Սոնյա Մաթեւոսյանի գործերում մարդիկ իրենց մանկությունն էին տեսնում
Շաբաթ, կիրակի օրերին, «Թանգարանային գիշերվան» մասնակցել են նաեւ մարզերի թանգարանները: Վայոց ձորի Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանը հանգստյան օրերին կազմակերպել էր մարզի ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես: Ինչպես ասում է Երկրագիտական թանգարանի տնօրեն Կամո Սահակյանը, վերջերս ավելացել է թանգարանի այցելուների թիվը, բայց «թանգարանային գիշերներին» ավելի շատ մարդիկ են գալիս: Այս ցուցահանդեսին մասնակցեցին բացառապես մարզի ստեղծագործողներ:
Կամո Սահակյանի խոսքերով, բոլորի գործերը իրենց տեսակով ինքնատիպ են, բայց կան ստեղծագործողներ, որոնց ցուցադրած գործերը բացառիկ են. «Մեզ մոտ ցուցադրվում են Աղավնաձոր գյուղի բնակչուհի Սոնյա Մաթեւոսյանի աշխատանքները, որը ես կասեի չկրկնվող, բացառիկ գործեր են եւ ինքս անձնապես կցանկանայի ունենալ դրանցից ցանկացածը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրենը: Ըստ նրա. «Շատ անգամ բնության գրկում այս բույսերը բոլորս էլ տեսել ենք, բայց չեմ կարծում, որ ինչ-որ մեկի մտքով անցել է չորացված բուսերը ուսումնասիրել եւ բացահայտել նրա չոր գեղեցկությունը»:
Տիկին Սոնյայի խոսքերով , բնության գեղեցկությունը երկար պահպանելու լավագույն ձեւը՝ չորացված տարբերակով ներկայացնելն է, եւ, որպեսզի մարդկանց հաղորդի այդ գեղեցկությունը՝ ստեղծել է չորացված բույսերով կոմպոզիցիաներ:
Տիկին Սոնյայի աշխատանքները հարյուրից ավելին են, մասնագիտական կրթություն չունի եւ ստեղծագործել սկսել է վերջերս:
«Որպես ստեղծագործող՝ բավարարված եմ զգում այն ժամանակ, երբ տեսածս գեղեցկությունը փոխանցում եմ մարդկանց, որի շնորհիվ այդ մարդիկ ավելի ուշադիր են լինում բնության հանդեպ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Սոնյա Մաթեւոսյանը:
Թանգարան այցելած քաղաքացիներից մեկի` Արմեն Ադամյանի խոսքերով, բնության մասնիկներ հանդիսացող այդ գործերի շնորհիվ մարզի բնակիչները մեկ-երկու օր մի պահ կտրվում են իրենց հոգսաշատ առօրյայից: Նրա կարծիքով տիկին Սոնյայի ստեղծագործությունների հավաքածուն, որը ծնվել է, տարատեսակ բույսերից, դրանց միջուկներից ու կորիզներից, պետք է անվանվի «մեր մանկությունը ստեղծագործությունների մեջ», քանի որ, ըստ նրա, ամեն ինչ կապված է գյուղում մեծացած մարդու մանկության հետ.«Ես էլ այստեղ իմ մանկությունն եմ տեսնում՝ իմ մանկության բոլոր սիրելի բույսերը»:Ցուցահանդեսն ուղեկցվում էր «Արմենիան-Վայոց ձոր» մանկական երգչախմբի կոմիտասյան կատարումներով:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ