնպիսի մի մակարդակի, որ տնտեսությունն աշխուժացնենք ու ստիպված ենք այդ քայլն անելու: Ստվերի դեմ պայքարի ուղղությամբ հասել ենք մեծ հաջողությունների»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031