Այսօր կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հայտարարեց իր մի մտադրության մասին՝ մի կառույցում համախմբել նախկին վարչապետներին: «Քանի որ այս դահլիճում նստած են երկու նախկին վարչապետներ, ուզում եմ տեղեկացնել, որ ցանկանում եմ ստեղծել «վարչապետների ակումբ», որտեղ կներգրավվեն ՀՀ բոլոր վարչապետները, տնտեսական, քաղաքական գործընթացները կքննարկեն: Նրանց փորձը, գիտելիքները հաշվի կառնվի, դա, իմ կարծիքով, լավ գաղափար է, համոզված եմ, որ նախին վարչապետների մեջ կան գործիչներ, որ իրենց գիտելիքներով, փորձով կօգնեն իրականացնել մեր ծրագիրը»,- ասաց գործող վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը բարձրաձայնեց իր ցանկությունն այն մասին, որ մեր ժողովուրդն ապրի բարեկեցիկ կյանքով: Իր համոզմամբ, այդ հարթակը թույլ կտա նախկին վարչապետներին իրենց գաղափարներով օգնել ու նպաստել երկրի զարգացմանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով հարց էր ուղղել վարչապետին, տեղից արձագանքեց. «Շնորհակալություն՝ ակումբ ստեղծելու համար: Մենք ժլատ չենք, կկիսվենք, միշտ էլ կիսվել ենք»:
Հովիկ Աբրահամյանն իր արձագանքում անհասկանալի համարեց այն ուժերի պահվածքը, ովքեր չեն ուզում իրենց հետ աշխատել: Բայց քանի դեռ իր համբերությունը չի հատել, շարունակելու է համագործակցության ձեռք մեկնել: Հիշեցնենք, որ կառավարության մեկնած ձեռքը համառորեն չեն ցանկանում սեղմել ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ