Հայաստանում իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի հետ հարաբերվելը վտանգավոր է մարդու անվտանգության ու կյանքի համար, առավել եւս երբ իշխանության կրողը նաեւ օլիգարխ է: Անդրադառնալով Վերնիսաժի մոտ տեղի ունեցած միջադեպին, «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ եւ կան 5 վիրավորներ:Ավելի ուշ պարզ դարձավ, որ կրակոցի մասնակիցը ԱԺ ԲՀԿ-ական մականունավոր պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսան է եղել՝ Գոռ Առաքելյանը, իսկ վիրավորները՝ որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց , պատահական անցորդներ: Վերնիսաժում վիճաբանության հետեւանքով պատգամավորի փեսան յոթից-ութ կրակոց է արձակել:
Այս դեպքն, ըստ իրավապաշտպանի, իր էությամբ, միակը չէ, նմանօրինակ դեպք էր նաեւ «Հարսնաքարի» ողբերգական միջադեպը, երբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների ծեծից տեղում մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ծանր վնասվածքներ ստացան Ավետյանի ընկերները:
Նմանօրինակ դեպքն էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ողբերգական միջադեպը, երբ նրա որդու եւ թիկնապահի կրակոցներից զոհվեց գնդապետ Ավետիք Բուդաղյանը, սակայն փաստացի որեւէ մեկը պատիժ չկրեց տեղի ունեցածի համար, իսկ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը մարզպետի պաշտոնից ոչ միայն կապվեց աղմկահարույց դեպքի, այլեւ դրան նախորդող նախագահի ընտրություններում Սյունիքում Սերժ Սարգսյանի հավաքած ընտրողների փոքրաթիվ ձայներով:
Կարդացեք նաև
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը թե Վերնիսաժի մոտ տեղի ունեցած դեպքը, թե վերը թվարկվածները պայմանավորում է երկրում տիրող ընդհանուր անպատժելիության մթնոլորտով:
«Այդ անպատժելիությունը հետեւանք է նրա, որ մեր երկրում իրավունքի գերակայության սկզբունքը չի գործում, չի գործում օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, այլ գործում է ընտրողական արդարադատությունը, երբ օրենք իր ողջ խստությամբ կիրառվում է ոչ յուրայինների եւ սովորական քաղաքացիների նկատմամբ եւ բացարձակապես չի կիրառվում յուրայինների նկատմամբ, որոնք ունեն հատուկ կարգավիճակ պետության մեջ »,-«Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Էմմա Քալաշյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում