Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեխաներին խոզի լափ են տալիս, դասավանդում 1974 թվականի դասագրքով». ահազանգ գիշերօթիկից

Մայիս 19,2014 20:49

Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների Աբովյանի թիվ 1 հատուկ (գիշերօթիկ ռեժիմով)  դպրոցի ծնողներն ահազանգում են՝ դպրոցում երեխաների նկատմամբ անմարդկային պայմաններ են:

«Ճաշը ոնց որ խոզի լափ լինի: Վերջին անգամ մտել եմ ճաշարան, տեսնեմ՝ բրինձը խաշել են, կաշա սարքել, վրան մի գդալ առանց եփած ձեթ ու պանրի փշուրներ են լցրել:  Դրանից առաջ էլ ձու էին դրել, ահավոր հոտ էր գալիս, էնքան տհաճ հոտ, որ ես Գոռիկին՝ տղայիս, չթողնեմ ուտի: Երեխաների հացը հին էր, ես ձեռք եմ տվել, չոր, կիսել չէր լինում, մի կտոր հացն էլ չորս մասի բաժանած դրել են էդ անհասկացող երեխաների առաջ: Երեխային թողել եմ դպրոց ու լացելով դուրս եկել»,- Aravot.am-ին պատմեց դպրոցի աշակերտ Գոռ Մինասյանի մայրը՝  Հասմիկ Սահակյանը:

Նա արդեն որոշել է երեխային այլեւս չտանել այդ դպրոց, բայց իր երեխային համապատասխան այլ դպրոց էլ չի գտնում.  «Էս մի շաբաթն էլ ավարտեմ, մտածում եմ սեպտեմբերի մասին, սեպտեմբերին լուրջ խնդրի առջեւ եմ կանգնելու՝ ու՞ր տանեմ երեխայիս»:

Դպրոցի նախկին աշակերտ Արման Սարգսյանի մայրն էլ Կարինե Սարգսյանը պատմեց, որ այս տարեսկզբից երեխային հանել է դպրոցից, որովհետեւ դպրոցում խորհրդային բարքեր են՝ խորհրդային տարիների դասագրքեր ու թոշակառու մասնագետներ. «Ոչ մի մասնագետ չկա, լոգոպետն է լավ մասնագետ , բայց չի աշխատում, գալիս է այն ժամանակ, երբ երեխաները տուն են վերադառնում: Հատուկ մանկավարժի աշխատանքը չեմ տեսնում: Երեխայիս տվել են 1974 թվականի մաթեմատիկայի դասագիրք ու մի հնամաշ այբբենարան, էլ ինչ ասեմ հոգեբան չկա, սոցիալական աշխատող չկա: Նկարչության ժամին ուսուցիչը նստում է, երեխաների տեղը ներկում, մոտեցել եմ, ասում եմ՝ տիկին Ստեփանյան լավ եք ներկում, տվեք տղաս ներկի, ասում է, որ առաջին անգամ դպրոց եք գնացել, ուսուցիչը ձեր ձեռքը չի՞ բռնել ու ներկել»:

Ի դեպ, դպրոցի տնօրեն Լյովա Հովհաննիսյանն ինքն էլ է խոստովանում, որ դպրոցի սոցիալական աշխատողը այլ աշխատանքի է տեղափոխվել, իսկ հոգեբանը գործուղման է:

Հասմիկ Սահակյանն էլ նաեւ դժգոհեց, որ երեխաներին երբեմն էլ դայակների փոխարեն դպրոցի պահակն է հսկում. « Մի անգամ էլ երեկոյան գնացի դպրոցից երեխայիս տուն բերեմ, ոչ մի դայակ, մանկավարժ դպրոցում չկար: Պահակն էր՝ փայտը ձեռքին երեխաներին հսկում: Հետո բողոքեցի, թե երեխաներին պահակի՞ հույսին եք թողնում, ասացին՝ զուգադիպություն է եղել»:

Դպրոցի աշակերտների մեկի մայրն էլ՝ Մարիա Շահվալդյանն էլ դժգոհեց մասնագետների պատրաստվածությունից ու ասաց, որ ինքն էլ այլեւս երեխային չի տանի դպրոց, բայց այլընտրանք չունեն.« Երեխաս աուդիզմով հիվանդ է, դպրոցում ոչ հոգեբանը, ոչ հատուկ մանկավարժները տեղյակ չեն ՝ դա ինչ հիվանդություն է, պատրաստված չեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031