«Էյ Թի Փի» ԲՀ-ը պաշտոնապես մեկնարկեց իր 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որը տեղի ունեցավ Կալիֆոռնիայի Սան Մարինո քաղաքի Հանթինգթոն գրադարանի բուսաբանական այգու և «Art Collection» պատկերասրահի փարթամ այգիներով շրջապատված տարածքում: Կազմակերպության հիմնադիր Քարոլին Մուգարին էին միացել երկարամյա գործընկերներ և համակիրներ` նշելու Հայաստանի բոլոր անկյուններում կանաչապատման աշխատանքներ իրականացնելու և երկրում բնապահպանական գիտակցությունը բարձրացնելու «Էյ Թի Փի»-ի 20-ամյա գործունեությունը:
Արվեստի պատկերասրահի լոջիայում կոկտեյլի հյուրասիրությունից և «South Terrace»-ում ընթրիքից հետո բացման խոսքով հանդես եկավ Օբամայի վարչակազմի ավագ պաշտոնյա Մաթ Բողոսյանը: «Էյ Թի Փի» ԲՀ-ը ստեղծում է աշխատատեղեր, որոնք նպաստում են երկրագնդի կայուն զարգացմանը` մասնավորապես համատեղելով մարդկանց, երկրագնդի և շահույթի կարևորությունը»,- նշեց նա:
Բողոսյանը, ով խթանում է կայունացման ծրագրերը և մշակում աղտոտման կանխարգելմանն ուղղված քաղաքականություն Օբամայի վարչակազմում, նշեց կլիմայի գլոբալ փոփոխության նվազեցման մեջ «Էյ Թի Փի» ԲՀ-ի դերը` ասելով. «Այս հիմնահարցում դուք առաջատարներից եք և Ձեր կատարած աշխատանքները կարող են կիրառվել որպես մոդել` այլ երկրներին ցուցադրելու համար, թե ինչպես պետք է իրականացնել անտառվերականգնման աշխատանքներ և ներկայացնել լուծումներ` կապված գլոբալ ճգնաժամի հետ: «Էյ Թի Փի» –ն կարող է նաև օրինակ ծառայել աշխարհը փրկելու գործում»:
Իր ելույթի ժամանակ Մաթյու Քարանյանը, ով Հայաստանի և Արցախի մասին ‘The Stone Garden Travel Guide” ճանապարհորդական ուղեցույցի հեղինակն է, խոսեց այն դրական ազդեցության մասին, որը «Էյ Թի Փի»-ն ունի Հայաստանի տնտեսության և էկոլոգիայի վրա: «Անտառավերականգնումը այնքան էլ դյուրին գործ չէ, որքան ծառ տնկելը: Մեկ անգամ, եթե անտառը հատվում է, այնուհետև շատ դժվար է լինում վերականգնել նրա կենսաբազմազանությունը»,- նշեց Քարանյանը` ավելացնելով. «Ծառատունկ ծրագիրը գիտակցում է դա և այդ իսկ պատճառով ավելին է անում, քան ծառ տնկելը: Այն նաև կրթում է, թե ինչպես կայուն կառավարել և պահպանել այն ծառերը, որոնք մենք ունենք»:
Պատվավոր հյուրերի շարքում էին ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին քարտուղար և պաշտպանության նախարարի օգնական Փոլ Իգնատիուսը և մրցանակակիր լրագրող և հեղինակ Մարկ Արաքսը:
Կազմակերպության հիմնադիր Քարոլին Մուգարը, ով երկար տարիներ պայքարում էր սոցիալական փոփոխությունների համար, նշեց նաև «էյ Թի Փի»-ի մարդկային գործոնը: Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց հազարավոր ընկերներին, ովքեր օգնել էին հիմնադրամին գյուղական վայրերում աղքատության և գործազրկության դեմ պայքարում ` ստեղծելով 3 տնկարան, կանաչ տարածքներ և պտղատու այգիներ:
«Այս ծրագիրը վերաբերում է Ձեզ բոլորիդ, ինչպես նաև Հայաստանում ապրող մեր ժողովրդին: Դուք չեք պատկերացնում, թե որքան ջանքեր են պահանջվում այս բոլորը իրականացնելու համար»,- ասաց նա:
Նա հյուրերին հրավիրեց այցելել «էյ Թի Փի» ԲՀ-ի տարբեր տեղամասերը և ծանոթանալ ծրագրերին: «Ականատեսը եղեք այդ ամենին: Այցելեք մեր տնկարաններ, կրթական կենտրոններ և տնկման վայրեր և ծանոթացեք այն մարդկանց հետ, ովքեր իրականացնում են այս աշխատանքը ողջ Հայաստանի և Արցախի տարածքում: Խնդրում ենք նախապես կապ հաստատել մեզ հետ, եթե ցանկություն ունեք գնալու, քանի որ բոլորը պետք է դա անեն»,- նշեց տիկին Մուգարը:
Միջոցառման ավարտին Մուգարը ավելացրեց. «Էյ Թի Փի-ն ավելին է քան հասարակական կազմակերպությունը: Մեր կարգախոսն է երբեք չհանձնվել»:
1994թ-ից մինչ այժմ «էյ Թի Փի»-ն 41 տնկման սեզոնի ընթացքում տնկել է ավելին քան 4.4 միլիոն ծառ, հիմնադրել է 3 տնկարան և 2 բնապահպանական կրթական կենտրոն, կանաչապատել գյուղերի, եկեղեցիների, այգիների, պուրակների և առհասարակ Հայաստանի տարբեր վայրերը: Այս ընթացքում կազմակերպությունը աշխատատեղեր է ստեղծել հարյուրավոր մարդկանց համար, ինչպես նաև ապահովել կենսական նշանակություն ունեցող ռեսուրսներով:
«Էյ Թի Փի» ԲՀ