Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը հորդորում է առայժմ քիչ խոսել ՄՄ-ի գործընթացից, իսկ Իրանի հետ հարաբերությունները խորացնելու է

Մայիս 20,2014 14:20

«Դուք կարո՞ղ եք այստեղ հայտարարել, որ եթե նման պահանջ առաջ քաշվի, դուք կհրաժարվե՞ք Մաքսային միությանն անդամակցելու գործընթացից»,- այսօր կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ վարչապետին հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը`նկատելով, որ կառավարությունն իր ծրագրում արտաքին քաղաքականության ոլորտում կարևորում է Մաքսային միությանն ու Եվրասիական միությանն անդամակցելու հարցը: Պատգամավորը հիշեցրեց, որ ՄՄ հիմնադիր երկրների նախագահները և առանձին չինովնիկներ պարբերաբար բարձրացրել են այն հարցը, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դեպքում պետք է մաքսակետեր տեղադրվել ՀՀ և ԼՂՀ միջև:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատգամավորին խորհուրդ տվեց քիչ խոսել Մաքսային միությանը միանալու դեպքում ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետերի մասին, մինչեւ բանակցություններն ավարտվեն. «Այդ մասին քիչ խոսեք մի քիչ, շատ խոսելը խաթարում է բանակցություններին: Մենք ուզում ենք, որ լինի այնպես, ինչպես ուզում ենք, բայց դրա մասին կխնդրեմ, որ քիչ խոսենք»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ մայիսի վերջը լինելու է ՄՄ նախագահների հանդիպում, ապա հունիսի վերջին՝ Մինսկում, վարչապետների հանդիպումը: «Հանդիպումներից հետո հստակեցումներ կունենանք»,- ասաց վարչապետը:

Պատգամավորը նաեւ նկատեց, որ կառավարության ողջ ծրագրում «գազ» բառը ոչ մի անգամ չի օգտագործվել ու հետաքրքրվեց, արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է այլընտրանքային գազամատակարարման աղբյուրներ գտնելուց, մասնավորաբար, Իրանից`հիշեցնելով նախկին նախարարի խուսափողական պահվածքն այս հարցերի շուրջ քննարկումների ժամանակ: Պատգամավորը հիշեցրեց, որ վերջերս Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է քննարկել հարցը`Հայաստանի տարածքով Եվրոպա գազ արտահանելու:

Վարչապետն ասաց, որ անպայման շարունակելու են այլընտրանքային գազի ներմուծման աշխատանքները եւ Իրանի հետ արդեն իսկ որոշակի աշխատանքներ կատարվել են. «Իրանի հետ ես լուրջ տրամադրված եմ հարաբերությունները խորացնել եւ ամեն ինչ անելու եմ, որպեսզի քննարկումների մեջ գտնվող ծրագրերն իրականություն դառնան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031