Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Կառավարության կազմում մասնակի փոփոխություններ կարող են լինել». «Իրատես de facto»

Մայիս 20,2014 13:30

Հատված ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հարցազրույցից:

– Գործարարների հետ վարչապետի հանդիպումը նաև ա՞յդ խնդիրն ուներ, թե՞ բյուջե լցնելու հարց էր լուծվում։

– Որ երկրում էական ստվերայնություն կա, և այդ ստվերայնությունը կառավարության համար թիրախ է, միանշանակ է։ Չէր կարող լինել որևէ կառավարություն, որ այդ թիրախն իր համար չվերցներ և խնդիր չդներ ստվերի չափերը նվազեցնելը։ Չեք գտնի որևէ երկիր, որ ստվերն ամբողջությամբ ու մեկընդմիշտ վերացրել է, դա հաստատում է և քաղաքագիտական, և մասնագիտական տեսակետը։ Կառավարությունը հրապարակում է իր դիրքորոշումը և քննարկում մարդկանց հետ, որ ապրում և աշխատում են մեր երկրում։

Այդ քննարկումը բազմաթիվ առաջարկներ է բերում, որոնք գործի օգտին են միայն։ Անկեղծ ասած, գործարարների հետ վարչապետի հանդիպմանը հաջորդած մեկնաբանությունների մեծ մասը պարզ շահարկում էր։ Այլ գնահատական չես տա, երբ բարձրաձայնում են՝ իսկ նախորդ կառավարությունն ի՞նչ է՝ ստվերի դեմ չէ՞ր պայքարում, դուք հիմա յուրայինների դե՞մ եք պայքարում և այլն, և այլն։ Նման հարցադրումներն ընդամենը թեմայի շահարկում են, մինչդեռ կարևոր գործ է արվում։

– Շահարկո՞ւմ եք համարում նաև գործարարների ցանկի քննարկումը։

– Միշտ մեկը կգտնվի, որ հանդիպումից բացակայել է, դա քննարկման բովանդակությունը կամ ձեռք բերված պայմանավորվածությունները չի ստվերում։

– Կա՞ երաշխիք, որ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը ադեկվատ կդառնա իրենց ունեցվածքից բխող հարկային պարտականությունների կատարմանը։

– Որևէ մեկը նման երաշխիք չի կարող տալ, աշխարհի փորձը ցույց է տվել, որ հնարավոր չէ ստվերը բացարձակապես վերացնել ու բացարձակ ադեկվատություն ապահովել հարկերի ու հարստության միջև։ Բայց դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ չպիտի աշխատել։ Ես վստահ եմ, որ բյուջեի հարկային մուտքերի հավաքագրման գործընթացում բավականին մեծ փոփոխություններ են լինելու։ Եվ հանդիպման փաստը, և խաղի կանոնների մասին պայմանավորվածությունները օգտակար են լինելու բյուջեի հավաքագրման, ստվերի պակասեցման գործընթացում։

– Հակառակ պարագայում հնարավո՞ր է, որ սեպտեմբերին կամ հունվարին կառավարություն փոխվի։

– Հազիվ թե նման անհրաժեշտություն լինի, թեև կառավարության կազմում մասնակի փոփոխություններ կարող են լինել, դա բնավ էլ վատ չէ, աշխատանքի նկատմամբ խստապահանջությունը անհրաժեշտ է աշխատանքի արդյունավետության համար։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031