ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ռուսաստանի արխիվագետների պատվիրակությանը՝ ՌԴ դաշնային արխիվային գործակալության ղեկավար Ա.Արտիզովի գլխավորությամբ: Պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ «Արխիվային գործը Ռուսաստանում եւ Հայաստանում արդի փուլում» խորագրով ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Անդրադարձ եղավ Հայաստանի եւ ՌԴ դաշնային արխիվների համագործակցության խորացման հարցերին: Երկուստեք դրական գնահատվեց երկու երկրների արխիվային ծառայությունների միջեւ գործընկերային կապերի հաստատման գործընթացը եւ այն ընդլայնելու պատրաստակամությունը:
Փոխվարչապետը գոհունակությամբ նշեց, որ համագործակցությունը վերջին տարիներին ավելի ինտենսիվ բնույթ է ստացել` ինչպես ակտիվ շփումների, համատեղ ցուցահանդեսների, այնպես էլ գործակցության նոր նախաձեռնությունների միջոցով:
Կարեւորվեց փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը` հանրային հետաքրքրություն ներկայացնող արխիվային փաստաթղթերի թեմատիկ համատեղ ցուցահանդեսների անցկացման տեսանկյունից:
Զրուցակիցները քննարկեցին արխիվային գործի ոլորտում ժամանակակից նոր տեխնոլոգիաների եւ մոտեցումների կիրառման անհրաժեշտությանը, էլեկտրոնային շտեմարանների ստեղծմանը, արխիվային փաստաթղթերի թվայնացմանը վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
Անդրադարձ եղավ <<ՀՀ-ում արխիվային գործի բարեփոխումների իրականացման հայեցակարգ>>-ով Հայաստանի ազգային արխիվում նախատեսվող բարեփոխումներին:
Կողմերը կարեւորեցին այս աշխատանքների ընթացքում փորձի փոխանակման անհրաժեշտությունը եւ պատրաստակամություն հայտնեցին ամրապնդել փոխգործակցությունը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին