Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտներին պատժում են՝ հեռախոս պահելու համար. «Ինչ այլանդակություն ասես՝ անում էին»

Մայիս 19,2014 23:28

Այսօր Aravot.am-ը Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանից հետաքրքրվեց՝ մարդու իրավունքների խախտում չէ՞սաներին արգելել օգտվել այլ բջջային օպերատորների ծառայություններից եւ պարտադրել գնել Օրանժի քարտ եւ հեռախոսներ:

Նշենք, որ կրթահամալիրի տնօրինությունը հատուկ կարգ է սահմանել աշխատակիցների եւ սաների համար, որ ուսումնական հաստատության տարածքում պետք է օգտվեն միայն Օրանժի քարտերից եւ հեռախոսներից:

«Մենք կորպորատիվ փաթեթ ենք ստեղծում, իրավունք ունե՞նք, ինչպես բոլոր կազմակերպությունները որեւէ բջջային օպերատորի հետ պայմանագիր են կնքում, անվճար փաթեթ ենք ստեղծում»: Մեր դիտարկմանը, որ փաթեթներից օգտվում են շատ կազմակերպություններ, բայց չեն արգելում այլ օպերատորներից օգտվել՝ նա պատասխանեց. «Արգելք չկա: Մեր փաթեթի մեջ մտնում են մեր աշխատակիցները մեկ, մեր սաները եւ սաների հարազատները: Աշխատակիցներից մի մասի համար պարտադիր է: Նրանք են, ում հետ մենք պետք է կապ ունենանք: Մենք իրենց ձրի տալիս ենք քարտը, որի շրջանակներում իրար հետ խոսելն անվճար է: Ուսուցիչների մյուս կատեգորիայի համար ըստ ցանկության է: Մենք շահագրգռված ենք, որ շատերն ուզենան, որովհետեւ այդպես մենք բոլոր ուսուցիչներով իրար հետ անվճար կխոսենք: Մենք հիմա վճարում ենք եւ ամսական հսկայական հեռախոսի ծախսեր ունենք: Ուսուցիչը ծնողի հետ է խոսում՝ վճարում է դրա համար, ինձ հետ է խոսում՝ վճարում է, ես եմ խոսում՝ վճարում եմ: Իսկ այսպես հարցը լուծվում է: Ինչ վերաբերում է երեխաներին, մեզ մոտ 2005-ից արգելվում է հեռախոս օգտագործել: Ամբողջ աշխարհում էլ հեռախոսն ուսանողի ձեռքին ոչ թե որպես հեռախոսակապ է օգտագործվում, այլ՝ իր տեխնիկական միջոցներն են օգտագործում՝ անպարկեշտ լուսանկարներ, իրար հուշում են, տարբեր շպարգալկեք են ուղարկում sms-ներով: Որպեսզի այդ բաներից զերծ մնանք, մենք ժամանակին ընդհանրապես հեռախոսների օգտագործումը ճեմարանի տարածքում արգելեցինք: Տարածքից դուրս ես գալիս՝ խնդրեմ, ինչքան ուզում ես, օգտագործիր: Սկզբում դժգոհություն դա առաջացրեց ե՛ւ ծնողների, ե՛ւ աշակերտների մոտ: Հիմա 10 տարի նրանք համակերպվել են դրա հետ: Կամաց-կամաց այդ մշակույթը մտել է մեջները: Մեզանից մի ամիս հետո Իտալիան որոշում կայացրեց դպրոցներում, ինստիտուտներում հեռախոսներն արգելել՝ նույն պատճառներով: Այդ անպարկեշտ լուսանկարները, դնում էին երեխա էին ծեծում, լուսանկարում էին, վիդեո էին հանում՝ տեղադրում էին youtube-ում,  facebook-ում եւ այլն, ինչ այլանդակություն ասես՝ անում էին»:

Պարոն Ալիխանյանը վստահեցրեց, որ «Օրանժն» ամենաէժան տարբերակն էր առաջարկում, դրա համար էլ հենց այդ օպերատորին ընտրեցին. «Օրանժը համաձայնել է, որ այդ հեռախոսներն ինքնարժեքով՝ 7000 դրամով տա: Եվ ինչն է կարեւոր՝ sms-ները փակում է: Ամսական 500 դրամը աշակերտի համար մենք ենք վճարում: Դրանով մենք շատ շահում ենք, որովհետեւ մեր վճարած 500 դրամներն ավելի էժան է, քան հեռախոսային խոսակցությունների համար որ վճարում էինք՝ ընդհանրապես բոլոր ծնողների հետ խոսելիս Այստեղ զոռովի խնդիր չկա»:

Մեր դիտարկմանը՝ 21-րդ դարում դժվար է պատկերացնել, որ հնարավոր է զերծ պահել աշակերտներին հեռախոսի օգտագործումից՝ նա պատասխանեց. «Ճիշտ եք ասում, բայց մեզ հաջողվել է դա: 10 տարի գիտե՞ք մեզ մոտ ինչ խիստ պատժվում էին երեխաները, որոնք հանկարծ հեռախոս էին բերում եւ բռնվում էին: Մեզ մոտ արմատախիլ էր արված»:

Նա պատմեց, որ հեռախոս օգտագործած սաների դեպքում ծնող են կանչում, ծնողը ամոթալի վիճակի մեջ է ընկնում. «Ընդունելության պայմանագրի մեջ գրված է, որ որեւէ հեռախոս չպիտի բերի: Ինքը խախտում է անում, իսկ 2-3 խախտման դեպքում իրավունք ունենք հեռացնել երեխային»:

Կրթահամալիրի տնօրենը ծայրահեղություն որակեց այն դիտարկումը, որ նույն սկզբունքով վաղը կարող է սննդի հետ կապված սահմանափակումներ մտցնել՝ ասենք, պարտադրել միայն բուտերբրոդներ ուտել կրթահամալիրի տարածքում, որովհետեւ էժան է: Նրա խոսքերով՝ «Ես այսօր մտածում էի՝ մենք, որ գիրք ենք գնում, միշտ «Զատիկ» գրախանութից ենք առնում, հիմա դրա մեջ երեւի կան կոռուպցիոն ռիսկեր, հա՞: Մենք ուղղակի նկատել ենք, որ այնտեղ ավելի էժան է: Եթե այլ օպերատոր մեզ ավելի մատչելի ծառայություններ մատուցի, մենք իրենցից կօգտվենք, բայց սրանից մատչելին էլ ո՞րն է: Հիմա մենք լավ բան  ենք արել, փոխանակ մյուսները ընդօրինակեն, չգիտես ինչու, արժանացանք այդպիսի բանի: Ով ծանոթ է Շիրակացի ճեմարանին, պետք է իմանա՝ կոռուպցիան եւ ճեմարանն այնքա՜ն տարբեր հասկացություններ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    “Կրթահամալիրի տնօրենը ծայրահեղություն որակեց այն դիտարկումը, որ նույն սկզբունքով վաղը կարող է սննդի հետ կապված սահմանափակումներ մտցնել՝ ասենք, պարտադրել միայն բուտերբրոդներ ուտել կրթահամալիրի տարածքում, որովհետեւ էժան է: ”

    Կարծում եմ կրթահամալիրի տնօրենը իրավացի է, իսկ “դիտարկում կատարողը” ծայրահեղ

    համեմատություն է կատարում և չի ուզում ընդունել կամ էլ չի ընկալում, որ “պարտադրանք” կոչեցյալ ինքնին բացասական երևույթի մեջ լիովին դրական գործառույթ է կիրառված:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031