«Պարտադիր բաղադրիչը հնարավոր չի վերականգնել, պարոն Ջավադյան ջան, եթե անգամ փորձ արվի այստեղ նման հակաիրավական նորմ անցկացնել, պայքարն ավելի է թեժանալու: Անընդհատ ստիպում եք, որ այս ամբիոնից այդ թեմայով խոսենք»,- այսօր խորհրդարանի ամբիոնից ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանին դիմեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, այսօր խորհրդարանում ԿԲ նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանին հարցրել էր`ԿԲ բարձր վարձատրվող իրավաբանները երբևէ իրեն զեկուցե՞լ էին, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ օրենսդրությունում հակասահմանադրական դրույթներ կան: Պատգամավորը նաև հետաքրքրվել էր, թե ո՞րն է լինելու կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ ԿԲ դիրքորոշումը: Արթուր Ջավադյանը ԿԲ իրավաբանների վերաբերյալ հարցն անպատասխան էր թողել: Միայն ասել էր, որ վերջին վեց տարիներին ԿԲ-ում աշխատավարձերի բարձրացում չի եղել, ավելին ԿԲ-ն հետ է մնացել բանկային համակարգի աշխատավարձերի բարձրացումից:
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի, ասել էր, որ օրենքում կային բացեր, որոնց վրա ուշադրություն է հրավիրել Սահմանադրական դատարանը, իսկ ԿԲ-ն կփորձի լրացնել այդ բացը: «Պետք է այնպես անենք, որ օրենքի դիզայնը համապատասխանի ՍԴ որոշմանը: Այն հարցին, թե պարտադիր բաղադրիչը լինելո՞ւ է, իհարկե, լինելու է, բայց այլ հարց է, թե ոնց ենք իրականացնելու: Առանց այդ բաղադրիչի այդ օրենքի շարժիչ ուժը կորում է»,- ասաց Արթուր Ջավադյանը: Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր`ասելով, որ Ջավադյանի խոսքերից հասկանում՝ եթե ԿԲ-ն օրենքի դիզայնն է համապատասխանեցնում ՍԴ որոշմանը, ուրեմն օրենքը «տյունինգ է անում»: «Ես չասեցի, որ միայն դիզայնն է փոխվում, և օրենքը շատ քիչ է փոխվում»,- արձագանքել էր Արթուր Ջավադյանը:
Իր ելույթում ՀՅԴ-ական պատգամավորը ԿԲ նախագահին հիշեցրեց, որ ՍԴ որոշմամբ պարտադիր կուտակային բաղադրիչը բնութագրող օրենքի նորմերը ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր: «Պնդել հակասահմանադրական նորմերը պահելու մասին նույն է, թե թույլ տալ հանցագործություն, և ԱԺ ամբիոնից դրա մասին հայտարարել»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա հերթական անգամ մանրամասնորեն նկարագրեց բոլոր այն երեք բաղադրիչները, որով բնութագրվում է պարտադիր բաղադրիչը, ըստ ՍԴ որոշման: «Ինչու՞ եք անընդհատ այստեղից պնդում, որ պարտադիր բաղադրիչը պետք է լինի, և ցանկացած փաստաթուղթ, որն իր մեջ կպարունակի նման արտահայտություն, նշանակում է գնալ հակառակ ՍԴ որոշման, ինչու՞ եք նորից կրքերը լարում, չի կարելի»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ նման հայտարարությունները նշանակում են, որ իշխանությունները չեն ցանկանում, որ ստեղծվի այնպիսի միջավայր, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումները շարունակվեն:
Կարդացեք նաև
«Աղաչանքս է, քանի դեռ կուտակայինի նոր համակարգը չի ձեւավորվել, այս ամբիոնից մի խոսեք դրա մասին»,- եզրափակեց ՀՅԴ-ական պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ