Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանը քննադատեց ԱԺ-ին, Էդմոն Մարուքյանն արդարացավ

Մայիս 20,2014 11:51

«Մարդու իրավունքները մեզանում ամրագրված են հախուռն ձևով, առանց հստակ տարանջատման: Եվ թերի լուծումները սահմանադրական մակարդակում գործնականում հանգեցնում են մարդու իրավունքների ոտնահարման տարաբնույթ դրսևորումների»,-այսօր սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների անցկացման առաջին օրը հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Քննարկումները կազմակերպվում են ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ: Քննարկման նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը և խթանել առավել ընդգրկուն մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացում:

Կքննարկվեն իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորման, ապահովման և իրացման, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին առնչվող, իշխանությունների բաժանման և հավասարակշռման, դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնական մոտեցումներ:

Պարոն Հարությունյանի կարծիքով՝ մարդու իրավունքների երաշխավորումը «միայն թողնել խղճին ու բարի ցանկությանը՝ ոչնչի չի հանգեցնի: Առաջնահերթ խնդիրն այն է, որ մարդու իրավունքները երաշխավորվեն ու ապահովվեն: Այս տեսանկյունից լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն կա»:

Հստակեցվել է նաև իշխանությունների լիազորությունների հարցը, գործառույթների որոշակիացումն է: Այս առիթով պարոն Հարությունյանը շեշտադրում կատարեց ՀՀ նախագահի լիազորությունների շուրջ առաջացած մտահոգությանը և պարզաբանեց. «Ասում էին, թե նախագահի մեկ լիազորություն պակասեց, բայց յոթը ավելացավ, ուրեմն նախագահի լիազորությունները ավելացել են: Բնականաբար կարող է գործնականում մեկ լիազորություն պակասել, բայց հակակշռող յոթ լիազորություն ավելանալ, բայց գործնական առումով նրա լիազորությունները պակասում են»:

Պարոն Հարությունյանը, ըստ էության քննադատեց ԱԺ-ին՝ նշելով, որ
ԱԺ իրավական ակտերի 60 տոկոսը մինչև այժմ չի համապատասխանեցվել Սահմանադրությանը, այնինչ դրա համար երկու տարի ժամկետ է տրվում, ինչը հանգեցնում է մարդու իրավունքների ոտնահարմանը:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը արդարացավ. «Նախկինում ԱԺ-ում գործում էր ՍԴ որոշումներն ուսումնասիրող աշխատանքային խումբ: Հիմա նման աշխատանքային խումբ չի գործում, ամեն առանձին պատգամավոր ինքն է որոշում ինչ նախաձեռնությամբ հանդես գալ: Աշխատանքային բոլոր ռեսուրսները գործադիր իշխանությունում են կենտրոնացված: Պատգամավորից դժվար է պահանջել նման ծավալի աշխատանք, երբ յուրաքանչյուր պատգամավոր ունի մեկ օգնական և միշտ չէ, որ օգնականների ինստիտուտը մասնագիտական է գործում: ԱԺ-ն քաղաքական մարմին է, և մեր ժողովուրդն ինչպիսի ԱԺ ընտրել է, այդպիսին էլ ունենք: Պետք է հասկանալ արդյոք ցանկանում ենք ունենալ պատգամավորներ, որոնք գործարարներ են և չեն աշխատելու իրենց ընտրողների համար, թե՞ ցանկանում ենք ունենալ պատգամավորներ, որոնք պրոֆեսիոնալ են: Սրանք մոտեցումներ են, որոնք ժողովուրդը պետք է վերանայի: Մենք ունենք ԱԺ, որ շատ հետ է գործադիրից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031