Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը ընդդիմությանը իրեն քննադատելու հաճույքից զրկելու է

Մայիս 20,2014 13:17

Այսօր խորհրդարանում, կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարց տալու համար հերթագրվել էին 34 պատգամավորներ: Այդ թիվը տեսնելով`վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Բա մի ժամանակ վարչապետին հարցեր չէիք տալիս»:

Առաջին հարց տվողը`ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, նկատեց, որ այդ դիտողությունն իրեն չի վերաբերվում եւ «սպառնաց»`«ինչքան որ Տիգրան Սարգսյանին եմ հարց տվել, ավելի դժվար հարցերը ձեզ եմ տալու»: Ապա, ՀՀ Սահմանադրությունից մեջբերում անելով հետաքրքրվեց`Ձեր կառավարությունում չկա՞ն նախարարներ, որոնք զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նման տեղեկատվություն, որ կառավարությունում կան նման կադրեր, ինքը չունի ու հավելեց, որ եթե նման անդամ լինի`կհեռանա կառավարությունից:

Արամ Մանուկյանը վարչապետին խորհուրդ տվեց մամուլին հետեւել եւ տեղեկանալ, թե ինչով են զբաղված կառավարության անդամները, եթե, իհարկե, ինքը չգիտե: Վարչապետը մերժեց առաջարկը`նկատելով, որ մամուլը հաճախ նաեւ թյուրիմացության մեջ է գցում իր հրապարակումներով:

Արամ Մանուկյանն ասաց, որ մարդիկ շատ վատ են արտահայտվում Հովիկ Աբրահամյանի նշանակած կադրերի մասին եւ հետաքրքրվեց`նոր նշանակված որոշ կադրեր ձե՞ր առաջարկով էին, որ Սերժ Սարգսյանը նշանակեց, թե` հակառակը`զգուշացնելով, որ երկու պատասխաններն էլ վարչապետի համար վտանգավոր են: Վարչապետը տարակուսեց, որ պատգամավորը Սահմանադրությունն է կարդում ու չգիտե՞, որ կառավարության անդամները վարչապետի առաջարկով են նշանակվում: Վարչապետն ասաց, որ նշանակումների ժամանակ իր համար կարեւոր սկզբունքը եղել է, որ բոլոր կադրերը լինեն պրոֆեսիոնալ: Ինչ վերաբերվում է այդ կադրերի որակումներին, ասաց որ եթե ՀԱԿ-ից էլ նշանակեին, միեւնույն է տարբեր պիտակավորումներ լինելու էին:

Իր պատասխանում Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ ՀԱԿ-ն ընդհանրապես հրաժարվել է այս իշխանության հետ որեւէ քայլ գցելուց, հետեւաբար, իրենք չէին կարող լինել կառավարությունում: Պատգամավորը նկատեց, որ Հովիկ Աբրահամյանի նշանակումից, նրա առաջին քայլերից, որոշակի սպասելիքներ կային, սակայն, իր առաջին կոպիտ սխալները հենց այդ նշանակումներն էին:

Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին ասաց, որ հասկանում է ՀԱԿ-ի մտավախությունները, որ կարող է կառավարությունը դրական գործի եւ քննադատության տեղ չթողնի. «Աշխատելու ենք քիչ սխալներ թույլ տալ, որ ձեզ`մեզ քննադատելու հաճույքը չպատճառենք»:
Այս երկխոսությանը միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատելով, որ եւ իշխանության եւ հասարակության համար դրական է, որ ՀԱԿ-ը հրաժարվել է իրենց հետ աշխատելուց: «Մեր տեսքը ձեզ դուր չի գալիս, այլ հարց է, բայց խնդրում եմ հարցերը տալ բուն ծրագրին վերաբերվող»,- վրդովմունքը պարպեց Գալուստ Սահակյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031