Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի` ջրծաղիկով հիվանդ զինվորներով միայն ՊՆ-ն է զբաղվում

Մայիս 20,2014 14:25

Ջրծաղիկով հիվանդին լողանալը հակացուցված չէ: Այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում ասաց բժիշկ-համաճարակաբան Կարինե Քոչարյանը: Ըստ նրա, տարիներ ի վեր, բժիշկների կողմից եղել է այնպիսի մոտեցում, որ ջրծաղիկով վարակված մարդուն լողանալ չի կարելի:

Այս օրերին, դպրոցներում, մանկապարտեզներում ջրծաղիկ է տարածված: Չնայած դրան, բժիշկ Քոչարյանը գտնում է, որ հիվանդացության ցուցանիշների բարձրացում չկա, եղած դեպքերն էլ պայմանավորված են օդակաթիլային վարակներին բնորոշ սեզոնայնությամբ:

Ըստ բժիշկ Քոչարյանի, ջրծաղիկի հարուցիչն ակտիվանում է աշնանը, ձմռանը եւ գարնան սկզբին: Բժիշկը վստահեցնում է, որ ջրծաղիկի հարուցիչը արտաքին միջավայրում շատ արագ ոչնչանում է, բայցեւ արագ տարածվում է օդակաթիլային ճանապարհով ու ախտահարում ընկալ օրգանիզմները:

Ջրծաղիկի պատվաստում աշխարհում կա, բայց` շատ թանկ արժե, այդ պատճառով էլ այն ընդգրկված չէ պատվաստումների ազգային օրացույցում: Չնայած բժիշկ Քոչարյանը վստահեցնում է, որ ջրծաղիկի հետեւանքով մահացություն գրեթե չի արձանագրվում, հիվանդության ընթացքը այնքան էլ ծանր չէ եւ որ ջրծաղիկով հիմնականում վարակվում են մինչեւ 10 տարեկան երեխաները: Մեծահասակները հազվադեպ են վարակվում, բայց եթե ջրծաղիկ են ընկնում, ապա ավելի ծանր են տանում: Ջրծաղիկի գաղտնի շրջանը առավելագույնը 21 օր է, հիվանդի սպասքը պետք է առանձնացնել, որպեսզի նրա հետ շփում ունեցող մարդկանց վարակվելու հավանականությունը նվազագույնի հասցվի: Բժշկի ներկայացմամբ, հազվադեպ է պատահում, երբ մեկ անգամ ջրծաղիկ հիվանդացած մարդը կրկին վարակվում է:

Բարձր ջերմությունը, մարմնի վրա թափանցիկ հեղուկով լցված պարկերը ջրծաղիկի նախանշաններն են: Վարակված մարդը պետք է խուսափի գրգռիչ սնունդ օգտագործելուց, եւ խմի շատ հեղուկներ:

Բժիշկ Քոչարյանի ներկայացմամբ, ջրծաղիկն այն հիվանդությունն է, որը կառավարելի չէ: Հիվանդությունից առաջացած բարդությունը կարող է լինի թոքաբորբի տեսքով եւ այլն:
Ինչ վերաբերում է բանակում ջրծաղիկի բռնկմանը, ապա տիկին Քոչարյանն ասաց, որ այդ մասին իրենք որեւէ տեղեկատվության չեն տիրապետում, բանակի` ջրծաղիկով հիվանդ զինվորներով զբաղվում է պաշտպանության նախարարությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031