Մայիսի 18-ին Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ ԱՀԹ երիտասարդաց միությունները ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ նախաձեռնել էին «Խաչի քարոզը» ծրագիրը:
ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ թեմի երիտասարդները Փակ շուկայից մինչև Օպերա ընկած հատվածում շուրջ 300 խաչ և մոտ 3000 խաչի թերթոններ բաժանեցին միկրոավտոբուսների ու ավտոբուսների վարորդներին և ուղևորներին: Վարորդներից շատերը երիտասարդներին տվեցին իրենց մեքենայում կախված աչքուլունքները: Մարդիկ սիրով էին ընդունում նվերը և անգամ հորդորում նման միջոցառումներ հաճախ կազմակերպել:
Ծրագիրը շարունակվելու է Արարատի մարզի ծննդատներ այցելությամբ: Այս շաբաթվա ընթացքում համայնքների հոգևոր հովիվների գլխավորությամբ երիտասարդները կայցելեն ծննդատներ: Քահանաներն այնտեղ մանուկների օրհնության կարգ կկատարեն ու օրհնած խաչեր կնվիրեն, որոնք երեխաները մկրտվելուց հետո կկարողանան կրել:
Հիշեցնենք, որ «Խաչի քարոզը» շարունակությունն է Ս. Հարության տոնի ժամանակ կազմակերպած «Կանթեղներով երթ» ֆլեշմոբի, որի ժամանակ երիտասարդները Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց վառված կանթեղներով ու Հարության շարականներ կատարելով քայլեցին մինչև Հանրապետության հրապարակ ու Խաչի տեսքով կանգնելով՝ երևանցիներին ավետեցին Քրիստոսի Հարությունը:
ԱՀԹ երիտասարդները նախատեսում են «Խաչի քարոզ» ծրագիրը դարձնել ամենամյա:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան