Հատված Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հարցազրույցից:
– Ի տարբերություն նախորդ կառավարության ծրագրի, որում ցուցանիշները շատ էին, նորում դրանք չափազանց քիչ են: Մասնավորաբար բացասաբար է ընդունվում այն, որ նախորդի համեմատությամբ նոր ծրագրով տնտեսական աճի մակարդակը 7%-ից իջել է մինչեւ 5%-ի: Ի՞նչ կասեք այս մասին:
-Հարցին պատասխանեմ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետեւյալ մտքով` մենք պետք է ասենք քիչ, լինենք իրատեսական ու փորձենք այդ իրատեսական ցուցանիշները գերազանցել: Ակնհայտ է, որ նոր կառավարությունը փոխում է իր աշխատաոճը, այն է` չասել մի բան ու հետո չանել ասվածը, այլ, հակառակը, ասել թեկուզ քիչ, բայց անել ավելին:
-Սակայն ոչ իշխանական ուժերն արդեն իսկ հակադարձում են, որ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներկայիս սոցիալ-տնտեսական իրողությունները, 5 տոկոս տնտեսական աճը մեզ համար անընդունելի ցուցանիշ է:
Կարդացեք նաև
-Համակարծիք չեմ: Ինչպես գիտեք, նախորդ տարի մենք փակեցինք 3,5 տոկոս տնտեսական աճով, չնայած խոսվում էր 7 տոկոս աճի մասին: Ուրեմն եթե այս տարին փակենք 5 տոկոսով, ինչպե՞ս կարելի է սա դրական քայլ չհամարել: Կարծում եմ, նոր կառավարությունը շատ ճիշտ ուղիով է գնում` ասել քիչ ու փորձել գերազանցել այդ ցուցանիշը:
-Նախկին ծրագրով կանխատեսվում էր մինչեւ 2017թ. կրկնապատկել նվազագույն աշխատավարձը` հասցնելով 70 000 դրամի, իսկ նորը` նվազագույն աշխատավարձ է սահմանում 65 000 դրամը: Սա անբավարար ցուցանիշ չէ՞, եթե նաեւ նկատի ունենանք, որ այսօր նվազագույն զամբյուղը դրանից ավելին է:
-Այն ժամանակ, երբ մենք հրապարակեցինք այդ` 70 հազար դրամի ցուցանիշը, նվազագույն աշխատավարձը մեզանում ընդամենը 32 500 դրամ էր: Հանրապետական կուսակցությունը անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստացավ նվազագույն աշխատավարձը կրկնապատկել, եւ այժմ այդ 65 000 դրամը խոստացված կրկնապատիկն է:
-Փաստորեն 70 000 դրամը անիրատեսական թիվ էր:
-Ես կարող եմ այս պահին ասել հետեւյալը` խորհրդարանական հաջորդ ընտրությունների` 2017-ի շեմին, նվազագույն աշխատավարձը կլինի 65 000 դրամ, այսինքն՝ նախկինի կրկնապատիկը, ինչի մասին ՀՀԿ-ն խոստացել է ու կատարելու է: Այո՛, սա է իրատեսականը:
-Իսկ ի՞նչ կասեք աշխատատեղերի հետ կապված. եթե նախկին ծրագրով նախատեսվում էր մինչեւ 2017 թ. ստեղծել 100 000-ից ավելի նոր աշխատատեղ, ապա նոր ծրագրով որեւէ թիվ չկա նշված:
-Դրա փոխարեն նշված են այն ոլորտներն ու գործիքները, որոնցով պետք է տնտեսությունը զարգացնել ու դրա արդյունքում աշխատատեղեր ստեղծել: Սա շատ ավելի կարեւոր է, քան վերացական թվերի հրապարակումը:
-Փաստորեն կարող ենք ասել, որ նոր կառավարությունը թվերի, տվյալների մասին խոսելիս խիստ զգուշավորություն է ցուցաբերել:
-Խնդիրը ոչ թե զգուշավորությունն է, այլ իրատեսությունը: Եթե դա ոմանք համարում են զգուշավորություն, թող համարեն: Կարծում եմ, ավելի ճիշտ է այսօր լինել, այսպես ասած, զգուշավոր, իսկ դա, ըստ իս, իրատեսություն է, որպեսզի հետո հնարավորություն ունենանք գերազանցել ներկայացված իրատեսական ցուցանիշները, եւ ոչ թե այսօր մեծ-մեծ ցուցանիշների մասին խոսել` վաղը դրանք չիրականացնելով:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում