Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը Գագիկ Խաչատրյանին «պաշտպանեց» Լեւոն Զուրաբյանից

Մայիս 20,2014 15:03

«Ես ներկայացնում եմ մի քաղաքական ուժի, որը ձեզ հետ չի ցանկանում համագործակցել»,- մինչ վարչապետին հարց տալը՝ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով ավելի վաղ նրա արած այն դիտարկմանը, թե չի հասկանում այն գործիչներին, ովքեր չեն ցանկանում համագործակցել իրենց հետ:

Ապա, Լեւոն Զուրաբյանը բացատրեց, թե հատկապես ինչո՞ւ չեն ցանկանում համագործակցել այս իշխանության հետ. «Դուք այսքան խոսում եք մրցակցության հավասարության, օրենքի, մենաշնորհների դեմ պայքարի մասին, բայց ես ինչպե՞ս կարող եմ այդ ամեն ինչին հավատալ, եթե դուք հենց ձեր առաջին քայլերով հերքում եք ձեր ասածները: Օրինակ՝ Գագիկ Խաչատրյանի՝ «սուպերնախարար» նշանակումը, մի մարդու, ում, «Հետք» հետազոտական լրատվամիջոցի տվյալներով՝ պատկանում են Եղվարդից Երեւան եկող երթուղին, «Անի» տաքսի ծառայությունը, տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող ընկերություններ: Նա հանդիսանում է նաեւ «Յուքոմի» ստեղծողը, այն մենաշնորհների հեղինակներից մեկն է, որը տարածվում է օպտիկական մալուխի ներկրման վրա, այսինքն՝ ունի շատ հստակ բիզնես շահեր: Եվ հետաքրքիր է, որ այդ մարդուն տալիս եք եւ՛ հարկային, եւ՛ մաքսային, եւ՛ ֆինանսական ամբողջ համակարգը եւ ուզում եք, որ մենք հավատանք, որ չկա շահերի բախում, իշխանության չարաշահում, հովանավորչություն, պաշտոնյաների համար հարստություններ դիզելու, առավելություններ ստեղծելու միտում: Ինչպե՞ս հավատանք ձեզ, ձեր անկեղծությանը, եթե դուք հենց սկզբից այսպիսի քայլեր եք անում»:

«Հավատալ-չհավատալը ձեր գործն է, բայց դատապարտված են հավատալու»,-արձագանքեց վարչապետը`շարունակելով. «Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանին, ապա նա շատ պրոֆեսիոնալ պաշտոնյա է եւ տարիների ընթացքում նա զարգացրել է ՊԵԿ-ը եւ ունեցել անձնական ներդրում»:

Հովիկ Աբրահամյանը նաեւ ասաց, որ մինչ նախարարների նշանակումը բոլորին զգուշացվել է` նշանակումից հետո նախարարները ոչ մի արտոնությունից չեն օգտվելու, իսկ շարունակելու դեպքում նրանք կազատվեն աշխատանքից. «Անփոխարինելի մարդ չկա: Նույն «Հետքը» չէ՞ր, որ խոսում էր նախկին վարչապետի օֆշորի մասին՝ առանց որեւէ հիմնավորումների: Ես էլ մինչեւ հիմա չգիտեմ՝ այդ օֆշորը կա՞ր, թե՞ չկար»:

Գագիկ Խաչատրյանին այդքան գովելուց հետո, Լեւոն Զուրաբյանի մոտ տպավորություն ստեղծվեց, որ եթե մարդը պրոֆեսիոնալ է, ապա դա նրան ազատում է Սահմանադրության պահանջներից եւ պարտավորություններից. «Դուք հենց ձեր ելույթով օրինականացրիք այն, որ մարդը կարող է միաժամանակ զբաղվել բիզնեսով եւ լինել նախարար կամ պատգամավոր, իսկ եթե ձեր ասածն այն է, որ սրանից հետո չեն զբաղվելու, դա նշանակում է, որ անցած հանցագործությունները ներո՞ւմ եք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031