Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը իր ծրագիրը մշակելիս մրցակցության պաշտպանության համակարգը «Copy-Paste» է արել Տիգրան Սարգսյանի ծրագրից. «Հայկական ժամանակ»

Մայիս 20,2014 11:48

Կառավարությունը, որքան հասկացանք, «տնտեսական միջավայրի առկա խեղաթյուրումների դեմ կտրուկ եւ հետեւողական քայլեր» է ձեռնարկելու։ Ոգեւորիչ է։ Բայց ինչպիսի՞ քայլեր են լինելու դրանք։ Կարդում ենք ծրագիրն ամբողջությամբ ու գտնում ենք, թե ինչպես։ Այդ նկարագրությունը բերված է «Մրցակցության պաշտպանության համակարգը» գլխում։ Եվ ուրեմն, «Գործարար կարողությունների ազատ դրսեւորումն ու ներդրումների աճն անհնար են առանց արդար մրցակցային դաշտի առկայության։ Հայաստանի Հանրապետությունում գերիշխող դիրքը պարբերաբար չարաշահող խոշոր բիզնեսի կողմից մրցակցության խաթարումը տնտեսության կայուն աճի խոչընդոտներից է։ Առանց մրցակցության ոլորտի արմատական փոփոխության անհնար է ՀՀ կառավարության տնտեսական ծրագրի արդյունավետ իրագործումը»,- արձանագրում է կառավարությունը ու շարունակում. «Այս առումով ՀՀ կառավարությունը նախատեսում է
– էապես ուժեղացնել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավասությունն ու գործիքակազմը՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա.
– իրականացնել հսկողություն մենաշնորհային եւ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեության նկատմամբ եւ կանխարգելել չարաշահումը՝ անպատիժ չթողնելով ոչ մի հակամրցակցային գործողություն.
– վերացնել շուկա մուտք գործելու խոչընդոտներն ինչպես ներքին
արտադրողի, այնպես էլ ներմուծողի համար՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար.
– հայտնաբերել եւ կանխարգելել անբարեխիղճ տնտեսավարողների կողմից սպառողների շահերը վնասելու փորձերը.
– խստացնել վերահսկողությունը համակենտրոնացումների նկատմամբ.
– առանցքային շեշտադրումներ անել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ»։
Եվ վերջ։ Որեւէ ուրիշ ճանապարհ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չի տեսնում։ Կարո՞ղ է արդյոք այս ճանապարհով Հայաստանում հաստատվել «իրական մրցակցություն»։ Տեսականորեն հնարավոր է։ Իսկ գործնականո՞ւմ։ Այս հարցի պատասխանը գտնելու համար նայենք, թե, օրինակ, նախկին՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ինչպես էր ուզում խորացնել մրցակցությունը։ Վերջինիս ծրագրում նույնպես կար «Մրցակցության պաշտպանության համակարգը» գլուխ, որտեղ գրված էր տառացիորեն նույնը, ինչ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած ծրագրում։ Տառացիորեն նույնը, առանց որեւէ ստորակետի փոփոխության։ Եվ ուրեմն ի՞նչ է ստացվում։ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը իր ծրագիրը մշակելիս մրցակցության պաշտպանության համակարգը «Copy-Past» է արել Տիգրան Սարգսյանի ծրագրից։ Իսկ սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը եւս տնտեսական մրցակցություն ասելով հասկանում է Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի գործունեության արգասիք։ Այդ հանձնաժողովը գոյություն ունի արդեն երկար ու ձիգ տարիներ, բայց այս ընթացքում մրցակցության խորացման փոխարեն արձանագրում ենք տնտեսության էլ ավելի կենտրոնացում մի խումբ օլիգարխների ձեռքին։ Միակ բանը, որ այս ընթացքում փոխվել է, կառավարության ծրագրերում մրցակցության պաշտպանության մասին նախադասությունների գեղարվեստական արժեքի փոփոխությունն է։ Կառավարությունները մրցում են, թե ով ավելի գեղեցիկ բառերով կներկայացնի մրցակցության հաստատման անհրաժեշտությունը։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031