Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արագածոտնի մարզի Կոշ համայնք կատարած այցի ընթացքում այցելելով Կոշի հիմնանորոգված մանկապարտեզ և ծանոթանալով նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծված պայմաններին, նրանց բժշկական հսկողությունն ու սպասարկումն ավելի լավ կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնարարել էր օժանդակել մանկապարտեզի բուժկետի հագեցմանը։ Նույն օրն ևեթ նախարարությունից Կոշի մանկապարտեզ են տեղափոխվել առաջին օգնության համար անհրաժեշտ մեծաթիվ դեղեր, բժշկական նշանակության պարագաներ, այդ թվում` հասակաչափ, կշեռք, ինչպես նաև սեղան և աթոռ։
Վարչապետի մեկ այլ հանձնարարությամբ ընթացքի մեջ է Կոշի «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոնում մտավոր, հոգեկան, շարժողական խանգարումներ ունեցող երեխաների վերականգնողական ծառայությունները նախարարության ծրագրերում ընդգրկելու գործընթացը:
Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն