Վարդան Պետրոսյանի պաշտպանի օգնականը հեռացվեց նիստերի դահլիճից
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը մտել է խոհրդակցական սենյակ, քանի որ պաշտպանական կողմը հանդես է եկել միջնորդությամբ՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու միջնորդությամբ: Մինչ այդ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի օգնականը՝ Դավիթ Պողոսյանը, տեղ էր զբաղեցրել նրա կողքին: Ն. Բաղդասարյանը վկայակոչեց քրեական դատավարության օրենսգրքի փաստաբանության մասին գործող օրենքի համապատասխան հոդվածը, որը կարգավորում է օգնականի կարգավիճակը: Օգնականն ունի փաստաբանին հավասար իրավունքներ: Սակայն դատավոր Վաղինակ Մկրտչյանը զգուշացրեց օգնականին՝ տեղ զբաղեցնել նիստերի դահլիճում եւ ոչ թե հանդես գալ որպես դատավարության կողմ: Երբ Դավիթ Պողոսյանն ասաց, որ չի ենթարկվի, չի հեռանա, մինչեւ սանկցիա չկիրառվի, այդ ժամանակ դատավորը հեռացրեց օգնականին նիստերի դահլիճից, քանի որ, ըստ նրա՝ օգնականը խախտել էր դատավարության կարգը:
Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ դիմելու է բոլոր միջոցներին, որ սա ոչ թե իր անձնական խնդիրն է, այլ փաստաբանական ինստիտուտի եւ որ դատավորը խոչընդոտել է այդ ինստիտուտի զարգացմանը: Ըստ պաշտպանի, այդ նույն ձեւով կարելի է դատական նիստերի քարտուղարի հեռացնել նիստերի դահլիճից: Պաշտպանը վկայակոչեց նախորդ նիստում դատավորի կողմից կիրառված սանկցիաների մասին, երբ տուժողներ Արթուր եւ Հայկ Հակոբյանները հեռացվեցին 4 ժամով, մինչդեռ պաշտպանի օգնականի հետ կապված՝ դատարանը որեւէ ժամկետ չի նշել:
Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպանը հանդես էր եկել միջնորդությամբ, որը, ըստ տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանի՝ ոչ այն է միջնորդություն էր, ոչ այն է՝ հայտարարություն եւ կամ պաշտպանական ճառ: Ֆրանսիացի պաշտպանն ասաց, որ Վ. Պետրոսյանը չի ուզում փախուստ գործել իր ժողովրդից, իր արդարադատությունից: Ըստ նրա՝ եթե նա Ֆրանսիայում էլ գտնվի, այս դեպքի համար կդատվի: Նա ասաց, որ սովորաբար մեղադրվողի մեղավորությունը չափվում է նրա դատական անցյալով եւ որ Վարդան Պետրոսյանը չունի դատական անցյալ:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ ինքը ցնցում է ապրել, երբ համացանցում կարդացել է «ցեղասպանություն» բառը, որը վերաբերել է այդ գործին: «Ես Ֆրանսիայի քաղաքացի եմ, փաստաբան, ինչպես իմ ժողովուրդը, ես էլ պայքարում եմ, որ ճանաչվի հայոց ցեղասպանությունը, սակայն անթույլատրելի է այս գործը կապել… դա վերագրում եմ միջակությանը, ոչ արդարադատությանը»,- ասաց նա:
Պաշտպանն անդրադարձավ մարտի 27-ի նամակին, երբ տուժողները դիմել էին Պետրոսյանին հիվանդանոցից տեղափոխելու եւ «իսկական բանտ» տանելու մասին: Երկու օր անց բժիշկները նախապատրաստել էին Պետրոսյանին, կազմակերպել նրա տեղափոխումը եւ նրա վիճակը կտրուկ վատացել էր: «Ես չեմ ասում, թե նրա կալանքը անօրինական է, որովհետեւ հիվանդ է: Վարդան Պետրոսյանին «իսկական բանտ» տանելուց հետո չեմ կարծում, թե տուժողների վիճակը թեթեւացել է: Դուք պետք է լավ հասկանաք, որ այս մարդու մահն էլ չի բավարարելու տուժողներին, դա ողբերգություն է»,- շարունակեց Մարի Դոզեն:
Պաշտպանն անդրադարձավ հանրային կարծիքին եւ ասաց. «Կան ողբերգություններ, ուր չկան մեղավորներ: Հանրային կարծիքը պետք է սա հասկանա: Հանրային կարծիքը էմոցիաների գերի կարող է լինել, բայց ոչ արդարադատության: Արդարադատությանը չեք կարող օգնել հակառակն ապացուցելով»:
Ի դեպ, պաշտպանը անդրադարձավ հեռուստաընկերություններից մեկի պատրաստած տեսանյութին, որը ցուցադրվել է դատաքննությունից առաջ, ուր հանդես են եկել տուժողները, երբեմն դերասաններ՝ «վերականգնելու դեպքը»: Դա անմեղության կանխավարկածի խախտում էր: Նա հղում արեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ դատական գործընթացներին, որից 43-ով մարդու իրավունքներն ու ազատություններն են ոտնահարվել, 20 անգամ Հայաստանը դատապարտվել է, ըստ նրա՝ դատական անկախությունը ոտնահարելու համար: Ըստ նրա, եթե շարունակվի նույն ոգով, 5-6 տարի հետո Հայաստանը կդատապարտվի «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով: «Մասկարադը կարող է կանգ առնել»,- ասաց նա, ինչին հետեւեցին ծափահարություններ, իսկ դատավորը զգուշացրեց նիստը հետեւողներին, որ սանկցիա կկիրառի նրանց նկատմամբ, ովքեր խախտում են դատավարության կարգը:
Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Սարգսյանը անհիմն համարեց միջնորդությունը, ասաց, որ դատաքննության սահմանները չեն խախտվել, ծավալը չի մեծացել եւ որ միջնորդությունը ենթակա է մերժման: Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը իր գործընկերոջ խոսքը համարեց բարոյական, դաստիարակչական բնույթի հորդոր, ասաց, որ պաշտպանն իր ելույթում գնահատականներ է տվել դեռեւս չհետազոտված ապացույցներին, ինչ-որ անձանց ցուցմունքներին, ինչի իրավունքը չուներ:
Նա համաձայն չէր իր գործընկերոջ այն մտքին, թե կան ողբերգություններ, որտեղ չկան մեղավորներ: «Սա ողբերգություն է եւ կա մեղավոր, մեղավոր չէր լինի, եթե մեքենայի արգելափակման…», սակայն չհասցրեց ավարտել խոսքը, քանի որ դատավորը ընդհատեց նրան՝ մեղադրելով այլ հանգամանքի, հնարավոր ապացույցի գնահատման մեջ:
Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչը՝ Զարուհի Վարդանյանը մեղադրեց պաշտպանական կողմին: Ըստ նրա՝ պաշտպանական կողմը փորձ է անում հարմարեցնել փաստերը՝ հօգուտ ամբաստանյալի: Նա կոչ արեց ոչ թե պիտակներ կպցնել, այլ օգնել արդարադատությանը: Նիկոլայ Բաղդասարյանը տեղից ռեպլիկի կարգով հարց տվեց՝ «գնա՞նք», իսկ Վարդան Պետրոսյանն էլ դիմեց մեղադրողին, որ 7 ամիս հետո վերջապես իմացավ, որ իր նկատմամբ կալանք են ընտրել փախչելու եւ վկաների վրա ճնշում գործադրելու համար: «Ես փախչող չեմ»,- ասաց նա եւ ասաց, որ փակելով իր ճանապարհը, փակեցին տուժողների հետ երկխոսության, հաշտության եզրեր գտնելու ճանապարհը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Հետքի»
…և լույսը մի մութ տեղ էր փնտրում, որ թաքնվի բոլոր աչքերից: Եվ բոլորը տենդագին փնտրում էին այդ մութ տեղը ու չէին գտնում: