Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի պաշտպանի ճառից հետո հետեւեցին ծափահարություններ

Մայիս 20,2014 12:08

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով հանդես եկավ նրա երկրորդ պաշտպանը՝ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի փաստաբանների պալատի կողմից արտոնագրված Մարի Լոռ Դոզեն: Նա անդրադարձավ 7 չափորոշիչների, որը վերաբերում էր Վարդան Պետրոսյանի նկատմամբ նախնական կալանք կիրառելուն, հասարակական վտանգավորությանը, հանցագործության կրկնմանը, տուժողների եւ տուժողների ներկայացուցիչների վարքաբանությանը: «Նախնական փուլում Վարդան Պետրոսյանը համոզված էր, որ ինքը կարիք չի ունենալու պաշտպանի, նա ուներ միամտություն՝ կարծելու, որ եթե անմեղ է, փաստաբանի կարիք չի ունենալու»,- ասաց նա, սակայն ըստ նրա, երբ իր պաշտպանյալը բախվեց հակաճշմարտությունների, ապա կարիք ունեցավ պաշտպանի՝ հանձին Նիկոլայ Բաղդասարյանի:

Մարի Դոզեն ասաց, որ իր ներգրավվելուց հետո խոսում է նույն լեզվով, քանի որ նախնական կալանքի մասին հոդվածը Ֆրանսիայի օրենսդրության պատճենն է: Նա ասաց, որ կալանքը պետք է հիմնավորվի. նախնական կալանքը անմեղության կանխավարկածի ոտնահարում է եւ որքան ժամանակ անցնում է, նախնական կալանքի հիմնավորվածությունը պետք է ավելի հիմնավորվի: «Զոհվածի ընտանիքը մեղավորի կարիք ունի, դա մարդկայնորեն հասկանալի է: Երբ դատախազը սկուտեղի վրա մատուցում է մեղավորին, դա արդարադատության դեմ է: Ինչո՞ւ տուժող կողմը կարիք ունի ալկոհոլի օգտագործման վարկածին, չէ՞ որ մեղադրականում հարբած վիճակի մասին խոսք չկա: Ինչո՞ւ ձեր լիազորությունների շրջանակում այս հարցը չեք քննում»,- ասաց Մարի Դոզեն: Նաեւ հիշեց, թե ինչպես են տուժողների ընտանիքի անդամները բացականչել՝ «ասա, որ խմել ես, թշվառ հարբեցող»:

Փաստաբանը նաեւ վկայակոչեց նախորդ դատական նիստում տուժողների կողմից թռուցիկների բաժանման մասին, ուր Վարդան Պետրոսյանը Փարիզում իր ներկայացումներից մեկի ժամանակ ասել էր՝ «ուտում-խմում են»: Ըստ փաստաբանի, փոխարեն լսեն փորձագետներին, հենվում են այդպիսի ասեկոսեների վրա: «Ասեկոսեներ են տարածվում ձեր դատարանում: Ապշած եմ, ապշած եմ, երբ փողոցում հարցեր եմ տալիս, թե ինչ կարծիքի եք Վարդան Պետրոսյանի գործով, պատասխանում են՝ խնդիրը ալկոհոլի օգտագործման մեջ է: Շշմելու է, որովհետեւ այդ հանգամանքը նշված չէ գործի նյութերում: Եթե իջնում են հանրային կարծիքին, լրատվությանը հագուրդ տալուն, կարելի է հասկանալ: Իսկ երբ այստեղ՝ դատարանում են շարունակում՝ դա անհասկանալի է: Մենք ամրապնդում ենք ատելությունը տուժողների մեջ: Այն չպիտի ներս գա դատարան: Երբ արդարադատությունը իշխանության գործիք է օգտագործվում, դա դադարում է արդարադատություն լինելուց»,- ասաց նա:

Ի դեպ, ֆրանսիացի փաստաբանը իր զարմանքը արտահայտեց այն հանգամանքի վրա, որ մեղադրողի կողքին նստում են տուժողի ներկայացուցիչ փաստաբանները: Ասաց, որ Ֆրանսիայում հասարակությունն է մեղադրանքի կողմը եւ Ֆրանսիայում տուժող կողմի փաստաբանը ներկա չի գտնվում դատարանում, որ ապացուցի մեղադրանքը, այլ որ գտնվում է այստեղ, որ խոսի տուժող կողմի հետ:

Նա անդրադարձավ տուժողների կողմից վկաների հնարավոր ճնշմանը, անգամ կանխատեսեց, թե հնարավոր է գոյություն չունեցող վկան գա դատարան եւ խոսի Վարդան Պետրոսյանի հարբածության մասին, ինչը չկա. «Սրա անունը ողբերգություն է, ոչ թե քրեական հանցագործություն»:

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նկատի ունենալով մահացած պատանիների ընտանիքի կեցուածքը, հոգեվիճակն ու վերաբերմունքը, եւ նաեւ՝ հանրային որոշ – նոյն տիպի – տրամադրութիւններ, արդեօք կարելի չէ՞ մտածել թէ Վարդան Պետրոսեան բանտում պահելու որոշումը կը միտի նաեւ ապահովելու անոր մարմնային անվտանգութիւնը… Մինչեւ որ վերջնական եւ ըստ էութեան վճիռը արձակուի, որմէ ետք, ամէն պարագայի, բանտից դուրս գալով ան անմիջապէս եւ օրինապէս կարող է մեկնիլ ուրիշ երկիր: Ու մնայ այդտեղ, մինչեւ որ Հայաստանում, գոնէ այս խնդրում, կիրքերը հանդարտին… Քանզի ժամանակը կը բուժի ամէն բան… Ի դէպ, այս վերլուծման լոյսին տակ՝ իր դաստեարակչական բարձրաթիռ ելոյթների ընթացքում, Յարգելի Մեթր Մարի Լոռ Դոզեն կը թուի մոռցած ըլլալ ֆրանսական օրէնքի մի այլ տուեալ, ըստ որու, «ժամանակաւոր կալանք»ը կարող է որ հիմնուի «հանրային կարգի» խախտման վտանգի կամ մտահոգութեան վերաբերերող նկատողութիւնների վրայ: — Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031