Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերն այլեւս «դոշակի» տակ փող չեն պահում

Մայիս 19,2014 19:22

Անցյալ տարվա ընթացքում պլաստիկ քարտերի քանակը Հայաստանում ավելացել է 18,5%-ով

«Ռուսաստանի տնտեսության վատթարացումն անխուսափելիորեն կանդրադառնա այնտեղ գտնվող հայաստանցի աշխատուժի եկամուտների եւ համապատասխանաբար` ՌԴ-ից ստացումների ծավալի վրա: Մանավանդ, որ հենց ՌԴ-ից է Հայաստան գալիս մասնավոր փոխանցումների առյուծի բաժինը»,-այսպիսի մտահոգություն է հայտնել Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ), որը հրապարակել է իր ուսումնասիրության արդյունքները: Ըստ նույն աղբյուրի, արտասահմանից հայ «գաստարբայտների» դրամային փոխանցումները չափազանց մեծ նշանակություն ունեն արտաքին առեւտրային հաշվեկշռի հսկայական բացասական սալդոն փակելու համար, ինչպես նաեւ սպառողական պահանջարկի խրախուսման եւ ընդհանրապես երկրի տնտեսությունը «պահելու» գործում:

ՀԲՄ ներկայացրած տվյալներով, բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումները 2012թ-ին հատել են $2 մլրդ-ի շեմը, իսկ անցյալ տարվա արդյունքներով` հասնելով գրեթե $2,3 մլրդ-ի, որից $1,7 մլրդ-ից ավել
բաժին է ընկնում Ռուսաստանին: Նախորդ տարվա համեմատությամբ
ընդհանուր աճը կազմել է 2,6%, իսկ միայն Ռուսաստանից՝ 5%:
Համեմատության համար. այս ցուցանիշով ՌԴ-ից հետո ընթացող ԱՄՆ-ից
անցյալ տարի ֆիզանձանց փոխանցումները կազմել են «ընդամենը» $152 մլն:
Ուկրաինայից փոխանցումները կազմել են $18 մլն, Ղազախստանից`$26 մլն:
Ինչ վերաբերվում է հակառակ ուղղությամբ փոխանցումներին, այսինքն՝
Հայաստանից արտասահման, այստեղ, ըստ ՀԲՄ-ի, նկատվում են
անկման միտումներ: Այսպես, 2013թ-ի արդյունքներով արտասահման ուղղված
տրանսֆերտների ընդհանուր ծավալը նվազել է 1,7%, կազմելով $847 մլն, իսկ միայն Ռուսաստան՝ 6,3%, կազմելով $235 մլն:

ՀԲՄ-ն նկատել է, որ այս տարվա սկիզբը դեռեւս խնդիրներ չի առաջացրել, Հայաստանի համար: 2014թ. հունվարին, որը, այսպես ասած, ամենաառատաձեռն ամիսը չէ աշխատանքային միգրանտների համար, ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզանձանց անունով ոչ առեւտրային նպատակներով ստացվել է ավելի քան $99,6 մլն, ինչն այդուհանդերձ 19,6%-ով ավելի է անցյալ տարվա
համապատասխան ցուցանիշից:

Հայաստանի բանկերի միությունը նաեւ պարզել է, որ մեր քաղաքացիները, որոնք ավանդաբար գերադասում էին «քեշ»-ը, այսինքն՝ ռեալ փողը գրպաններում, հետզհետե հրաժարվում են այդ կարծրատիպից` նախապատվությունը տալով պլաստիկ քարտերին, այսպիսի տվյալներ է ներկայացրել Հայաստանի բանկերի միությունը: Համաձայն միության հրապարակած թվերի, վճարային քարտերի քանակը Հայաստանում վերջին 7 տարիների ընթացքում 209 հազարից ավելացել է,
հատելով 1,5 մլն-ի սահմանագիծը: Միայն անցյալ տարվա ընթացքում պլաստիկ քարտերի քանակը Հայաստանում ավելացել է 18,5%, եւ աճի ամենամեծ դինամիկան ցուցադրել են Visa-ն (25,2%) եւ ArCa-ն (17,7%):

Ըստ նույն աղբյուրի, բոլոր տեսակի քարտերով գործարքների ընդհանուր
քանակը 2006թ-ի վերջի դրությամբ 3 մլն-ից 2013 թվականի դրությամբ հասել է 20,5 մլն-ի:

Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանում գործող առեւտրային բանկերի
հաճախորդների քանակը 763 հազարից աճել է, հասնելով գրեթե 1,9 մլն՝ 2013թ-ի արդյունքներով: Միայն անցյալ տարվա ընթացքում
բանկերի հաճախորդների թիվն ավելացել է 285,5 հազարով (կամ 17,6%), այդ
թվում ֆիզիկական անձանց՝ 281,8 հազարով (կամ 18,2%), իրավաբանական
անձանց՝ 3,7 հազարով (կամ 5,1%):

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031