Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մտավարժանքներ» և մտավախություններ` սահմանադրական բարեփոխումների շուրջ

Մայիս 20,2014 14:29

«Այսօրվա դրությամբ դեռ մտավարժանքներ են, ինչ-որ սխեմաներ են ներկայացնում, քանի որ մինչև հուլիս 1-ը առաջարկների ժամանակ կա: Այսօրվա դրությամբ խնդիրը պահանջված չէ ոչ հասարակության կողմից, ոչ էլ սահմանադրական ճգնաժամ կա»,-Aravot.am-ի հարցին արդյոք հասարակության շրջանում սահմանադրական բարեփոխումների պահանջ, կամ սահմանադրական ճգնաժամ նկատո՞ւմ է, այսպես պատասխան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել են սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումները:

Թևան Պողոսյանը, սակայն, չի տեսնում, օրինակ, մի խումբ երիտասարդներ կամ ընտրազանգվածի մեծ հոսք, որոնք կարծում են, թե այսօրվա դրությամբ պետք են սահմանադրական փոփոխություններ: Մեր հարցին՝ այդ դեպքում ո՞ւմ են պետք սահմանադրական բարեփոխումները, գուցե ՀՀ նախագահի՞ն, որ հետո ինչպես հաճախ նշվում է, քաղաքականության մեջ իր կարիերան շարունակի վարչապետի պաշտոնում: Թևան Պողոսյանը հորդորեց հարցի պատասխանը ստանալ նախաձեռնող խմբից ու օրինակ բերեց Վրաստանի զարգացումները: Ըստ Թևան Պողոսյանի` չնայած քաղաքական ուժերի մեծ մասն ասել է, որ կառավարման համակարգի մեխանիզմները պետք է փոխվեն, բայց դա այն միակ թեման չէ, որը պիտի զարգանա հենց այս պահին: Պարոն Պողոսյանը կարծում է. «Բոլոր մեխանիզմները պիտի փոխենք, որ ունենանք վստահություն, որ առաջարկվող փոփոխությունները ժողովրդի կողմից վստահելի են: Թե չէ հիմա նյութեր են գրում, մտավարժանքներ անում, մեխանիզմներ առաջարկում, որոնց պահանջատերը իրենք չեն»:

ՀՅԴ անդամ, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը հարցը դիտարկում է քաղաքական կամքի գոյության տիրույթում ու նշում. «Եթե տվյալ երկրում չկա բավարար քաղաքական կամք, քաղաքական գիտակցում, որ օրենքը պիտի գործադրվի, որ իշխանության ճյուղերի միջև տարանջատումն ու միախառնումը բացառելի է, և հակառակ նրան, որ Սահմանադրության մեջ ունենք ամրագրում բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին, բայց ցինիկաբար շարունակում է ԱԺ-ի մեծամասնությունը լինել հայրենի օլիգարխիայի սերուցքը, եթե այդ վարքագծով պիտի փոփոխենք Սահմանադրությունը և մեզ բավարարված համարենք, բայց իրականությունը շարունակի լինել այս պարտությունների իներցիայով, որևէ բանի չենք հասնի»:

Բայց միևնույն ժամանակ Լիլիթ Գալստյանը կարծում է, որ «քաղաքական կլիման, որ խեղդում է բոլորին, կարելի է մի տեղից ճեղքել և դրանք սահմանադրական բարեփոխումներն են»: Տիկին Գալստյանը մատնանշեց ՀՅԴ-ի կողմից առաջարկվող յոթ սկզբունքային կետերից 100 տոկոս համամասնականի անցումը, ինչը նվազագույնի կհասցնի բիզնեսմենների թափանցումը քաղաքական դաշտ:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի ղեկավար Գեւորգ Դանիելյանը Aravot.am-ի հետ զրույցում պնդեց, թե բավարար անհրաժեշտ հիմքեր կան սահմանադրական փոփոխությունների իրականացման համար ու նշեց. «Այն մտածելակերպը, թե սահմանադրական բարեփոխումները որպես կանոն պիտի համընկնեն կամ հաջորդեն քաղաքական ճգնաժամերին, վտանգավոր է: Պրակտիկան ցույց է տալիս, որ բոլոր այն դեպքերում, երբ սահմանադրական փոփոխությունները քաղաքական ճգնաժամի դեպքում են կատարվում, հետագայում ձախողվում են, քանի որ դրանք լինում են հապճեպ կայացված, ճնշումների ներքո կայացված որոշումներ»:Ըստ պարոն Դանիելյանի` ՀՀ նախագահի` վարչապետի պաշտոնում վերադարձի հետ սահմանադրական բարեփոխումները կապելու հարցը «կարծես թե փակված պիտի համարվեր, քանի որ նա այնքան միանշանակ այդ հարցին անդրադարձավ մեզ հետ հանդիպման ժամանակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031