Լրահոս
Օրվա լրահոսը

Ստաս Նամինը երբեք չէր խնդրի տեղադրել Միկոյանի արձանը. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 20,2014 13:46

Հատված Վահան Վարդապետյանի հետ հարցազրույցից:

– Երեւանի իշխանությունները, մասնավորապես՝ գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, որպես արձանի տեղադրման հիմնավորում միայն մի բան էին նշել, որ սա Անաստաս Միկոյանի շառավիղների, ժառանգների ցանկությունն է։ Թեպետ ոչ մի անուն չեն ասում։ Այդ ժառանգների թվում, մասնավորապես, շրջանառվում է նաեւ հայտնի ռուսաստանցի կոմպոզիտոր, մշակութային գործիչ Ստաս Նամինի անունը։ Որքանո՞վ է դա հավանական՝ հաշվի առնելով, որ Նամինն ի վերջո համաշխարհային համբավ ունեցող մշակութային գործիչ է, արվեստի ոլորտի ականավոր գործիչներից մեկը։

– Հայաստանում ամեն տեսակ լուրեր կարող են շրջանառվել։ Անգամ՝ ծայրահեղ բամբասանքի հասնող։ Ես չգիտեմ, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, թե այդ հայտնի գերդաստանի որ շառավիղը, ինչ չափով մասնակցություն ունի։

Ես այդ գերդաստանից մոտիկից ճանաչում եմ Անաստաս Միկոյանի հարսին՝ Նամի Միկոյանին, եւ թոռանը՝ Ստաս Նամինին, որը հենց Անաստաս Միկոյան անունն է կրում։
Դուք լավ բնութագրեցիք. Ստաս Նամինը վառ անհատականություն է, բացառիկ դեմք ոչ միայն խորհրդային, ռուսական, այլ նաեւ՝ միջազգային մասշտաբով։ Բազմաթիվ անգամ ես անձնական շփումներ եմ ունեցել՝ ընդհուպ մինչեւ ընկերական հարաբերություններ։
Ստաս Նամինը բազմակողմանի, մեծ ընդգրկում ունեցող գործիչ է, եթե ծանոթանաք նրա մշակութային գործունեությանը, կհասկանաք, որ ինքը խորհրդային մշակույթում իրոք հեղափոխություն իրականացրած գործիչ է եղել։ Նամինին կարելի է համարել եւ արվեստագետ, եւ արվեստաբան, երաժիշտ, կոմպոզիտոր, լուսանկարիչ, ճանապարհորդ։ Նա այնպիսի գեղանկարներ է արել, որ ուղղակի ցնցող է:

Հրաշալի գծանկարներ ունի, իր գործերից մի քանիսը նա ինձ է նվիրել։ Անգամ Օհան Դուրյանի թանգարանում կա նրա գծանկարը, որտեղ Նամինը այնքան բնորոշ է Մաեստրոյին նկարել։ Նամինը սիմֆոնիկ երաժշտության այնպիսի
կտորներ է ստեղծել, որ շատ տաղանդավոր կոմպոզիտորների համար դժվար կլիներ։ Նամինը կազմակերպչական, մենեջերական ունակություններով գրեթե հավասարը չունի։

Օրինակ, նա կարող է կազմակերպել Ռուսաստանի մշակույթի օրեր Չինաստանում, ԱՄՆ-ում։ Ես նրան ընդհանուր բնութագրեցի։ Բայց Ստաս Նամինը իմ համար շատ նվիրական մի անուն է, որ բացառիկ գործ արեց մեր երաժշտական արվեստի համար։ Երբ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը (Ռոբերտ Քոչարյանի -Մ.Ղ.) ուղղակի ոճրագործություն կատարեց մշակույթում, իսկ Օհան Դուրյանի դեմ արվածը ոճրագործություն էր, Ստաս Նամինը ոչ մի բանի առջեւ կանգ չառավ։ Լայն ասպարեզ բացեց եւ այնպիսի բարձր մակարդակի համերգներ կազմակերպեց, ու Մաեստրոն իր ողջ հզորությամբ կարողացավ փայլել ռուս հանդիսատեսի առջեւ։ Դրանք փառապանծ համերգներ էին։ Ես Նամինին ամբողջ կյանքում երախտապարտ եմ Մաեստրոյի համար այդպիսի համերգներ կազմակերպելու եւ Մաեստրոյի արվեստին նվիրված ֆիլմ նկարահանելու համար։ Երբ Հայաստանում Մաեստրոն իշխանությունների կողմից չէր գնահատվում, Նամինը Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճում ամենաբարձր հյուրերի ներկայությամբ կազմակերպում էր Մաեստրոյի ծննդյան 80-ամյակը։ Մաեստրոյին նվիրված ֆիլմում Նամինն ասաց, որ Օհան Դուրյանը բացարձակ այլ իրականության գործիչ է եւ դա արտահայտվում է նրա արվեստում։ Նույն խոսքերով կարող եմ բնութագրել Ստաս Նամինին։ Նա ծնվել, ապրել եւ մեծացել է սովետական ռեժիմի կիզակետում, հայտնի գերդաստանների շառավիղ է։ Բայց նա իր էությամբ, չեմ ուզում ասել, թե հակախորհրդային, բայց խորհրդային ոչինչ չէր կրում, ազատամիտ, անկաշկանդ անհատականություն է։

– Այսինքն, նրա առնչությունը Միկոյանի արձանի տեղադրմանը այնքան է՞լ հավանական չեք համարում։

– Անկեղծ ասած, առիթ չի եղել, որ ճշտեմ նրա առնչությունը արձանի տեղադրման հետ։ Մի բան կարող եմ վստահաբար ասել. երբեք ինքը չի խնդրի, դիմի, դա անհնարին բան է։ Կարող է, իրեն դուր գալու, հաճոյանալու համար դիմեն եւ ներկայացնեն, որ դա հայ ժողովրդի ցանկությունն է, ոչ թե կառավարության, քաղաքապետարանի, եւ նա պարզապես մերժած չլինի։ Ես այդպես եմ կարծում, եւ ճիշտն ասած, ցանկանում եմ, որ այդպես եղած լինի:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ armenlur.do.am կայքից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031