Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական պաթոլոգիա

Մայիս 20,2014 10:33

Օրը ցերեկով փոխհրաձգությունը զուտ հայաստանյան երեւույթ չէ. նրանք, ովքեր փորձում են դա ներկայացնել որպես տեղական յուրահատկություն եւ մեր երկրի կործանման ցուցիչ, չափազանցությունների մեջ են ընկնում, հավանաբար, քարոզչական նկատառումներով: Աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում նաեւ՝ շատ զարգացած, չափազանց ժողովրդավարական եւ անչափ լեգիտիմ, նույնպես ցերեկը տեղի են ունենում կրակոցներ՝ հաճախ ավելի ողբերգական հետեւանքներով: Հայաստանում էլ է դա պատահում՝ հիշենք թեկուզ 2006 թվականի հունիսի 22-ին Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակի սպանությունը, որի ժամանակ դարձյալ, ցավոք սրտի, պատահական զոհ եղավ:

Քաղաքական խնդիր, այդպիսով, այստեղ չկա: Բայց առկա է շատ լուրջ հասարակական խնդիր: Երբ ինչ-որ մի խելագար ԱՄՆ-ում ինքնաձիգով մտնում է դպրոց եւ կրակ բացում ուսուցիչների եւ երեխաների վրա, մենք գործ ունենք Արեւմուտքում տարածված պաթոլոգիաների հետ: Երբ տարբեր երկրներում քրեական տարրերը փողի պատճառով իրար վրա են կրակում, դա հանրամատչելի կերպով կոչվում է «մաֆիոզ ռազբորկա»: Բայց այս՝ Վերնիսաժի կամ «Տեցի կրուգի» նման միջադեպերը տրամաբանական բացատրություն չունեն. դա հայաստանյան կամ գուցե տարածաշրջանային պաթոլոգիա է:
Յուվեցի Կարոյի փեսայի նման մարդիկ մանիակ մարդասպաններ չեն, մաֆիոզիներ չեն, նրանք պարզապես «լավ տղեք» են՝ «թասիբի մեռած», եւ հանուն իրենց պաթոլոգիկ «սկզբունքների» պատրաստ են ոչ միայն մարդ սպանել, այլեւ ամբողջ մարդկությունը վերացնել: Այդպիսի մի կերպար է նաեւ, օրինակ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը, Սյունիքի նախկին մարզպետը՝ իր ընտանիքով հանդերձ, եւ այլն: Նման միջավայրում զենք պահելն ու գործածելը ինքնահաստատման, իրենց «պապաների» եւ «աներ-պապաների» քրեական ավանդույթների պահպանման միջոց է: Հիշենք, որ 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Յուվեցին, ռազբորկայի մեջ մտնելով ոմն Արթուր Զադոյանի հետ, 5 անգամ կրակել է նրա ուղղությամբ, բայց, բնականաբար, խուսափել է պատասխանատվությունից:

Քաղաքական թեման փակելու համար ասեմ, որ Յուվեցուն որպես ԲՀԿ-ական չեմ ընկալում: Որպես օրենսդիր` նույնպես: Ճիշտ այնպես, ինչպես Կարամելին եւ Շերիֆին` նույն խմբակցությունից, Շմայսին, Թոխմախին կամ Բուռնաշին` ՀՀԿ-ից: Եվ այդպես` շատ-շատերին: Իրենց համար բացարձակապես միեւնույն է, թե ինչ «քվոտա»-ով են խցկվել ԱԺ` իրենց գործերը «դզելու» համար: Ցավալին այն է, որ իրենց պաթոլոգիաները նրանք փոխանցում են հաջորդ սերունդներին:

Ինչ վերաբերում է Վերնիսաժի կրակոցներին, ապա վստահ եղեք` գործը կոծկելու են: Ինչպես Լիսկայի տան մոտ կրակոցների գործը: Ձեւակերպելու են որպես Յուվեցու փեսայի ինքնապաշտպանություն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Ցավոք սրտի Դուք իրավացի եք, նրան կազատեն կամ գուցէ մի կարճ ժամանակահատված անցկացնի բանտում “ինքնահաստատման” համար : Դժվար է ասել ինչ է տեղի ունեցել այնտեղ, բայց յոթ անգամ կրակել անզեն մարդկանց վրա դա ինքնապաշտպանություն չես անվանի:Իսկ մխիթարանքը մնում է այն, որ բոլոր երկրներում էլ կան ստահակներ:

  2. Արա says:

    Ականատեսի «նոր մանրամասները» Վերնիսաժից. ընդդեմ «ջանավարների»

    Դեպքի պահին Վերնիսաժի հարևանությամբ իր փոքրիկի հետ զբոսնող «Հրապարակ»-ի զրուցակիցը պատմել է հետևյալը. «Մոսկվայում ապրող, աշխատող երկու «ջանավար» տղաներ, որոնք, կարծես, մեր շենքում տուն ունեն, սակայն ավտոն կանգնեցնելու տեղ չկար, կանգնեցրին այնտեղ, որտեղից բացվում է մյուս ավտոմեքենաների՝ կայանատեղիից դուրս գալու մուտքը, շենքի ախրանիկն ասաց՝ մի կանգնեցրեք, մարդիկ պետք է դուրս գան, իրենք ասին՝ թող սպասեն, բարձրացան վերև. մոտ կես ժամ չկային։ Այդ ժամանակ Յուվեցի Կարոյի փեսան (որի մյուս եղբայրն էլ Սերվիզի Անդոյի՝ Անդրանիկ Մանուկյանի, փեսան է) ուզում էր դուրս գալ շենքի կայանատեղիից, մոտ կես ժամից «ջանավարները» լիֆտից վերջապես դուրս եկան, ախրանիկն ասաց՝ տեսեք, ես ձեզ ասում էի, էս մարդիկ կես ժամ է՝ ձեզ են սպասում։

    «Բա պտի սպասեն»,– ասին։ Էն Յուվեցու փեսան էլ, թե՝ փոխարեն ներողություն խնդրեք, էդ ինչ եք ասում։ Ու սկսվեց վիճաբանությունը։ «Ջանավար» տղերքը բացել էին մեքենայի դուռը և վերջինիս կնոջ ու երեխայի ներկայությամբ փորձում էին Յուվեցու փեսայի ոտքից քաշելով՝ մեքենայից հանել, այ, էդ ժամանակ էլ Յուվեցու փեսան սկսեց կրակել՝ վիրավորելով անմեղ մարդկանց»։

    «Հրապարակ»-ի տեղեկություններով, դեպքի ողջ ընթացքը տեսանկարահանվել է շենքի անվտանգության համակարգի կողմից, և նկարահանվածը գտնվում է ոստիկանությունում:

    Աղբյուր` Panorama.am

  3. Կարո Մելիքյան says:

    Դժբախտաբար՝ միայն բացասական երեւույթների առումով, մենք ուրիշ երկրներից ետ չենք մնում,
    իսկ դրականի մասով՝միայն պետք է երազենք,կամ էլ արտագախտենք։

  4. Գրիգոր says:

    Պարոն Աբրահամյան, Դուք Ձեր իսկ պնդումը, որ այս դեպքը քաղաքական խնդիր չէ, հոդվածի վեջին մասում հերկում եք, ասելով, որ գործը կոծկելու են…հենց այստեղ է <>:

  5. Արամ says:

    Բայց եթե Արայի գրածի պես ա եղել, Յուվեցու փեսայի արածի վատն էն ա, որուրիշ մարդկանց վրայա կրակել:

  6. Աբո says:

    Մենք «գողականը» սիրող ազգ ենք և դա է՛ մեր դժբախտությունը:Բոլորս փորձում ենք «ճիշտ ու սխալ ջոկել»:Իսկ ինչու՞ ոչ ոքի մտքով չանցավ (շենքի ախրանիկի կամ այդ Կարոյի փեսայի) ոստիկանություն զանգել,որպիսի ոստիկանությունը գար,ճանապարհը փակող ջիպը տաներ տուգանային հրապարակ և մի հատ էլ տուգանեին,ինչպես անում են քաղաքակիրթ երկրներում:
    Որովհետեվ հայաստանում, եթե ոստիկան ես կանչում ուրենմ դու «գործ տվողես» և քեզ ոչ ոք էլ չի հարգի,իսկ այ եթե հանում և կրակում,դանգում,տապոռում ես, այդ դեպքում «դու լավ տղաես»:

    • Արսեն says:

      Որպեսզի կարողանաս զանգել ոստիկանություն, ամենաառաջին պայմանն է՝ ոստիկանության-ոստիկանություն լինելը։ Այսօրվա Հայաստանյան «ոստիկանությունը» ռեժիմի ծառան է, հասարակության անվտանգության հարցերի վրա թքած ունի։ Կենցաղային կոնֆլիկտների հարցերում՝ «գործ կպցնող», «փող շինող» սովորական՝ անդաստիրակ խուլիգանների և սադիստների հավաքատեղի է (ըստ որում՝ դա «ոստիկանության» մեղքը չէ, ռեժիմին հավատարիմ և անվճար սպասարկման «ատկատն» է դա)։
      Եթե ոստիկանությունը «գործ կպցնող է», քո զանգով դու դառնում ես ավտոմատ «գործ տվող»։
      Միտքը ճիշտ է՝ պարտադրանքի մոնոպոլիան պետք է պատկանի միայն պետությանը՝, (հակառակ դեպքում շատ արագ հասարակությունը հայտնվում է ջունգլիում) բայց ինչպիսի պետություն? Եվ դու ունես պետություն? ..)))..
      (նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ հարևանի «հակասովետական մտքերի» մասին «համապատասխան օրգաններին» «ահազանգող» մարդը՝ «օրինապահ», հասարակության անվտանգության մասին անհանգստացող մարդ էր ..))).. )։
      Չկեղծված ընտրություններով իշխանություն ձևավորիր, հասարակության շահերը պաշտպանող պառլամենտ ունեցիր… հետո ոստիկանություն կզանգես։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031