Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Կուտակայինը կլինի պարտադիր, բայց ոչ պարտադրված»

Մայիս 20,2014 13:48

«Ասացիք, որ ծրագիրն իրատեսական է, խստապահանջ և ականջալուր։ Առաջին երկուսի փիլիսոփայությանը դեռ կանդրադառնանք, ինչ վերաբերում է ականջալուր լինելուն, ապա ինչպես Սերժ Սարգսյանն ասաց՝ հանրության 80%–ը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Հետևաբար, դուք գոնե այդ 80%–ին պիտի լինեք ականջալուր, բայց տեսնում ենք, որ կառավարության ծրագրում կրկին ֆիքսված է պարտադիր կուտակայինը»,- այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետին հարց տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Կառավարությունն արել է առաջին քայլերը, որոնք անհրաժեշտ էին մինչև նոր փաթեթը ԱԺ բերելու համար։ Այնպես ենք անելու, որ լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված, ժողովուրդը մեր թշնամին չէ, ամեն ինչ անելու ենք, որ լինի հնարավորինս լայն խավերի կողմից ընդունվող նախագիծ»,- ասաց վարչապետը: Պատգամավորը նկատեց, որ «պարտադիր, բայց ոչ պարտադրված» ձևակերպումը որևէ կերպ չի կարողանում հասկանալ, բայց հույս ունի, որ վերջնարդյունքում այն կբավարարի հասարակության 80%–ին: «Ի դեպ, ես չեմ կարծում, որ պարտադիր կուտակայինը վատ ռեֆորմ է։ Կարող է կա վատ մատուցում կամ սխալ ընկալում։ Փորձելու ենք ավելի թափանցիկ ներկայացնել մեր ռեֆորմները»,- հակադարձեց ՀՀ վարչապետը։

Մեկ այլ պատգամավորի` Վահան Բաբայանի դիտարկմանը, թե հանրությունը սպասում էր, որ նոր կառավարության ծրագիրը ոչ թե կլիներ իրատեսական, խստապահանջ և ականջալուր, այլ հակաճգնաժամային, վարչապետը հակադարձեց. «Կարծում եմ, որ այդ ճգնաժամը, իրականում, կառավարության վատ աշխատանքի հետ կապված չէ, այլ պայմանավորված է Ռուսաստանի և այլ երկրների ֆինանսական գործընթացների հետ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031