«Հովիկ Աբրահամյանին մի քիչ ավելի շատ կհաջողվի 10-15 տոկոս ավելին ստվերից բերել օրենքի դաշտ, քան դա անում էր Տիգրան Սարգսյանը, քանի որ Հովիկ Աբրահամյանը այդ լեզվին տիրապետում է, գիտի, թե այդ խոշոր գործարարների հետ ինչ լեզվով է պետք խոսել»,-այսօր խոսելով նոր կառավարության մասին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Այս հայտարարությունից քիչ անց Aravot.am-ը պարոն Իգիթյանից հետաքրքրվեց՝ այդ ի՞նչ լեզվի մասին է խոսքը, որին տիրապետում է Հովիկ Աբրահամյանը: Պարոն Իգիթյանը պատասխանեց՝ հիշելով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Տիգրան Սարգսյանը տնտեսագետ է, ֆինանսիստ և այդ ոլորտի մեծ փորձ ունեցող, տնտեսական կրթություն ունեցող մարդ: Իհարկե, դա շատ քիչ է վարչապետ լինելու համար, բայց Տիգրան Սարգսյանին ասում էին, թե այս ոլորտը քեզ, գիտելիքներդ կիրառիր, բայց այն ոլորտները, որոնք պատկանում են այս կամ այն օլիգարխին, մոտիկ չգնաս»:
Հովիկ Աբրահամյանի պարագայում ըստ պարոն Իգիթյանի՝ այլ է. «Ինձ թվում է Հովիկ Աբրահամյանին ավելի մեծ քարտ բլանշ են տվել: Նույն պայմանը, ինչ դրել էին Տիգրան Սարգսյանի առաջ, Հովիկ Աբրահամյանի առաջ չեն դրել: Հովիկ Աբրահամյանն ավելի շատ է տեղեկացված իր ընկերներից, կամ գործընկերներից, որոնց ինքը դու-ով է դիմում, նրանք էլ իրեն, նրանց բիզնեսից, և իրեն ավելի հեշտ կլինի մեկ-մեկ կամ խմբովի կանչել նրանց ու ասել, թե դու բյուջե մուծում ես այսքան, պետք է մեր «ախպորն» այսքանով օգնես»:
Պարոն Իգիթյանն ասաց, թե նման կերպ է կարծում, քանի որ «այլ նոր լծակ Հայաստանում չի տեսնում, ոչ օրենքն է փոխվել, ոչ հակակոռուպցիոն մարմին ստեղծվել»: Այնուհետև շարունակեց. «Մի կողմից խաթրով Հովիկ Աբրահամյանը պիտի խնդրի իր կոլեգաներին, մյուս կողմից չեմ բացառում, որ ինքը պետական մեքենային բնորոշ պատժիչ միջոցների պետք է դիմի, եթե իր ընկերները չլսեն իր խոսքը: Խաթրով չի կարելի կառավարել, դա բոլորը հասկանում են, և երևի թե Հովիկ Աբրահամյանը հնարավորություն կունենա ցույց տալ իր պետական ատամները»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մինչեւ ինքն իրենից չսկսի՝«սայլը» տեղից շարժվողը չի։