Oրերս ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել էր «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության Աֆրիկայի, Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի զարգացման եւ ճանաչման պատասխանատու Ակե Սորմանին: Ըստ ԿԳ նախարարության կայքի, հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Հայաստանում «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայականի ճանաչման, հանրակրթական ուսումնական հաստատություններում միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի ներդրման, հայաստանյան կրթական ծրագրերի հետ համադրման հարցեր:
Aravot.am-ը ԿԳ նախարարին խնդրեց մանրամասնել հանդիպման ժամանակ քննարկվածը, մանավանդ միջազգային բակալավրիատի ծրագրի հայացումը ամենաքննարկվողներից է ու միշտ բուռն կրքեր է հարուցում:
«Նիդերլանդների Թագավորություն կատարած իմ այցի շրջանակներում հանդիպել էի նաեւ «Միջազգային բակալավրիատի» տարածաշրջանային տնօրինության հետ, միասին մշակել էինք համագործակցության մասին հուշագրի նախագիծ: Նախագծով նախատեսվում է համագործակցության լայն շրջանակ, որպեսզի միջազգային բակալավրիատը որպես հանրակրթության լավագույն ծրագրերից մեկը՝ դառնա մեր ազգային կրթական համակարգի մի մասը:
Ի դեպ, որոշ դպրոցներ արդեն անցել են հավատարմագրումը այդ կազմակերպությունում: Խոսքը վերաբերում «Քվանտ» քոլեջին, Դիլիջանի միջազգային դպրոցին, նաեւ Անանիա Շիրակացու անվան ճեմարանն է իր տարրական դպրոցը հավատարմագրել միջազգային բակալավրիատում»,-նշեց նախարարը:
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ, Հայաստանում հետաքրքրությունը բավականին մեծ է այդ կրթական ծրագրի հանդեպ, դրա համար էլ նախարարությունը մտադիր է լիարժեք համագործակցության շրջանակ ստեղծել միասին, որ իր մեջ կներառի ինչպես համատեղ հանրակրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը, այնպես էլ եղած ծրագրերի հայկականացմանն ուղղված քայլերը եւ ուսուցիչների շարունակական վերապատրաստման՝ միջազգային բակալավրիատի լավագույն փորձը:
«Այս անգամ մենք աշխատեցինք հուշագրի վերջնական տեքստի վրա, եկանք ընդհանուր համաձայնության եւ մոտ ապագայում պատեհ առիթով այդ հուշագիրը կստորագրվի՝ երկու կողմերի համար համագործակցության հիմք ծառայելով: Միջազգային բակալավրիատը ունի երեք տեսակ ծրագիր՝ տարրական, միջին եւ ավագ դպրոցում, ամենաբարդը ավագ դպրոցի ծրագրերն են, որոնք վերջանում են միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկատով, միջազգային բակալավրիատի IB դիպլոմով: Վերջինս հիմք է հանդիսանում աշխարհի 2000-ից ավելի լավագույն բուհերում առանց քննությունների ընդունելու համար: Ավագ դպրոցի ծրագրի իրականացումը կատարվում է երեք լեզուներով, այս պահին՝ անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն, առայժմ որեւէ այլ լեզվով չի հաջողվել նման տեսակի ծրագիր իրականացնել, քանի որ այդ ծրագիրը ենթադրում է աշակերտների ստուգողական աշխատանքների խաչաձեւ ստուգման ենթարկում՝ մեկ այլ երկրում գտնվող անկախ փորձագետների կողմից: Հասկանալի է, որ հայերենով կատարվելու դեպքում, այս պրոցեսը չի կարող իրականանալ, որովհետեւ անկախ ստուգող մարմիններ չեն լինի: Տեսականորեն հնարավոր է երեխաներին սովորեցնել հայերեն, բայց միեւնույն է՝ իրենք քննությունները պարտավոր են լինելու անգլերեն հանձնել, ինչը կրկնակի բարդացնում է երեխաների աշխատանքը:
Այնուհանդերձ, այս խոչընդոտները մեզ չեն խանգարի միջազգային բակալավրիատի կրթական ծրագրերի լավագույն մասը, բովանդակությունը Հայաստան ներմուծել, որովհետեւ մեզ համար կարեւորը այս պահին ծրագիրն է, քանի որ միջազգային սերիտիֆիկատն իր արժեքն ունի աշխարհում:
Մյուս կողմից էլ՝ հայկական կրթական միջավայրում կարող են լինել հայկականացված IB ծրագրեր՝ առանց համապատասխան դիպլոմի: Տարրական դպրոցում ավելի հեշտ կազմակերպել մայրենի լեզվով նման տեսակի ուսուցում, ինչը մի քիչ ավելի բարդ է միջին դպրոցում, իսկ ավագ դպրոցում այն աստիճան դժվար է, որ ընդամենը երեք լեզվով են այս պահի դրությամբ կարողանում նման տեսակի կրթական ծրագիր դասավանդել: Բայց դա չի նշանակում, թե մենք վերջնական փաստաթղթի վրա շեշտադրում անելով՝ զերծ ենք մնալու IB կրթական ծրագրերի հայկականացումից: Մի խոսքով, հուշագիրը մոտ ապագայում ստորագրվելու դեպքում, կենթադրի ծրագրի հերթականություն, ինչպես արդեն ասացի՝ ծրագրերի հայկականացումից մինչեւ դասագրքեր, ուսուցիչների վերապատրասում եւ այլն»,-պարզաբանեց նախարարը:
Մեր ճշտող հարցին, արդյոք նկատի ունի, որ ավագ դպրոցում ծրագիրը հայերեն ներդնելը բարդ է, բայց ոչ անհնար, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Որպեսզի երեխաները հետո ստանան միջազգային IB սերտիֆիկատ, այդ պարագայում դա գրեթե անհնար է: Պատկերացնո՞ւմ եք երեխաների ծանրաբեռնվածությունը. ստիպված պիտի լինեն երկու լեզվով ծրագիրն անցնել, որպեսզի մեկը լինի մայրենի լեզվով, մյուսով կարողանան քննություն հանձնել: Իսկ եթե չենք դնում սերտիֆիկատի հարց, շեշտադրումը գնում է միայն կրթության բովանդակության վրա, ապա այստեղ խոչընդոտներ չունենք: Մեզ նախեւառաջ հետաքրքրում է կրթության բովանդակությունը: Ցանկալի կլիներ, որ նրանք ստանային միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկատ, բայց քանի որ այս պահին դա գրեթե անհնար է իրականացնել, հանրակրթական ծրագրերի մեր կողմից հայացման ծրագրերը այս պահին ավելի հեշտ է լուծել տարրականում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մինչեւ մարդը հայերեն չմտածի, նա չի կարող հայ լինել: Թե կհասկանանք սա, ագզ կդառնանք, իսկ եթե ոչ` ապա մեր մեջ, մեր իսկ միջոցներով կձեւավորենք հերթական արմենաշոտյանականների: Մենք էլ չգիտենք, թե ինչ ենք ուզում, դրա համար էլ էս վիճակում ենք: