Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային դե՞մք ես՝ սովորիր շփվել լրագրողների հետ

Մայիս 20,2014 13:45

Կամ հրաժարվիր քո կարգավիճակից

Վերջերս ընթերցողներից մեկը կարծիք հայտնեց, թե արտասահմանում, իբր, նորմ կա. մինչեւ հարցազրույցը հրապարակելը` անհրաժեշտ է պատրաստի տեքստը ցույց տալ հարցազրույց տվողին, ստանալ նրա «դաբրոն» եւ նոր հրապարակել: Եթե այդպիսի կանոն լիներ, ապա լրագրություն գոյություն չէր ունենա` կլիներ չինովնիկների, քաղաքական գործիչների, պատգամավորների եւ աստղերի PR: Այդ «նորմը» գործում է սովորաբար այն դեպքում, երբ հարցազրույց տվողը տվյալ հեռուստաընկերության կամ կայքի սեփականատերն է: Այդ դեպքում նա կարող է հարցազրույցում թողնել միայն իրեն հարմար հարցերն ու պատասխանները եւ հարթել բոլոր սուր անկյունները: Հաճախ այդպիսի հարցազրույցներն ընթանում են գրավոր ընթացակարգով, եւ ստացվում է կատարյալ անհամություն:

Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի «հարցազրույցները» 2rd.am-ին իրականում հարցազրույցներ չեն, դրանք, ըստ էության, երկրորդ նախագահի հայտարարություններն են տարբեր հրատապ թեմաների շուրջ, որոնք ձեւի համար սկսվում են ինչ-որ հարցից: Մոտավորապես այդպես են վարվում նաեւ առաջին եւ ներկայիս նախագահները, ինչպես նաեւ տասնյակ այլ քաղաքական գործիչներ: Այդ «ժանրը» չի կարող կոչվել հարցազրույց. վերջինս ենթադրում է կենդանի շփում, որի ընթացքում լրագրողը, կախված իր ձիրքից եւ փորձից, պետք է կարողանա կորզել անկեղծ, նոր տեղեկատվություն պարունակող պատասխաններ:

Եթե դու հանրային դեմք ես, ապա պետք է պատրաստ լինես անսպասելի, սուր հարցերին, նաեւ նրան, որ 10-րոպեանոց մենախոսությունից կմնա 2 րոպե, ինչպես նաեւ նրան, որ քո ցանկացած բառ օգտագործելու եւ մեկնաբանելու են ցանկացած ձեւով: Կարող են մատի փաթաթան դարձնել, կարող են կոնտեքստից կտրել: Դա, իհարկե, ծանր է, բայց հակառակ դեպքում դու պիտի հրաժարվես հանրային դեմք լինելու «կայֆերից»: Ընտրությունը քոնն է:
Որքան էլ բացասաբար վերաբերվեմ Վլադիմիր Պուտինին, չեմ կարող չգնահատել նրա մտքի սրությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը ուղիղ եթերում ժամեր տեւող ասուլիսներում: Իհարկե, հարցերն այնտեղ նախապատրաստված են եւ ֆիլտրած, բայց, միեւնույն է, հնարավոր չէ դրանք բոլորն անգիր անել: Արագ կողմնորոշվելու ունակությունը, հավանաբար, գալիս է ՌԴ նախագահի նախկին աշխատանքային փորձից:

Բեմում փորձառու, բայց քաղաքական ասպարեզում «խամ» Շուշան Պետրոսյանը, ԱԺ-ում պատասխանելով չափազանց կոռեկտ լրագրողի միանգամայն բնականոն հարցին, հանկարծ հիշեց, որ լրագրողները նրան վատություններ են արել, որ նրանք պատվեր են կատարում, որ երկու տարի առաջ «Ազատություն» ռադիոկայանը կրճատել է իր հարցազրույցը եւ այլն: Այդ բոլոր պատկերները հանկարծ հայտնվեցին երգչուհու առաջ, եւ նա անկեղծորեն ասաց իր կարծիքը՝ բոլոր լրագրողներն անբարոյական են:

Եթե Շուշանը լիներ որեւէ «ոչ իշխանական» խմբակցությունից, այդ կատեգորիկ, ընդհանրացնող պնդումը թեթեւ կանցներ: Պատգամավորը հետո կբացատրեր, որ նկատի ունի «իշխանության սպասարկու» լրագրողներին, եւ դրանով մնացած լրագրողների մոտ գուցե նույնիսկ դիվիդենդներ կհավաքեր: Բայց երգչուհին դժբախտություն ունի ՀՀԿ-ական լինելու, ինչը ինքնին շատ անհարմար հասարակական դիրք է: Այս դեպքում պետք է տասն անգամ չափել՝ կտրելուց առաջ:

Քանի որ որպես երգչուհի ես Շուշանին բարձր եմ գնահատում, թույլ տամ եւս մի փոքրիկ խորհուրդ. պետք չէ ասել՝ «ինձ նման նվիրյալը»: Ոչ մեկս ինքներս մեզ նման գնահատական տալու իրավունք չունենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031